Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սրտի համաշխարհային օր. Սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և հսկողության կարևորությունը

Սրտի համաշխարհային օր. Սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և հսկողության կարևորությունը

Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ՝ սկսած 1999 թվականից ամբողջ աշխարհում սեպտեմբերի 29-ը նշվում է որպես սրտի համաշխարհային օր: Ամեն տարի այս օրը կազմակերպվող միջոցառումների հիմնական նպատակն է սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ հանրության ևս մեկ անգամ իրազեկումը: Այս տարի սրտի համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Օգտագործի՛ր սիրտը գործողության համար»։ Այն ընդգծում է սրտի առողջության բարելավման ուղղությամբ  իրական միջոցառումների ձեռնարկման կարևորությունը՝ սկսած առանձին անձանց իրազեկելուց մինչև ազգային մակարդակում ավելի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի մշակումը:

Սիրտանոթային հիվանդությունները (ՍԱՀ) սրտի և արյունատար անոթների հիվանդությունների խումբ է, որը ներառում է կորոնար (պսակաձև) անոթների հիվանդությունը՝ հանգեցնելով սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի անոթային հիվանդությունը՝ առաջացնելով կաթված, սրտի ռևմատիկ հիվանդությունը և այլ պաթոլոգիաները:

ԱՀԿ տվյալների համաձայն՝  ՍԱՀ-ը շարունակում են մնալ բնակչության մահացության և հաշմանդամության առաջնային պատճառը: Դրանց հետևանքով տարեկան մահանում է 17.9 միլիոն մարդ: Ընդ որում՝ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գերակշռում են ԱԱՀ-ից վաղաժամ մահվան դեպքերը: ՍԱՀ-ից զարգացած  5 մահվան դեպքերից 4-ը պայմանավորված է սրտամկանի ինֆարկտով (ՍԻ) և կաթվածով, որոնց մեկ երրորդը՝ մինչև 70 տարեկան անձանց շրջանում:

Չնայած վերջին չորս տասնամյակների ընթացքում  աշխարհում զգալիորեն նվազել է ՍԻ հիվանդացությունը, դիտվել նաև մահացության մակարդակի նվազում՝ 6.1-7.6%-ով, սակայն սրտային անբավարարության (ՍԱ) տարածվածության և մահացության մակարդակները շարունակում են մնալ բարձր: Ներկայում ամբողջ աշխարհում սրտի իշեմիկ հիվանդությունը համարվում է բնակչության վաղաժամ մահացության առաջատար պատճառներից մեկը: Համաձայն ԱՀԿ վիճակագրական տվյալների` ամբողջ աշխարհում ՍԻ-ի տարածվածությունը կազմում է շուրջ 23.3%: Հետազոտության տվյալները փաստում են, որ չախտորոշված ՍԻ-ի տարածվածությունը կազմում է մոտ 26.9%: Հիվանդությունը հիմնականում հանդիպում է մինչև 50 տարեկան անձանց շրջանում, տղամարդկանց մոտ՝ հատկապես երիտասարդ տարիքում,  գերակշռում է՝ համեմատած կանանց հետ: Չնայած դաշտանադադարից հետո հիվանդության հաճախականությունը կանանց շրջանում գրեթե հավասարվում է տղամարդկանց:

Մահացության կառուցվածքի վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի տվյալները համադրելի են միջազգային ցուցանիշների հետ: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ 2023թ. առաջին կիսամյակում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը եղել են 6739, որը կազմում է ընդհանուր մահերի 54.0%-ը:

Բժշկական հանրությունը միակարծիք է, որ առողջ ապրելակերպը սիրտանոթային հիվանդությունների կանխարգելման և բուժման հիմքն է։ Այն ենթադրում է բալանսավորված սննդակարգ, վնասակար սովորություններից (ալկոհոլի չարաշահում, ծխախոտի օգտագործում) հրաժարում, բավարար ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև կանխարգելիչ հետազոտություններ՝ ոչ վարակիչ հիվանդությունների վաղաժամ ախտորոշման նպատակով։ Բացի այդ, սիրտանոթային հիվանդությունների կանխարգելումը ներառում է  մի շարք ցուցանիշների կանոնավոր հսկողություն, ինչպիսիք են մարմնի զանգվածի ցուցանիշը, արյան զարկերակային ճնշումը, արյան խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը:

Սրտի համաշխարհային ֆեդերացիան տեղեկացնում է, որ սիրտանոթային  հիվանդությունների առնվազն 80%-ը հնարավոր է կանխել հիմնական ռիսկի գործոնների հսկողության միջոցով՝  ծխախոտի և ալկոհոլի օգտագործում, ոչ առողջ սննդակարգ և անբավարար ֆիզիկական ակտիվություն:

Կարևոր է նշել, որ Հայաստանում ՍԱՀ-ի զարգացմանը նպաստող գրեթե բոլոր ռիսկի գործոնների տարածվածությունը շարունակում են մնալ բարձր.

  • Ծխախոտի օգտագործումը դեռևս լուրջ խնդիր է Հայաստանում: 2016-2017թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների համաձայն՝ ծխող են չափահաս տղամարդկանց 52%-ը, իսկ կանանց՝ միայն 2%-ը: Հայաստանում բարձր է երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվողների թիվը: STEPS հարցման տվյալների համաձայն՝ կանանց 54%-ը և տղամարդկանց 58%-ը ենթարկվում է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ կանանց 21%-ը և տղամարդկանց 32%-ը՝ աշխատավայրում:
  • Թեև ներկայում ալկոհոլի սպառման ցուցանիշը Հայաստանում խիստ բարձր չէ, այնուամենայնիվ տղամարդկանց 46%-ը, իսկ կանանց 22%-ը օգտագործում են ալկոհոլային խմիչքներ:
  • STEP հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 21%-ը թերակտիվ է, այսինքն՝ չի իրականացնում ԱՀԿ-ի կողմից սահմանած ֆիզիկական ակտիվության պահանջը՝ շաբաթական առնվազն 150 րոպե միջին ֆիզիկական ակտիվության ապահովում:
  • Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի օրական օգտագործումը չպետք է գերազանցի 5 գրամը, մինչդեռ Հայաստանում աղի սպառման ծավալները կրկնակի գերազանցում են նշված մակարդակը: 18-69 տարեկան բնակչության կողմից օրական սպառվում է միջինը 9.8 գրամ կերակրի աղ (11.0 գրամ` տղամարդկանց և 8.4 գրամ` կանանց կողմից):
  • Մետաբոլիկ գործոնների տարածվածության բարձր մակարդակները, ինչպիսիք են` զարկերակային գերճնշումը, մարմնի զանգվածի բարձր գործակիցը և արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը, էականորեն մեծացնում են սիրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
  • Համաձայն STEPS-ի կողմից իրականացված ֆիզիկական չափումների արդյունքների` Հայաստանի չափահաս բնակչության 48%-ը ունի հավելյալ քաշ, իսկ 20%-ի մոտ առկա է ճարպակալում: 18-69 տարեկան բնակչության 38%-ի մոտ առկա է զարկերակային գերճնշում, 24%-ի մոտ բարձր է արյան մեջ խոլեսթերինի ընդհանուր մակարդակը, իսկ 6%-ի մոտ` բարձր է արյան մեջ գլուկոզայի մակարդակը: Ընդ որում, այս ռիսկի գործոնները հավասարաչափ տարածված են երկու սեռերի մոտ:

Անառողջ կենսակերպը, որը հանգեցնում է սիրտանոթային հիվանդությունների զարգացման, սովորաբար ձևավորվում է մանկական և պատանեկան տարիքում, իսկ տարիքին զուգընթաց սիրտանոթային հիվանդությունների ռիսկը միայն բարձրանում է։ Ուստի կանխարգելումը պետք է սկսել հենց մանկությունից։ Բացի առողջ կենսակերպից, ժամանակակից հասարակության շրջանում անհրաժեշտ է զարգացնել նաև առողջության մշակույթ, որը ներառում է ինչպես հիվանդությունների և դրանց զարգացման ռիսկի գործոնների վաղ հայտնաբերման համար պարբերական բժշկական հսկողությունը, այնպես էլ սթրեսի հաղթահարման հմտությունները։