Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկել է 4-րդ միջազգային «Երևանյան սրտանոթային սիմպոզիումը», որը համախմբել է Հայաստանի և արտերկրի առաջատար սրտաբանների ու սրտանոթային ոլորտի մասնագետների։ Սիմպոզիումի շրջանակում անցկացվում է նաև հայ-գերմանական համատեղ հանդիպում՝ միջազգային մասնագիտական համագործակցության և փորձի փոխանակման ընդլայնման նպատակով։
Գիտաժողովի հիմնական թեման սրտային անբավարարությունն է։ Ծրագրում ընդգրկված են սրտային անբավարարության կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, կլինիկական ուղեցույցների նորությունները, ինչպես նաև հիվանդության կառավարման տարբեր փուլերին վերաբերող արդի ռազմավարությունները։
Ողջունելով սիմպոզիումի մասնակիցներին` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նկատեց. «Այսօր բժշկական մայր բուհի տանիքի ներքո մենք քննարկում ենք ամենաարդի հարցերը` սիրտանոթային հիվանդություններից մահացությունը, հաշմանդամությունը և առհասարակ առողջապահական բեռի թեթևացումը: Այս խնդիրն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ առաջին տեղում: Առանձին եվրոպական երկրներում հաջողվել է սա նվազեցնել: Հայաստանի Հանրապետությունում բոլորս տեղյակ ենք` ինչպիսի պրոցեսներ են գնում. առողջապահական հաջողություններն օրինակելի են դառնում շատ երկրների համար, մասնավորապես` որակին վերաբերող հարցերը, խոսքը վերաբերում է կրեդիտային և ֆիզիկական լիցենզավորման հարցերին, հարթակների բարելավմանը: Մատչելիության հետ կապված կարևորագույն բարեփոխում էր համընդհանուր ապահովագրությունը, որը կտրուկ փոխեց առողջապահական պատկերը: Այս ամենն, իհարկե, պարտադրում է, որ ցուցանիշները համահունչ լինեն եվրոպական ցուցանիշներին: Այսինքն` փոփոխությունները, որոնք իրականացվում են այսօր կազմակերպչական ոլորտում, անշուշտ, պետք է արտացոլվեն նաև այն ցուցանիշներում, որոնք մենք քննարկում ենք դիսերտացիոն աշխատանքներում, հոդվածներում, կոնֆերանսների ընթացքում: Բայց հավատացնում եմ ձեզ. աշխարհի որևէ երկիր չի կարող, ամբողջական ռեսուրսն օգտագործելու պարագայում նույնիսկ, այս հարցը լուծել, եթե չկարողանանք, բացի կազմակերպելուց, նաև բնակչության հետ պարզ փոխհարաբերվել և ներկայացնել հիմնախնդիրները»:
Հիմնախնդիրների շարքում բուհի ղեկավարն առանձնացրեց ծխելու դեմ պայքարը, ավելորդ քաշի հետ կապված խնդիրները, հիպերտենզիան: 70 տարեկանից հետո, նրա խոսքով, մոտավորապես ամեն 5-րդն ունի այս խնդիրները:
«Ուրախ եմ, որ երևանյան այս սիմպոզիումը հիմնականում նվիրվելու է սրտային անբավարարության վերլուծություններին: Լայնածավալ մասնակցում են ամբիոնները, ուսանողները, ռեզիդենտները, ինչպես նաև Գերմանիայից, Իսպանիայից, Վրաստանից ժամանած աշխարհահռչակ մասնագետները: Փորձի փոխանակումը և արդեն շուրջ 100 տարի ժողովրդի թիկունքին կանգնած ամուր հարթակը, ի դեմս բժշկական համալսարանի, կարող է դառնալ կամուրջ` խնդիրները վերհանելու և հաջողություններով կիսվելու, ինչպես նաև դժվարություններն անթաքույց ներկայացնելու համար», – շեշտեց Արմեն Մուրադյանը` սիմպոզիումին մաղթելով արգասաբեր և արդյունավետ աշխատանք:
«Ինձ համար մեծ ուրախություն է մասնակցել արդեն 4-րդ նմանատիպ կոնգրեսին: Կառավարության համար սրտանոթային հիվանդությունների կանխարգելումը և դրանց բուժումը առաջնահերթություն է, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանում սրտանոթային հիվանդությունների մահացության դերը զբաղեցնում է առաջին տեղը և տարեկան հազարավոր կյանքեր է տանում: Այս մասով շատ մեծ ճանապարհ ենք անցել և վերջին տարիների թե՛ ենթակառուցվածքների ներդրման մասով, թե՛ մասնագիտական հանրույթի զարգացման մասով, և թե՛ ծառայությունների հասանելիության մասով շատ մեծ աշխատանքներ է իրականացվել, ինչի արդյունքում մենք ունենք մահացության կրճատում, սա ամենակարևոր ցուցանիշներից մեկն է»,-ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է նվազեցնել ռիսկի ֆակտորները, որոնք դեռ մեր հանրապետությունում շատ տարածվածություն ունեն. ծխախոտի օգտագործումը, քաշի ավելորդ խնդիրները, սխալ սննդակարգը.
«Սրանք դժվար փոփոխություններ են, մարդը դժվար է փոխում իր կենսակերպը, բայց անհրաժեշտություն է, մենք որպես առողջապահության կազմակերպիչներ, պատասխանատուներ, մեր աշխատանքի ծավալի առումով ավելի ու ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այս հատվածին: Ինչքան էլ հասանելի դարձնենք նույն թանկարժեք վիրահատությունները, սարքավորումներով ապահովումը, եթե բավարար ներդրում չիրականացնենք մեր ժողովրդի առողջապահական գրագիտության և կենսակերպի փոփոխության վրա, ապա ոչ մի երկրի բյուջե, այդ թվում մեր երկրի բյուջե չի բավարարի, որպեսզի մենք հոգ տանենք մեր բուժական ծախսերը»:
Խոսքն ամփոփելով, նախարարը ողջունեց նման կոնֆերանսների կազմակերպումը. «Նման միջոցառումները շատ կարևոր են նաև միջազգային փորձի ուսումնասիրության և նորանոր մոտեցումները շատ արագ Հայաստան բերելու և կիրառելի դարձնելու համար: Մաղթում եմ բոլորիս աշխատանքային շատ պրոդուկտիվ օրեր, վստահ եմ, որ նմանատիպ կոնֆերանսները և համագործակցությունները կնպաստեն մեր երկրում սրտանոթային հիվանդությունների բուժման որակի բարձրացմանը»:
«Համաժողովը նվիրված է սրտային անբավարարությանը, շատ ակտուալ պրոբլեմ է: Այս կլինիկական ուղղվածությունը արագ զարգանում է, բայց, ցավոք սրտի, ունենում ենք դեռևս բարձր մահացություն և խնդիրներ: Այսօր հրավիրել ենք ամբողջ աշխարհից հայտնի էքսպերտների, մասնագետների՝ փոխանակելու փորձը և հետագայում գործնական քայլեր ձեռնարկելու այն ուղղություններով, որ ակնկալում ենք Հայաստանում սրտային անբավարարության բուժման մեջ զարգացնել, հիմնականում սարքերով թերապիային է վերաբերում, օժանդակ սարքերին, արհեստական սրտին, սրտի տրանսպլանտացիային»,-ելույթի սկզբում նշեց ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը:
Նրա փոխանցմամբ՝ պատահական չէ, որ հենց բժշկական համալսարանում է իրականացվում միջոցառումը. «Բժշկական համալսարան հիմնական կրթական օջախն է սրտաբանների համար: Բժշկական համալսարանը հզոր ավանդույթներ և լուրջ կլինիկական հենասյուններ ունի, հիվանդանոցներ՝ կարդիոլոգիական պրոֆիլի: Հայ-գերմանական հերթական ֆորումն է, որը սրտային անբավարարության դպրոց է իրենից ներկայացնում, վաղը և մյուս օրը այդ դպրոցը կշարունակի իր կրթական ծրագիրը»:
Մադրիդի San Rafael համալսարանական հիվանդանոցի ինվազիվ սրտաբան, հայազգի գիտնական Լիլիան Գրիգորյանն իր ուրախությունը հայտնեց Հայաստանում գտնվելու և սրտանոթային հիվանդությունների ներկան և վերջին նորություններն արդեն 4-րդ անգամ քննարկելու հնարավորության համար: «Բացի կրթական նպատակից, այս համագումարը հետապնդում է նաև ռազմավարական նպատակներ: Այդ պատճառով մենք միշտ աշխատում ենք ունենալ արտերկրի առաջատար մասնագետներին` մեզ հետ համագործակցելու և, իհարկե, Հայաստանի և արտերկրի մեր սրտաբանների միջև կապեր ստեղծելու համար: Խոսելով ռազմավարական նպատակի մասին` ուզում եմ կարևորել նախարարության մշտական աջակցությունը մեր այս նախաձեռնություններին», – ընդգծեց Լիլիան Գրիգորյանը` հավելելով, որ այս տարի առաջին անգամ համալսարանում անցկացվում է սիմպոզիում, որն ակադեմիական բնույթ է տալիս միջոցառմանը:
Լոս Անջելեսի Adventist Health բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբան Սարգիս Կիրամիջյանը ևս գոհունակուկություն հայտնեց հայրենիքում գտնվելու առթիվ: «Սրտանոթային հիվանդությունները տարածված են աշխարհով մեկ: Բուժումները մեծ ծավալի են, և տարբեր երկրներ տարբեր կարողություններ ունեն: Մեր նպատակն է, որպեսզի հայրենիքում զարգանա սրտանոթային բուժման պրոցեսը, զարգանան տեխնոլոգիաները: «Հերացի» համալսարանական հիվանդանոցում` բժիշկ Սիսակյանի գլխավորությամբ կարողացել ենք սկսել և շարունակել TAVI և TAVR տեխնոլոգիաների կիրառումը», – տեղեկացրեց մեր հայրենակիցը:
Ողջույնի խոսքերին հաջորդեց համաշխարհային մշակույթի և բժշկագիտության ոլորտներում հայկական ժառանգության մասին կարճատև ֆիլմի ցուցադրություն:
Մասնագիտական զեկույցների ներկայացումը մեկնարկեց Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի Սրտաբանության ամբիոնի վարիչ, Աթենքի «Ատտիկոն» համալսարանական հիվանդանոցի Սրտային անբավարարության բաժանմունքի ղեկավար, հույն հայտնի սրտաբան Գերասիմոս Ֆիլիպատոսի` սրտային անբավարարության և դրա առնչությամբ հակասությունների թեմայով զեկույցով:
Սրտաբանության ասպարեզում գործընկերությանը (մասնավորապես` Սրտաբանների եվրոպական միության շրջանակում) բերած մեծ նպաստի համար Գերասիմոս Ֆիլիպատոսին և Սարգիս Կիրամիջյանին շնորհվեցին «Մխիթար Հերացի» հուշամեդալներ և շնորհակալագրեր:
Շնորհակալագրեր հանձնվեցին նաև Լիլիան Գրիգորյանին, Բոստոնի Tufts բժշկական կենտրոնի նյարդաախտաբան Քնարիկ Արկունին, Մադրիդի Gregorio Maranon համալսարանական հիվանդանոցի սրտային սուր խնամքի բաժանմունքի ղեկավար Մանուել Մարտինես-Սելլեսին և հույն հայտնի սրտաբան, Կապոդիստրիայի անվան Աթենքի ազգային համալսարանի սրտաբանության պրոֆեսոր Կոնստանտինոս Տուտուզասին, Վրաստանի սրտային անբավարարության միության նախագահ, Թբիլիսիի «Jerarsi» կլինիկայի սրտաբանության բաժանմունքի ղեկավար Զվիադ Կիպիանին, Աբու Դաբիի Sheikh Shakhbout Medical City-Mayo Clinic-ի խորհրդի անդամ և Սրտային անբավարարության ասոցիացիայի (HFA) ազգային համակարգող Հադի Սկուրիին:
Սիմպոզիումի շրջանակում առանձին զեկուցումներում և քննարկումներում ներկայացվեցին սրտանոթային հիվանդությունների առաջադեմ պատկերագրությունից և սրտի վերասինխրոնիզացիայից մինչև մաշկային փականային միջամտություններ, մեխանիկական շրջանառության աջակցություն և սրտի փոխպատվաստում։
Գիտաժողովի օրակարգում ներառված են նաև TAVI և TAVR տեխնոլոգիաները, փականային հիվանդությունների միջամտական բուժումը, LVAD-ի կիրառումը, արհեստական բանականության հնարավորությունները սրտաբանության ոլորտում, կորոնար միկրոանոթային հիվանդության ինվազիվ գնահատումը և սրտանոթային ռիսկի կառավարումը։
Հատուկ ծրագրային հատվածներից է Երիտասարդ հետազոտողների նիստը, որը նվիրված է հայկական առողջապահության ոլորտում մեծ ներդրում ունեցած, Բոստոնի համալսարանի նախագահ և Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան, զարկերակային հիպերտենզիայի ոլորտում աշխարհահռչակ փորձագետ Արամ Չոբանյանի հիշատակին։ Այս տարի ընտանիքի կողմից սահմանված մրցանակը կշնորհվի ապագա սերնդի սրտաբաններին։ Հանդիսավոր արարողությունը կկայանա միջոցառման երկրորդ օրը` հոկտեմբերի 2-ին:
Սիմպոզիումի շրջանակում կանցկացվի նաև հատուկ դասախոսություն՝ աշխարհահռչակ սրտաբան Յուջին Բրաունվալդի հիշատակին։
Սիմպոզիումի կարևոր ուղղություններից է միջազգային փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության զարգացումը։ Գիտաժողովի շրջանակում ներկայացվող փորձը հնարավորություն է տալիս քննարկել տարբեր երկրների կլինիկական մոտեցումները, նորագույն տեխնոլոգիաների կիրառման փորձը և սրտային անբավարարությամբ պացիենտների բուժման ժամանակակից հնարավորությունները։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը շարունակում է զարգացնել սրտանոթային բժշկության ոլորտում իր ակադեմիական և մասնագիտական համագործակցությունները՝ միջազգային գործընկերների ներգրավմամբ։ Այս համատեքստում առանձնահատուկ տեղ ունի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի հետ ձևավորված երկարատև գործընկերությունը, որի շրջանակում իրականացվում են համատեղ մասնագիտական և գիտական նախաձեռնություններ։
Սիմպոզիումի աշխատանքներին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, Հայաստանի առաջատար սրտաբաններ և սրտանոթային ոլորտի այլ մասնագետներ։ ԵՊԲՀ-ի, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի մասնագիտական թիմի ներկայացուցիչները հանդես են գալիս բազմաթիվ զեկուցումներով։ Առաջիկա երկու օրերին նախատեսվում են գիտական զեկուցումներ, մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում։
4-րդ միջազգային «Երևանյան սրտանոթային սիմպոզիումի» հիմնական կազմակերպիչներն ու գործընկերներն են Երևանի պետական բժշկական համալսարանը, Հայաստանի սրտաբանների ասոցիացիան և Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի մասնագիտական թիմը։
Հավելենք, որ սիմպոզիումը հավատարմագրված է 20 ՇՄԶ կրեդիտով։