Բժշկական համալսարանում անցկացվեց սիրտ-թոքային վերակենդանացման և ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորների կիրառման հմտությունները զարգացնելու նպատակով վերապատրաստման հերթական Basic Life Support (BLS) դասընթացը:
Դասընթացը նախատեսված է ոչ միայն բժշկական կրթություն ունեցող, այլև այլ մասնագիտություն ունեցող անձանց, կամավորներին:
Հայաստանում տարեկան գրանցվում է սրտի կանգի 3000-5000 դեպք: Հիվանդանոցից դուրս տարեկան 1000 մարդ է մահանում սրտի հանկարծակի կանգից: «Հենար» և «Ֆիլիպս» հիմնադրամները Երևանի քաղաքապետարանի հետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև ՀՀ առողջապահության և ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության նշանակալի աջակցությամբ մեկնարկել են պաշտպանված սրտի քաղաք նախաձեռնությունը:
Նախագիծը հնարավորություն է ընձեռում նվազեցնել սրտի հանկարծակի կանգի դեպքում մահվան հավանականությունը՝ տալով հնարավորություն ավելի շատ կյանքեր փրկել: Նախագիծը մեկնարկում է Երևանի փոքր կենտրոնից միմյանցից ոչ ավելի քան 300 մետր ավտոմատացված արտաքին դեֆիբրիլատորների տեղադրմամբ: Սա կլինիկական հեռավորություն է, որը թույլ է տալիս կենտրոնի ցանկացած կետում գտնվող կամավորին վերցնել դեֆիբրիլյատորը ոչ ավելի քան 6 րոպեի ընթացքում:
Դասընթացի ընթացքում կամավորները ծանոթացան աշխատանքների հիմնական շղթային՝ վաղ ճանաչում և օգնության կանչ, արագ արձագանք արտակարգ իրավիճակին, վաղ սիրտ-թոքային վերակենդանացում, կրծքային սեղմումների անմիջական կատարում, վաղ դեֆիբրիլացիա–AED-ի օգտագործում սրտի ռիթմի վերականգնման նպատակով:
Եթե դուք հայտնաբերել եք անգիտակից մարդու համոզվեք ձեր ու ու տուժածի անվտանգության մեջ, ստուգեք տուժածի արձագանքը` թափ տալով ուսերը: Գնահատեք գիտակցությունը, եթե այն բացակայում է կանչեք Շտապբուժօգնություն: Օգտագործեք հեռախոսի բարձրախոսը կամ տվեք հստակ կարգադրություններ շրջապատի մարդկանցից մեկին: Ստուգեք շնչառությունը` ոչ առավել քան 10 վ: Անհապաղ սկսեք կրքավանդակի սեղմումները՝ րոպեում 100-120 սեղմում արագությամբ: Շարունակեք կրծքավանդակի սեղմումները, մինչև կստանաք ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատոր կամ կժամանի Շտապբուժօգնությունը, կամ տուժածը կսկսի արձագանքել կամ շնչել:
Հավելենք, որ վերապատրաստման դասընթացները պարբերաբար անցկացվում են նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել թե ինչպես կատարել սիրտ-թոքային վերակենդանացում և օգտագործել դեֆիբրիլյատոր: Վերապատրաստված կամավորները կենսական նշանակություն կունենան կյանքեր փրկելու գործում: