Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում. ԱՀԿ

Սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում։ Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան մեկ միլիոնով` 2022թ.-ին հասնելով 8 միլիոնի:

Ներկայումս սիֆիլիսի համաճարակային իրավիճակի զգալի վատթարացում է դիտվում ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում։ Հայտնի է, որ այժմ ԱՄՆ-ում սիֆիլիսով հիվանդացությունը վերջին 70 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա է: 2022թ. դեպքերի թիվն աճել է 17%-ով, որը 7 անգամ գերազանցում է քսան տարի առաջվա ցուցանիշը:

Հայաստանում նույնպես նկատվում է կյանքում առաջին անգամ հաստատված սիֆիլիսի սուր և քրոնիկ դեպքերի թվաքանակի աճ: 2014թ.-ին հաստատված դեպքերի թիվը կազմել է 50,  2019թ.-ին՝ 110, իսկ 2023թ.-ին՝ 710, այսինքն՝ դեպքերի թիվը վերջին 5 տարվա ընթացքում ավելացել է շուրջ 85%-ով, իսկ 10 տարվա ընթացքում՝ 93%-ով: Հարկ է նշել որ  2023թ.-ին արձանագրված դեպքերից  7-ը գրանցվել է 0-14 տարեկան երեխաների խմբում, 9-ը` 15-17 տարիքային խմբում, 150-ը` 18-24 տարիքային խմբում, 337-ը` 25-49 տարիքային խմբում և 207-ը` 50 և բարձր տարիքային խմբում:

Այս տարի սեպտեմբերին Տուվայի հանրապետությունում դպրոցականների մոտ ախտորոշվել է սիֆիլիսի 19 դեպք: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դեռահասների շրջանում դեպքերի մեծ մասը կապված է սեռական ճանապարհով վարակի փոխանցման հետ։

Վերջին տարիներին Ռուսաստանում նկատվում է սիֆիլիսով հիվանդացության աճ,  ինչը բացառություն չէ նաև Տուվայի Հանրապետությունում: Անցած տարի դպրոցականների շրջանում արձանագրվել է սիֆիլիսի 10 դեպք, իսկ այս տարի դեպքերը գրեթե կրկնապատկվել են՝ 19 դեպք։ Այս տվյալները լուրջ մտահոգություն են առաջացնում ինչպես բժիշկների, այնպես էլ ծնողների շրջանում, քանի որ սիֆիլիսը վարակիչ հիվանդություն է, որը ժամանակին չբուժվելու դեպքում կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Այս տարվա 8 ամիսների ընթացքում Տուվայի բնակիչների մոտ հայտնաբերվել է սիֆիլիսի 123  դեպք, նրանցից 35-ը՝ 18 տարեկանից ցածր տարիքային խմբում։ Կարևոր է նշել, որ հիվանդներից 14-ը ուսանողներ են, 19-ը` դպրոցականներ, որոնց հիմնական խնդիրը անբավարար սեռական դաստիարակությունն է: Ցավոք վարակվել են նաև մինչև վեց տարեկան երկու երեխա` կենցաղային իրերի միջոցով, ինչը բավականին անհանգստացնող է:

Բժիշկներն ընդգծում են, որ դեպքերի մեծ մասը հայտնաբերվել են կանխարգելիչ հետազոտությունների արդյունքում։ Վերջինս փաստում է կանոնավոր բժշկական զննումների կարևորությունը՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու համար: Հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ միայն 5 քաղաքացի է ինքնուրույն դիմել բժշկական օգնության:

Հանրապետական ​​մաշկավեներաբանական դիսպանսերի մասնագետները նշում են, որ միայն բժիշկների աշխատանքը բավարար չէ։ Կարևոր հանգամանք է սեռական դաստիարակությունը, որը պետք է սկսվի ընտանիքում: Շատ դեռահասներ ամաչում կամ վախենում են քննարկել իրենց խնդիրները ծնողների հետ, ինչը դժվարացնում է հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը:

Ուստի անհրաժեշտ են կանոնավոր դասախոսություններ և կանխարգելիչ զրույցներ՝ իրազեկելու դեռահասներին անվտանգ սեռական հարաբերությունների կարևորության և սեռական ճանապարհով վարակման հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Կրթությունն այս ոլորտում պետք է լինի մատչելի և պարզ, որպեսզի դեռահասները կարողանան ազատորեն քննարկել իրենց մտահոգությունները և հարցերը:

Սիֆիլիսով հիվանդացության ընդհանուր աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնությունում՝ 2023թ.-ի հիվանդացության ցուցանիշը  բարձրացել է 71%-ով։

Փորձագետները Ռուսաստանում սեռավարակների բարձր հաճախականությունը բացատրում են միգրացիոն հոսքերով, 2023թ.-ի սիֆիլիսի դեպքերի 39%-ը հայտնաբերվել է միգրանտների մոտ: