Պրոֆեսոր Սպարտակ Գամբարովի ծննդյան 80-ամյակին նվիրված` հունիսի 29-ին ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ «Ալերգիկ հիվանդությունների արդի խնդիրներ» թեմայով գիտաժողովը:
Պրոֆեսոր Գամբարովը շուրջ 20 տարի ղեկավարել է ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնը, 250-ից ավելի աշխատանքի՝ հոդվածների, թեզերի և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է: Անվանի բժիշկ-գիտնականի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում ալերգոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետները հանդես եկան զեկույցներով:
ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի իմունոլոգիայի և ալերգոլագիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանը ներկայացրեց «Ալերգիկ ռինիտ, սինուսիտ, պոլիպոզ. ժամանակակից բուժման մեթոդները» թեմայով զեկույցը: Նրա գնահատմամբ` անցկացված միջոցառումը հետաքրքիր էր, արդի թեմաներով լեցուն և ամենակարևորը` նպատակ ուներ հիշելու և մեծարելու ավագ կոլեգայի, ուսուցչի հիշատակն ու տարեդարձը: Մարդու, ով կանգնած է մեր երկրում ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կայացման ակունքներում:
Հաջորդաբար համալսարանական հիվանդանոցի բժիշկներն իրենց զեկույցներով անդրադարձան ոլորտի արդի խնդիրներին, իսկ կլինիկական օրդինատորները ներկայացրին հետաքրքիր և բարդ կլինիկական դեպքեր: Գիտաժողովը սպասված միջոցառում էր, հատկապես, ալերգոլոգների, իմունոլոգների, ինֆեկցիոնիստների, մաշկավեներաբանների, թոքաբանների, թերապևտների, ընտանեկան բժիշկների, քիթ-կոկորդականջաբանների և մանկաբույժների համար: Այն ներկայացված էր ՇՄԶ կրեդիտավորման: