Բժշկական բուհի շրիլանկացի ուսանողները նշեցին Հարավային և Հարավարևելյան Ասիայի Արևային ամանորը։
Ավանդական Նոր տարին Հարավային և Հարավարևելյան Ասիայի շատ մշակույթներում սովորաբար տոնվում է ապրիլի 14-ին:
Հանդիսավոր միջոցառմանը Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ուսանողներին փոխանցեց ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորանքները։ «Մեր համալսարանում սովորում են ուսանողներ 33 երկրից։ Տարբեր ժողովուրդներ տարբեր ժամանակահատվածներում են նշում Նոր տարին, սակայն կարևոր է, որ Նոր տարին իր հետ բերում է նոր հույսեր, նոր ծրագրեր։ Եթե դուք ժամանել եք Երևան և սովորում եք մեր բուհում, ուրեմն իրականացրել եք ձեր մեծ հույսերից մեկը՝ բժիշկ դառնալու և պիտանի լինելու ձեր ժողովրդին։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դուք լավ մասնագետներ դառնաք», – ընդգծեց պրոռեկտորը՝ հավելելով, որ ուսանողները կդառնան Հայաստանի և Շրի Լանկայի միջև առաջին կամուրջը։
Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանն արդեն 2 տարի աշխատում է Շրի Լանկայից ժամանած ուսանողների հետ։ «Պետք է ասեմ, որ հպարտ եմ իմ շրիլանկացի ուսանողներով։ Ձեր ակադեմիական առաջընթացը զգալի է։ Մաղթում եմ, որպեսզի դուք մասնագիտորեն կայանաք խաղաղությամբ լի աշխարհում, իսկ ձեր ճանապարհին միշտ կանաչ լույս լինի», – շեշտեց դեկանը։
Օտարերկրացիների ուսուցման դեկանատի փոխդեկան Խաչատուր Մարգարյանը հիշեց․ «Պրոռեկտոր Երվանդ Սահակյանի հետ մենք ստանձնեցինք անձնական պատասխանատվություն ձեր ապագայի հանդեպ, երբ դուք դեռ դիմորդներ էիք։ Հուսով եմ, որ ապագայում մենք կհպարտանանք ձեզնով ոչ միայն որպես ԵՊԲՀ ուսանողներ, այլև որպես բժիշկ-գործընկերներ Շրի Լանկայում»։
Օտարերկրացիների ուսուցման դեկանատի փոխդեկան Մերի Մխիթարյանի խոսքով՝ շրիլանկացի ուսանողները նոր որակ հաղորդեցին բժշկական համալսարանին։ «Դուք շատ աշխատասեր ու հարգալից եք։ Ուրախ եմ, որ դուք ԵՊԲՀ ուսանողներ եք», – ավելացրեց նա։
Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթհին գոհունակություն հայտնեց 100-ամյա պատմությամբ հարուստ համալսարանում շրիլանկացի ուսանողների առկայությամբ։ «Այժմ դուք այստեղ ձեր երկրի դեսպաններն եք, իսկ ավարտելուց և ձեր երկիր վերադառնալուց հետո դուք լինելու եք բժշկական համալսարանի և Հայաստանի դեսպանները ձեր երկրում», – նշեց նա։
Շրիլանկացի ուսանողներին շնորհավորեց նաև Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը․ «Ուսանողների միջև կապը շատ կարևոր է մեզ համար, մենք փորձում ենք այն միշտ ամուր պահել»։
Տոնական միջոցառումն ուղեկցվեց ազգային գեղեցիկ կատարումներով և ամփոփվեց ավանդական երգով։