Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ

Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր բժշկական բուհում էին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպումից հետո նախարարներն այցելեցին «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակ:

Գերատեսչությունների ղեկավարները ծանոթացան այս տարեսկզբին մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին, հնարավորություններին, շրջեցին կենտրոնում:

Ծրագիրը ներկայացնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները: Այն նպատակ ունի մեկդարյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը, հաշվի առնելով, որ բուհը 100 տարվա ընթացքում ոչ միայն ապահովել է ամուր թիկունք՝ սպիտակ բանակը, այլև հանդիսացել է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որի գեներացված միտքը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքերը և թույլ է տալիս առարկայացնել նման ծրագրերում:

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ երեք խոշոր դրամաշնորհային ծրագրում հաղթելը պարտավորեցնում և նոր որակ է հաղորդում համալսարանում իրականացվող աշխատանքներին՝ հնարավորություն ընձեռելով ներկայանալի պահել Հայաստանի գիտական ներուժն աշխարհում:

Կառուցվող կենտրոնը հավակնում է դառնալ բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։

Նշենք, որ կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Կենտրոնում մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։ Առանձին գործընթաց կկազմի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունների հետազոտությունը: