Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Վարակի կանխարգելման միջազգային շաբաթ»․ միջոցառումների մեկնարկը՝ բժշկական բուհում

«Վարակի կանխարգելման միջազգային շաբաթ»․ միջոցառումների մեկնարկը՝ բժշկական բուհում

«Վարակի կանխարգելման միջազգային շաբաթվա» (International Infection Prevention Week, IIPW) շրջանակում հոկտեմբերի 13-ին և 14-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները, բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների կանխարգելման միջոցառումները» թեմայով վարպետաց դաս:

Բացման խոսքով հանդես եկավ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ «Վարակի կանխարգելման միջազգային շաբաթ»-ն ամենամյա միջոցառում է, որի նպատակն է բարձրացնել հասարակության և բուժաշխատողների իմացությունը վարակի կանխարգելման, ինֆեկցիոն անվտանգության և տարբեր վերահսկող միջոցառումների վերաբերյալ։

2025 թվականին «Վարակի կանխարգելման միջազգային շաբաթ»-ն անցկացվում է հոկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում, և այս տարվա կարգախոսն է` «Stand UPPP for Infection Prevention», որտեղ UPPP նշանակում է Unite, Protect, Prevent, Prevail` միավորվել, պաշտպանել, կանխարգելել, առաջնորդել։

Համաճարակաբանության ամբիոնի դասախոս Նաիրա Մելքոնյանը բուժաշխատողների և ուսանողների մասնակցությամբ կրթական երկօրյա դասընթացի ժամանակ ներկայացրեց բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացների ընդհանուր մոտեցումները, այս ոլորտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները և ներկայացվող պահանջները:

Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բուհի Հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ Կարինե Պողոսյանը հոկտեմբերի 15-ին նշվող Ձեռքերի հիգիենայի միջազգային օրվա նախօրեին անդրադարձավ թեմային՝ շեշտելով, որ ձեռքերի հիգիենայի ճիշտ պահպանումը 80%-ով նվազեցնում է բժշկական միջամտություններով պայմանավորված վարակները։ Համալսարանական մասնագետը ներկայացրեց նաև ոլորտի իրավական կարգավորումները։

Նշենք, որ «Հերացի» վերլուծականը, Համաճարակաբանության ամբիոնի հետ համատեղ, ողջ շաբաթվա ընթացքում կանցկացնի հանրամատչելի դասընթացներ վարակի հսկողության հիմնական գործառույթների շրջանակում․ հոկտեմբերի 15-ին և 16-ին կկայանան մանրէազերծ սեղանի և վիրակապությունների ընթացակարգերի, ծայրամասային անոթային կաթետերների տեղադրման և խնամքի, անվտանգ ներարկման թեմաներով քննարկումները: