Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով սահմանված 10% համաճարակային շեմը և կազմելով 18%` ԵՄ անդամ երկրների ներկայացրած համակցված տվյալներով: «Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են սուր շնչառական վարակների և գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես 2023 թվականի վերջին շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ինտենսիվության բարձրացում, որը, սակայն 1,1 անգամ բարձր է եղել 2024 թվականի առաջին շաբաթվա ցուցանիշից:

Սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում` կազմելով բոլոր դեպքերի 76%-ը:

Ըստ նույն աղբյուրի` բարձրացել է ԱԱՊ օղակի դիմելիության մակարդակը, ինչպես նաև շտապօգնության կանչերի մեծ մասը կազմել են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարիքային խմբից էն եղել:

Հատկանշական է, որ նախորդ շաբաթվա համեմատ 16%-ով նվազել է հոսպիտալացումների թիվը, իսկ վերակենդանացման բաժանմունքինը` 8%-ով:

Շրջանառվում են ինչպես գրիպ A-ի, այնպես էլ B-ի տարբեր ենթատեսակներ, երբեմն լինում է 2 վարակի համակցություն, որոնք էլ հիմնականում ծանր ընթացքով դեպքերն են:

Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանում սուր շնչառական վարակով հոսպիտալացված են 582 պացիենտ, որի 95%-ը 0-18 տարեկան երեխաներ են, 237 պացիենտ բուժվում է թոքաբորբի դեմ, այս դեպքերի 62%-ը 0-18 տարեկան, ինչպես նաև 78 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որի 95%-ը նույնպես 0-18 տարեկան երեխաներն են:

Ինչպես ամբողջ աշխարհում մեր երկրում ևս հիմնականում շրջանառվում է COVID-19 համավարակի Օմիկրոն ենթատեսակը:

Վերջին 14 օրվա տվյալների համաձայն հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 123 դեպք:

Հարկ է նշել, որ նվազել են հոսպիտալացումների և ծանր ընթացքով դեպքերի թիվը:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 7-ը բուժօգնություն է ստացել և շարունակում է ստանալ սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 119 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:

Թոքաբորբ ախտորոշմամբ բուժօգնություն է ստանում 21 երեխա:

Պետք է նշել, որ այս ցուցանիշները համապատասխանում եմ մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:

Սիրելի քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն վիրուսների բուժման համար, և անմիջապես դիմել ձեր առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:

Ավելորդ չենք համարում նաև ևս մեկ անգամ հիշեցնել շնչառական էթիկետի, ձեռքերի հիգիենայի և դիմակների առկայության կարևորությունը վարակի առաջին իսկ ախտանիշների դեպքում:

Լինելով պատվաստումների հետևողական ջատագովներ՝ հիշեցնում ենք, որ գրիպից, կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը:

Այն նվազեցնում է հիվանդությունների հետևանքով հոսպիտալացման հավանականությունը, հոսպիտալացման դեպքում՝ կրճատում է դրա տևողությունը և կանխարգելում է սեզոնային գրիպի հետևանքով հնարավոր մահվան դեպքերը։Եղեք առողջ և տեղեկացված: