«Վարակի կանխարգելման միջազգային շաբաթվա» շրջանակում «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի կողմից անցկացվեցին վարպետաց դասեր՝ ուղղված բուժաշխատողների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը և մասնագիտական անվտանգության բարձրացմանը:
Երեք օր շարունակ` հոկտեմբերի 15-ին (ՇՄԶ 6 գործնական կրեդիտ) 16-ին և 17-ին (ՇՄԶ 5-ական գործնական կրեդիտ) տեղի ունեցան կատարելագործման վարպետաց դասեր:
«Վարակի կանխարգելման միջազգային շաբաթը» տարիներ շարունակ նշվում է ԱՀԿ-ի կողմից և նպատակ ունի առավելապես ներհիվանդանոցային վարակի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնել, ինչը և մենք նախաձեռնել ենք նախորդ շաբաթ` հինգ օրվա ընթացքում: Սկսել ենք բժշկական գործիքների մշակմամբ, այնուհետև մանրէազերծ սեղան, կաթետերների տեղադրում և անվտանգ ներարկում: Հագեցած աշխատանքային օրակարգով իրազեկել ենք մասնակիցներին»,-նշեց պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը, ում խոսքով՝ վարակը փոխանցվում է տարբեր միջամտությունների ժամանակ, բայց այստեղ առանցքային դեր ունեն բուժաշխատողների ձեռքերը. «Ինչքան էլ փորձենք տարբեր ախտահանիչներ և տարբեր նորագույն մեթոդներ օգտագործել, կյանքը ցույց է տալիս, որ մինչև 50 տոկոսը վարակի փոխանցման մեղավորը մեր ձեռքերն են»:
«Բժշկական կազմակերպություններում վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ սեղանի բացման ընթացակարգը, վարակի կանխարգելումը վիրակապությունների իրականացման գործընթացում» թեմայով վարպետաց դասի շրջանակում մասնակիցները ծանոթացան բժշկական կազմակերպություններում վարակի կանխարգելման միջոցառումներին վիրակապությունների իրականացման դեպքում, ինչպես նաև վիրաբուժական միջամտությունների ժամանակ մանրէազերծ սեղանի բացման գործնական հմտություններին:
«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծայրամասային երակային կաթետերի տեղադրման և խնամքի գործընթացը» թեմայի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ծայրամասային կաթետերի անվտանգ տեղադրումը և պատշաճ խնամքը, ներանոթային սարքերով պայմանավորված վարակների կանխարգելման, ինչպես նաև վարակի դեպքերի հայտնաբերման ու վարման ընթացակարգերի վերաբերյալ գործնական հմտությունները: Խոսվեց այդ գործընթացում բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներից:
«Անվտանգ ներարկումների իրականացումը գործնականում» վարպետաց դասը կենտրոնացվեց բուժաշխատողներին բժշկական կազմակերպություններում ներարկումներով պայմանավորված վարակների կանխարգելման միջոցառումների վրա, անդրադարձ կատարվեց անվտանգ ներարկումների ընթացակարգերի վերաբերյալ գործնական հմտություններին, այդ գործընթացում բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների դեպքում ձեռնարկվող միջոցառումներին: