Բժշկական համալսարանի Կարմիր դահլիճը համախմբել էր հայ և արտասահմանցի ապագա բժիշկներին։ Առիթը Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում անցկացված միկրովիրաբուժական պրակտիկ համաժողովն էր։ Ծրագրի հիմնաքարն է «ուսանողը սովորեցնում է ուսանողին» սկզբունքը։
Փետրվարի 17-ին և 18-ին կայացած երկօրյա միջոցառմանը մասնակցելու համար դիմել էր շուրջ 600 ուսանող։ Առաջին օրը նվիրված էր բժշկության և վիրաբուժության արդիական ճյուղի՝ միկրովիրաբուժության քննարկմանը, երկրորդ օրվա թեման էր աչքի վիրաբուժությունը։ Զեկույցները երկու լեզվով էին՝ հայերեն և անգլերեն։
«Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի համահիմնադիր, պլաստիկ և միկրովիրաբուժական թիմի ավագ Մերի Ղարագյոզյանի փոխանցմամբ՝ կոնֆերանսը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս։ Այն նախաձեռնվել էր ուսանողների կողմից։ Ելույթներով նույնպես հանդես եկան միայն ուսանողները։ Տեսական մասում ներկայացված զեկույցները տարբեր թեմաներով էին՝ միկրովիրաբուժական տեխնիկաներ, անոթների վերականգնում, նյարդերի վերականգնում, անդրադարձ եղավ նույնիսկ ամբողջ աշխարհում նոր զարգացող ճյուղի՝ սուպերմիկրովիրաբուժությանը։ Հայաստանում այս ճյուղը, ըստ Մերի Ղարագյոզյանի, դեռ զարգացած չէ, բայց ուսանողները բավականին հետաքրքրված են և ցանկություն հայտնեցին զեկույց ներկայացնել այդ թեմայով։ «Իսկ գործնական մասում կատարեցինք օրգանական նյութի հետ աշխատանք՝ վիրաբուժական անոթակար», – հավելեց միկրովիրաբույժը։
Կոնֆերանսին ուսանողները ներգրավված էին տարբեր կուրսերից, նույնիսկ այն կլինիկական օրդինատորները, որոնք արդեն ավարտել են «Լանցետ» ծրագիրը և համարվում են առաջին տարիների շրջանավարտներ։
«Այս տարի արդեն 5-րդ սերունդն է․ ուսանողների հետաքրքրվածությունը գնալով մեծանում է, նրանց համար մոտիվացնող է այն, որ ավագ ընկերն իրենց սովորեցնելու բան ունի», – շեշտեց Մերի Ղարագյոզյանը։
4-րդ կուրսի ուսանող Աննա Թովմասյանը պատմեց, որ հետաքրքրվում է միկրովիրաբուժությամբ, և որոշել է մի քիչ էլ խորացնել գիտելիքը սուպերմիկրովիրաբուժության ուղղությամբ, որը միկրովիրաբուժության նոր և առաջատար ճյուղ է։ «Դրա զարգացումը կապված է հատկապես տեխնոլոգիական առաջընթացի՝ գերճշգրիտ ռոբոտների ստեղծման և մարդկության ցանկության հետ՝ ոտքը դնելու այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք ոտք չէր դրել։ Սուպերմիկրովիրաբուժությունը դիտարկում է ոչ միայն տեխնոլոգիական ապագան, այլև կյանքի որակը փոխելու հնարավորությունը։ Այն ենթադրում է տեխնիկաներ, որոնք կիրառվում են ամենամանր անոթների վրա՝ 0,3; 0,5 միլիմետրից ավելի փոքր։ Որպեսզի պատկերացնեք, դրանք մի քանի անգամ են ավելի հաստ մարդու մազից։ Հաճախ հանդիպող խնդիր է, օրինակ, քաղցկեղի բուժման նպատակով կատարվող մաստեկտոմիան, որի հետևանքով հեռացվում են նաև անութային շրջանի ավշային գեղձերը, և ավշային ուղին խանգարվում է։ Այդ պատճառով պացիենտների մոտ այտուցվում են վերջույթները։ Դրա բուժում, բացի սուպերմիկրովիրաբուժությունից, կարելի է ասել, չկա։ Կան բուժման կոնսերվատիվ միջոցներ։ Իսկ, օրինակ, այս ճյուղը հնարավորություն է տալիս մինչ այդ չբուժվող հիվանդությունը բուժվող դարձնել», – նշեց ապագա բժիշկը։
Սուպերմիկրովիրաբուժությունը, նրա խոսքով, տեխնիկա է, որն օգտագործվում է ամենամանր անոթների հետ աշխատելու համար։ «Դա, իհարկե, ենթադրում է որոշակի ռոբոտային սարքերի կիրառում, որոնք օգնում են վիրաբույժին աշխատելու ընթացքում, օրինակ, ֆիլտրում են ձեռքի դողը, որն այդ փոքր տարածության մեջ շատ մեծ նշանակություն կարող է ունենալ։ Հետաքրքիր հաշվարկ կա, ըստ որի՝ միկրովիրաբույժը մեկ վիրահատության ընթացքում մոտավորապես 40-90 հազար ձեռքի շարժում է կատարում, և պատկերացրեք, որ դրանցից յուրաքանչյուրը պետք է իդեալական լինի։ Այս հարցում մեզ, իհարկե, օգնում են ռոբոտները, որոնք նաև մեքենայական ուսուցման ծրագրերով են համալրված, և արդեն դիտարկվում է նրանց համադրումն արհեստական ինտելեկտի հետ», – մանրամասնեց Աննա Թովմասյանը։
«Լանցետ» ծրագրի կոորդինատոր, կլինիկական օրդինատոր Վիգեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ համաժողովի շրջանակում ուսանողները սովորեցին կենդանի հյուսվածքի վրա աշխատել։ «Աշխարհի շատ բժշկական համալսարաններում սա ընդունված պրակտիկա է։ Աշխատանքը մուլյաժների և կենդանի հյուսվածքների վրա էականորեն տարբերվում է», – ընդգծեց նա։
Ուսանողական միջոցառումն ուներ ինտերակտիվ հատված, որի ընթացքում պատահականության սկզբունքով ընտրվեցին ուսանողներ, որոնք բեմի վրա արդեն ցույց տվեցին իրենց պրակտիկ հմտությունները։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև Live Surgery, որի ընթացքին ներկաները հնարավորություն ունեցան հետևել։
Համաժողովի մասնակիցները կստանան հավաստագրեր:
Հիշեցնենք, որ մինչ այդ՝ նախորդ տարվա նոյեմբերի 18-ին և 19-ին, «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակը նախաձեռնել էր անոթային վիրաբուժության պրակտիկ կոնֆերանս, որով էլ սկիզբ դրվեց մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսանողական հավաքների շարքին։