Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ուսանողը բուհի շարժիչ ուժն է. «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները պարգևատրվել են

Ուսանողը բուհի շարժիչ ուժն է. «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները պարգևատրվել են

«Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունն այսօր անցկացվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

«Ուսանողը շարժիչ ուժն է, գիտելիքների, արհեստավարժության, նաև հասարակական կեցվածքի, ԲՈւՀ-ի շունչն է։ Սրտանց շնորհավորում եմ բոլոր այն ուսանողներին, ովքեր այսօր արժանացել են այս բարձր՝ «Լավագույն ուսանող» պարգևին։ Թող իրենց հաջողությունների շնորհիվ մեր երկրի սահմաններից դուրս կարողանան ներկայացնել Հայաստանը»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր բուհի հաջողության առանցքում ուսանողն է։

Նա մրցանակները հանձնելու համար բեմ հրավիրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին։

ԿԳ նախարարի խոսքով՝ նման հանդիսությունը առիթ է, որպեսզի խոսվի հանրապետության կրթական համակարգում եղած ձեռքբերումներից, առկա իրավիճակից։

«Շնորհավորում եմ մեր ուսանողներին, ովքեր ՀՀ տարբեր համալսարաններում սովորելով, ստանում են ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական կրթություն, այլ նաև ստանում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատության վկայական»,- ասաց նախարարը: Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր երկրի կրթական համակարգը ապահովում է տվյալ տեսակի շարունակական զարգացումը։

Նշենք, որ յուրաքանչյուր տարի անց է կացվում մրցույթ՝ ներբուհական և հանրապետական (միջբուհական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով։

Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների՝ բնագիտական (այդ թվում՝ մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ։

Ներբուհական փուլն իրականացվում է բուհերում, որի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են ներկայացվում մրցույթի առաջին փուլի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով և ըստ ոլորտների մեկական հաղթողների փաստաթղթերը։ Մրցույթի հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակի հիման վրա, որտեղ հաշվի է առնվում ներկայացված թեկնածուի ուսման առաջադիմությունը, գիտական աշխատանքներ կատարելու ունակությունը։

2016 թվականի երկրորդ՝ հանրապետական փուլի արդյունքներով մրցույթում հաղթող է ճանաչվել 37 ուսանող՝ ըստ կրթական աստիճանների։

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով: