Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Տարեվերջյան միջոցառում՝ «Հերացի» ավագ դպրոցում

Տարեվերջյան միջոցառում՝ «Հերացի» ավագ դպրոցում

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը յուրաքանչյուր տարի Ամանորին ընդառաջ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով. աշակերտների ձեռքի աշխատանքների և քաղցրավենիքների ցուցահանդես-տոնավաճառից ստացած հասույթն ուղղում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրերի:

Այս տարի ևս ամփոփելով բարեգործական միջոցառումների շարքը, հերացիականները ստացված հասույթը կուղղեն մի շարք կարևոր և առաջնահերթ ծրագերի:

Այս ուսումնական տարում շահագործման հանձնված «Հերացի» ավագ դպրոցի դահլիճում անցկացվող «Բարեգործությունը բումերանգ է» խորագրով բարեգործական միջոցառում մեկնարկին դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը ողջունեց ներկաներին՝ ուրախությամբ նշելով, որ միջոցառումն առաջին անգամ է անցկացվում դպրոցում, մինչ այդ այն անցկացվում էր բժշկական մայր բուհում:

«Դպրոցի վերանորոգվելուց հետո ցանկացանք, որ այս միջոցառումն անցկացվի այս պատերի ներքո՝ ուրախության, լավ գործ անելու գաղափարով: Բումերանգը անպայման հետ է գալու, լավ խոսքն էլ, վատն էլ հետ են գալու մեզ մոտ, պետք է միշտ մեր գործերի մեջ զգույշ լինենք: Ես ցանկանում եմ, որ ձեր լավ գործերը գնան երկինք՝ տիեզերք, և հետ վերադառնան ձեզ ու ձեր ընտանիքներին: Այնպես ապրեք, որ ձեր արած գործով միշտ հպարտանաք, ապրեք այնպես, որ երբեք չզղջաք: Բոլորիս մաղթում եմ լավագույնը»,-նշեց Նարինե Սարգսյանը:

Այնուհետև ցուցադրվեց փոքրիկ տեսանյութ ավագ դպրոցի հաջողությունների, գործունեության, բարեգործական միջոցառումների մասին, իսկ աշակերտները ներկաների համար ապահովեցին տոնական և բարձր տրամադրություն՝ հանդես գալով երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով։