Նոյեմբերի 17-ին՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ, ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի Մշակույթ և ազատ ժամանց հանձնաժողովը «Մշակութային Զարկ» նախաձեռնության շրջանակում կազմակերպել էր լայնածավալ միջոցառում՝ «Սեր-բուհ-ուսանող». խորագրով։
Օրը հագեցած էր ստեղծագործական, կրթական և ժամանցային բազմաբնույթ ծրագրերով։
Առաջին հատվածում տեղի ունեցավ ապագա բժիշկների ստեղծագործությունների նկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները։ Այնուհետև՝ մեկնարկեց «Սիրտ» ստեղծարար workshop-ը, որը մասնակիցներին հնարավորություն տվեց բացահայտելու նոր հմտություններ և ներգրավվելու ստեղծագործ միջավայրում։
Պաշտոնական մեկնարկը տրվեց կանաչներում՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով:
«Դուք ձեր կյանքի ամենավառ շրջանում եք գտնվում, վայելում եք ձեր ամենագեղեցիկ տարիները: Հավատացնում եմ ձեզ, որ այս տարիները դուք միշտ հիշելու եք առանձնահատուկ ջերմությամբ: Դուք արագ եք մեծանում, բժշկական համալսարանի ուսանողները, ավաղ, նաև շուտ են հասունանում, շուտ են պատասխանատվություն զգում: Ես սրտանց ուզում եմ, որ բացի ձեր պատասխանատվության զգացողությունից, որով մենք 365 օր ձեր շատ խստորեն փորձում ենք ձևավորել, այսօր թոթափեք այդ ամենը, ուրախացեք ինչպես կարող եք: Ցանկանում եմ ձեր աչքերի մեջ տեսնել միայն երիտասարդության ավյուն, ուրախություն, երջանկություն: Բժշկական համալսարանը առանձնահատուկ շնորհավորում է ձեզ»,-նշեց բուհի ղեկավարը:
ՈՒԽ նախագահ Միշել Քոչարյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ ընդգծելով, որ ուսանողությունը բուհի սիրտն է, իսկ բուհը այն տանիքն է, որը համախմբում է բոլորին։ Նախապես սահմանված նոմինացիաների շրջանակում պարգևատրվել են «Լավագույն ուսանող» մրցույթի չափանիշներին համապատասխան երեք ուսանող, մարզական հաջողություններ ունեցող երեք ուսանող, ինչպես նաև նկարչական մրցույթում հաղթած մեկ ապագա բժիշկ։
Երեկոյի երաժշտական մասն ապահովեց DJ Վակցիան՝ բարձր տրամադրություն և անմոռանալի պահեր պարգևելով ուսանողներին: