«Synthesis of Best-Seller Drugs» գրքի երկրորդ հրատարակությունը

«Synthesis of Best-Seller Drugs» գրքի երկրորդ հրատարակությունը

Ուրախությամբ համալսարանական լսարանին ենք ներկայացնում «Synthesis of Best-Seller Drugs» գրքի երկրորդ հրատարակությունը, որը լույս է տեսել աշխարհի խոշորագույն գիտական հրատարակչություններից մեկի՝ Elsevier-ի կողմից։

«Երկրորդ հրատարակությունը, որը պատրաստվել է Elsevier հրատարակչության նախաձեռնությամբ, 2016թ. լույս տեսած սկզբնական աշխատության խորապես վերամշակված, էապես ընդլայնված և համալրված տարբերակն է։ Առաջին հրատարակության հեղինակն է իմ եղբայրը՝ Արիզոնայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռուբեն Վարդանյանը։ Գիրքը նվիրված է ժամանակակից կենսաբժշկական գիտության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկին՝ դեղամիջոցների սինթեզին և դրանց մոլեկուլային-կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրմանը»,- ասում է  ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Գայանե Վարդանյանը:

Գրքում ներառվել է նոր կարևոր բաղադրիչ՝ քննարկվող դեղամիջոցների ազդեցության մոլեկուլային-կենսաքիմիական մեխանիզմների նկարագրությունը։

Հրատարակությունը համալրվել է նաև երկու նոր գլուխներով՝ նվիրված ժամանակակից դեղաբուժության առավել արդիական ուղղություններին՝ «Ճարպակալման դեղորայքային բուժում» և «Էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման դեղամիջոցներ» թեմաներին, որոնք արտացոլում են ինչպես դեղագործական շուկայի պահանջները, այնպես էլ ժամանակակից կլինիկական պրակտիկայի առաջընթացը։ Բացի այդ, գիրքը զգալիորեն թարմացվել է՝ ներառելով առաջին հրատարակությունից հետո՝ 2015–2024 թվականներին հրապարակված նորագույն գիտական տվյալներ։

Գիրքն ընդգրկում է հիմնական դեղաբանական դասերը և համակարգված է ըստ հիմնական բուժական ուղղությունների։ Այն բաղկացած է 39 գլխից և ընդգրկում է ավելի քան 1500 էջ։ Հրատարակությունը նախատեսված է ընթերցողների լայն լսարանի՝ ուսանողների, դեղամիջոցների սինթեզի և դրանց ազդեցության մոլեկուլային մեխանիզմների ուսումնասիրմամբ զբաղվող հետազոտողների, ինչպես նաև պրակտիկ բժիշկների համար, որոնք ձգտում են համադրել կլինիկական փորձը հիմնարար գիտական նվաճումների հետ։

«Հույս եմ հայտնում, որ «Synthesis of Best-Seller Drugs» գիրքը կդառնա ոչ միայն արժեքավոր գիտելիքի աղբյուր, այլև գիտական մտածողության յուրօրինակ մոդել, որը մեկ ամբողջական հայեցակարգում միավորում է դեղամիջոցների քիմիական կառուցվածքը, մոլեկուլային թիրախները և դրանց ֆիզիոլոգիական ազդեցությունները»,- ընդգծում է բժշկական բուհում   շուրջ 4 տասնամյակ դասավանդած պրոֆեսորը: