«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի, ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի և ռուսական «Գործակցություն» («Содействие») կազմակերպության համագործակցությամբ։ Օգոստոսի 30-ին տեղի ունեցած ստամոքս-աղիքային համակարգի նորագոյացություններին նվիրված գիտական կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը` կարևորելով նման մուլտիդիսցիպլինար կոնֆերանսի կայացումը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետներ։
Նպատակն էր քննարկել ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքների բուժման ժամանակակից մեթոդներն ու մոտեցումները։ Անդրադարձ եղավ Հայաստանում և Ռուսաստանում ուռուցքաբանական ծառայությունների կազմակերպման առանձնահատկություններին՝ ներառյալ ուռուցքաբանական ծառայությունների բարելավման ու կազմակերպչական գործընթացների խնդիրները։
Մասնագետները ներկայացրին ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքների մոլեկուլային ախտորոշման և լեղուղիների ուռուցքների վերիֆիկացիայի առանձնահատկությունները։
Ներկայացվեցին զեկույցներ նաև ուռուցքաբանության մեջ էնդովասկուլյար վիրաբուժության դերի, ինչպես նաև՝ ժամանակակից ուռուցքաբանության մեջ ճառագայթային ախտորոշման կարևորության վերաբերյալ։ Քննարկվեցին ստամոքսի քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները։ Գաստրոէնտերոլոգիայի ոլորտում ներկայացվեցին կոլոռեկտալ քաղցկեղի բուժման նորությունները և վիրաբուժական մեթոդները։
Քննարկեցին նաև պալիատիվ խնամքի և ռեաբիլիտացիայի գործընթացները՝ անդրադառնալով պալիատիվ խնամքի զարգացման փուլերին ու ստամոքս-աղիքային համակարգի ուռուցքների ռադիոթերապիայի խնդիրներին։
Այսպիսով, կոնֆերանսին ներկայացվեցին ուռուցքաբանության արդի խնդիրները և դրանց լուծման նորարարական մոտեցումները՝ նպաստելով միջազգային համագործակցությանը և մասնագետների փորձի փոխանակմանը։
Հիշեցնենք, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցից զեկուցումով հանդես են եկել Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը, Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը, ինտերվենցիոն սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը, ցավի կառավարման մասնագետ Նարինե Մովսիսյանը, Էնդոսկոպիայի կլինիկայի էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ Աստղիկ Խալաթյանը, սոնոգրաֆիստ Աստղիկ Ղարագյոզյանը և այլ գործընկերներ տարբեր հիվանդանոցներից։