Ստատինները կարող են նվազեցնել դեմենցիայի, սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը

Ստատինները կարող են նվազեցնել դեմենցիայի, սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը

Բրիտանական «The Telegraph» լրատվական կայքում վերջերս հրապարակված հոդվածի համաձայն` միլիոնավոր բրիտանացիներ կարող են օգուտ քաղել ստատինների ընդունումից, քանի որ նոր ուսումնասիրությունները վկայում են, որ դրանք նվազեցնում են դեմենցիայի և սրտի կաթվածի վտանգը։

Հոդվածում նշվում է, որ այս տեսակի ամենախոշոր ուսումնասիրության արդյունքում ապացուցվել է, որ խոլեստերինի մակարդակը նվազեցնող այդ ամենօրյա դեղահաբերը դեմենցիայի զարգացման վտանգը նվազեցնում են մինչև 15 տոկոսով։

Աշխարհում առաջին անգամ իրականացված մեկ այլ հետազոտություն պարզել է, որ այս դեղամիջոցները 30 տոկոսով նվազեցնում են սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը 70 և ավելի բարձր տարիքի առողջ մարդկանց մոտ, որոնց դեպքում ավելի քիչ հավանական է, որ այդ դեղամիջոցները կնշանակվեն։

Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցից հետազոտության հեղինակ դոկտոր Թումաս Թերնհամարը լրագրողներին հայտնել է, որ ուսումնասիրությունը հաստատում է այն միտքը, որ դեմենցիայի ռիսկի դեմ պայքարելու լավագույն միջոցը միաժամանակ մի քանի գործոնի վրա կենտրոնանալն է, և որ խոլեստերինը դրանցից մեկն է։

Նա նշել է նաև, որ ուսումնասիրությունը ցույց է տվել՝ ժամանակն էական նշանակություն ունի, և ավելի լավ է գործել վաղ, քան ուշ։

Ստատիններն արդյունավետորեն նվազեցնում են LDL խոլեստերինի մակարդակը և պաշտպանում աթերոսկլերոզից ու աթերոսկլերոտիկ բնույթի սրտանոթային հիվանդություններից, սա, իր հերթին, կարող է պաշտպանել գլխուղեղի անոթների աթերոսկլերոզից, իշեմիկ կաթվածից, արյան հոսքի նվազումից և գլխուղեղի հյուսվածքի վնասումից՝ հիմնավոր բացատրություն տալով մեր ստացած արդյունքներին։

Ավստրալիայի Մոնաշի համալսարանի կողմից իրականացված և «New England Journal of Medicine»-ում հրապարակված երկրորդ ուսումնասիրությունը համեմատել է սրտի կաթվածի և գլխուղեղի կաթվածի հաճախականությունը 70 և ավելի բարձր տարիքի երկու խմբերի միջև՝ 5000 մարդ, ովքեր ստատիններ էին ընդունում, և 5000 մարդ, ովքեր դրանք չէին ընդունում։ Վեց տարի տևած ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ դեղամիջոցն ընդունող պացիենտների մոտ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունենալու հավանականությունը մոտ մեկ երրորդով ավելի ցածր է եղել։

Մոնաշի համալսարանի պրոֆեսոր Սոֆիա Զունգասը նշել է. «Քանի որ աշխարհի բնակչությունը ծերանում է աննախադեպ տեմպերով, առողջ երկարակեցության վերաբերյալ հիմնարար հարցերին պատասխանելը հրամայական է դարձել»։

Սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը մտահոգիչ է տարեցների համար, և այն իմացությունը, որ գոյություն ունի այդ ռիսկը նվազեցնելու արդյունավետ միջոց, մեծ հանգստություն կպարգևի ինչպես տարեցներին, այնպես էլ նրանց ընտանիքներին։