Ուսանողական խորհրդարանն ամփոփել է վերջին երեք տարվա աշխատանքը

Ուսանողական խորհրդարանն ամփոփել է վերջին երեք տարվա աշխատանքը

Կարմիր դահլիճում ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ հրավիրված հերթական նիստը այս անգամ նվիրված էր ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից վերջին երեք տարում կատարված աշխատանքներին: Միջոցառումը լի էր վառ ակնթարթների մասին հիշողություններով, լուսանկարներով, որոնք ամբողջացնում են ոչ միայն այս ուսանողական կառույցի, այլև բժշկական համալսարանի պատմությունը:

«Սկզբում կար գաղափար, իսկ այսօր դրա արդյունքը այն ճանապարհն է, որի յուրաքանչյուր փուլում մենք փորձեցինք մեկ բան. ուսանողի գաղափարը վերածել հնարավորության, հնարավորությունը՝ գործողության, իսկ գործողությունը՝ փոփոխության: Մեր առջև դրված նպատակը պարզապես միջոցառումներ կազմակերպելը չէր, մենք ցանկանում էինք կառուցել գործող ուսանողական խորհրդարան, որը լսում է, որը ներկայացնում է, որը միավորում է, որը ստեղծում է հնարավորություններ և ամենակարևորը՝ խորհրդարան, որը մասնակցում է համալսարանի զարգացմանը: Այս երեք տարվա ընթացքում մենք աշխատեցինք ոչ միայն ծրագրերի վրա, այլև աշխատեցինք մարդկանց գաղափարների և համակարգերի վրա: Ստեղծեցինք կրթական և մասնագիտական զարգացման հնարավորություններ, զարգացրինք գիտական և հետազոտական ուղղությունը, կառուցեցինք հետադարձ կապի մեխանիզմներ, միջբուհական և միջազգային համագործակցություն, միավորեցինք հայ և օտարերկրացի ուսանողներին, կյանքի կոչեցինք մշակութային, մարզական, սոցիալական աջակցության նախաձեռնություններ՝ քայլ առ քայլ ձևավորելով մի համայնք, որտեղ ուսանողը ոչ միայն սովորում է, այլև մասնակցում, ստեղծում և ազդեցություն է ունենում»,– ողջունելով բոլորին ասաց ՈՒԽ նախագահ Միշել Քոչարյանը՝ հավելելով, որ բեմից չի ներկայացվելու պարզապես կատարված աշխատանքը, այլ ներկայացվելու է մի ամբողջ ճանապարհ, որի չափը միայն միջոցառումների քանակը չէ:

Հաշվետվության յուրաքանչյուր թիվ միայն թիվ չէ, այլ գաղափարի, դրա շուրջ համախմբված մարդկանց պատմություն է, թիմի աշխատանքի արդյունք է:

Զեկուցողի գնահատմամբ՝ սերը բուհի հանդեպ, հարգանքը ուսանողի հանդեպ և պատասխանատվությունը համալսարանի ապագայի հանդեպ այն հիմնական գաղափարներն են, որոնք եղել են բոլոր նախաձեռնությունների հիմքում:

Միշել Քոչարյանը հանգամանալից անդրադարձ կատարեց վերջին երեք տարում իր ղեկավարած կառույցի և ֆակուլտետներում կատարած համատեղ աշխատանքին՝ կարևորելով դեկանների հետ աշխատանքը ուսանողական բոլոր նախաձեռնություններում:

«Մենք փորձեցինք ստեղծել միջավայր, որտեղ ուսանողը ոչ միայն լսում է, այլև հարցնում է, մասնակցում է, փորձարկում է և սովորածը կիրառում է գործնականում: Մի շարք մասնագիտական ու կրթական ծրագրեր իրականացվեցին»,- նկատեց նա:

Ներկայացված հաշվետվությանը գնահատական տվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ շեշտելով, որ այն ապացուցում է՝ ակնկալվածը կատարված է, անգամ ավելին:

Ուսանողները համատեղ բուհի հետ անցան այն փորձություններով, ինչպիսինն էր համաճարակը, դարձան համալսարանաշինության մաս, հաղթահարեցին դժվարություններ և պատվով կրեցին հաջողությունները, որոնք բաժին հասան համալսարանին:

«Ես սրտանց ողջունում եմ երեք տարվա կատարված աշխատանքը, սա ոչ միայն հաշվետվության ձևաչափ է, այլև ընդհանուր անցած ճանապարհ է: Մեր կյանքի, երևի թե, լավագույն տարիներն են, որ միասին ենք անցկացնում, և սա մեծ ընտանիք է, որտեղ կա խստություն, որտեղ կան կանոններ, որտեղ կա մարդկային վերաբերմունք, բայց կա նաև անսահման սեր, և սա է միակ ուժը, որը ապահովում է համալսարանների հարատևությունը: Մենք պետք է կարողանանք այնքան հանդուրժող լինել, որ ըմբռնումով մոտենանք յուրաքանչյուր սխալի, բայց երբեք սկզբունքայնությունից դուրս չտեսնենք բժշկությունը, որտեղ գինը սխալի մարդկային կյանքն է, մարդու առողջությունն է: Կարծում եմ, որ սխալվելու իրավունքը սովորելու տարիներին սպառվում է և վեցերորդ կուրսն ավարտելուց հետո արդեն կլինիկական օրդինատուրայում՝ մոտենալով պացիենտի մահճակալին, էլ ավելի զգալու եք այդ նվազման միտումները, երբ պատասխանատվությունը ձեզ պարտադրելու է թե՛ կեցվածք, թե՛ գիտելիք, և, իհարկե, եթե ուժ գտնեք ձեր մեջ, որ այդ ամենը նաև ցանկանաք փոխանցել, ուրեմն բարի գալուստ բժշկական համալսարան: Եթե կարողանաք հաղթահարել յուրաքանչյուր բժշկին բնորոշ եսասիրությունը և ինչ-որ չափով փառասիրությունը, այդ պարագայում կարող եք նաև ուսուցչի կեցվածք ձևավորել և հավակնել համալսարանական կյանքին»,– ասաց ռեկտորը՝ ընդգծելով, որ համալսարանականները երբեք չեն նեղսրտում, երբ տեսնում են իրեն գերազանցող զավակին:

«Ուրախ եմ, որ այդ ուժը, որը համալսարանները պահել են դարերով, սերը առ ուսանող, ապագային միտված սերը թույլ է տվել գերազանցել բացասական հատկանիշները և ձևավորել առողջ ապագա»,- եզրափակեց ռեկտորը՝ ավելացնելով, որ հպարտ է ուսանողներով, երբեք չի թաքցրել զգացմունքները, փորձել է և եղել ընկեր:

«Առանձնահատուկ այդ վերջին զգացողությունը, ի տարբերություն այլ զգացողությունների, եզակի բնույթի է, որովհետև ընկերությունը երբեք չի լինում միակողմանի: Եթե ցանկանում եք հաջորդ սերնդի հետ ընկերություն անել, ձեռք պարզած միշտ պետք է պատրաստ լինեք, որ ձեզ գերազանցելու են»,- ամփոփելով ասաց բժշկական բուհի ղեկավարը:

Նշենք, որ Միշել Քոչարյանը, ով 2023 թվականից Ուսանողական խորհրդարանի նախագահի պաշտոնակատարն է, իսկ 2026 թվականից ԵՊԲՀ ռեկտորի խորհրդականը, դադարեցրեց իր պարտականությունները: ՈՒԽ նախագահի պաշտոնակատարի պաշտոնում նրան կփոխարինի Էրիկ Ասլանյանը, ով կառույցի ակտիվ անդամն է, փոխնախագահը:

Ավարտին այն ուսանողները, որոնք եղել են Ուսանողական խորհրդարանի կողքին, պարգևատրվեցին շնորհակալագրերով: