Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վերաբերվեք ձեր ուսմանը ոչ թե որպես գործընթաց, այլ առաքելություն. առաջին կուրսեցիներին դիմավորեցին ԵՊԲՀ-ում

Վերաբերվեք ձեր ուսմանը ոչ թե որպես գործընթաց, այլ առաքելություն. առաջին կուրսեցիներին դիմավորեցին ԵՊԲՀ-ում

Վերաբերվեք ձեր ուսմանը ոչ թե որպես գործընթաց, այլ առաքելություն. առաջին կուրսեցիներին դիմավորեցին ԵՊԲՀ-ում

Բժշկական 104-ամյա բուհն այսօր դիմավորեց առաջին կուրսի ուսանողներին: Մոտ 750 ուսանող միացավ «Հերացի» մեծ ընտանիքին` կրելով բժիշկ դառնալու բարձր պատասխանատվությունը:

Լսարանների, համալսարանական ստորաբաժանումների ներկայացումից մինչև իրավական հարցերի կարգավորումներ, իրավունքներ և պարտականություններ. կրթության պատասխանատուները հանգամանալից ներկայացրին ապագա բժիշկների ուշադրությանը` ակնկալելով լինել հետևողական:

Ըստ ֆակուլտետների ընդունվողներին ողջունեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոռեկտորները:
«Բժշկական համալսարանը հուսալի վահան է հանդիսացել և դուք շարունակողներն եք այդ վեհ, ազնվաբարո, հայրենասեր, և ամենակարևորը մարդասեր գործի: Ձեզ ողջունելով՝ կուզեի հատուկ շեշտել, որ պատկառանքով վերաբերվեք համալսարանին, ուսուցիչներին: Մենք իրար ժպտում ենք, որ իրար ուժ տանք: Ուսուցիչներին բարևելիս ժպտերես և կենսուրախ եղեք, վայելեք ձեր երիտասարդ, ամենալավ տարիները, համալսարանը դրա համար կստեղծի բոլոր հնարավորությունները: Դուք հաղթահարել եք շատ խիստ շեմ: Հաշվի առնելով, որ ԵՊԲՀ-ն միջազգային, հավատարմագրված համալսարան է, ձեզ բախտ է վիճակվել առաջինն ընդունվել արդեն միջազգային հավատարմագրում ստացած համալսարան: Դուք պատիվ եք ունեք սովորելու համալսարանում, որը COVID-ի դաժան պայմաններում եղավ անկյունաքարային այդ մեծ պայքարի ամբողջ գործընթացում: Ավա՛ղ, ձեզ պես երիտասարդներ հայրենիքը պաշտպանելիս այդպես էլ չվերադարձան, և իրենց հուշահամալիրը մեր սրբավարերից է: Դուք էլ ծաղիկներ խոնարհեք և վառ պահեք այդ երիտասարդների հիշատակը »,- ելույթում ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը` ներկաներին դիմելով խնդրանքով:

«Վերաբերվեք ձեր ուսմանը ոչ թե որպես գործընթաց, այլ առաքելություն: Մեզ հետ միասին ուսանողներն անցել են այդ դաժան օրերը համաճարակի և պատերազմի ընթացքում: Դահլիճ մտնելիս խոստացել էի, մշտապես, որտեղ էլ տեսնեմ, մոտենամ և ձեռքով բարևեմ այդ ամենին մասնակցած ուսանողին: Ականատեսները թույլ չեն տա վրիպել, որովհետև նա արեց ավելին, քան ակնկալվում էր, արեց ավելին, քան կարող էր, և դա գնահատելի է: Այսպիսիններն են հետագայում դառնում բժիշկներ, ժողովրդի կողմից ընկալված բժշկողներ:
Շնորհավորում եմ ձեր գալիք սեպտեմբերի մեկը, բարի գալուստ եմ ցանկանում և ամենակարևորը չմոռանք, որ դուք երիտասարդներ եք, և այս դժվար դասընթացների ընթացքում երբևէ չկորցնեք այդ երիտասարդության ավյունն ու ուժը: Սիրահարվե՛ք, ապրե՛ք երիտասարդ տարիներով, բարի գալուստ Երևանի պետական բժշկական համալսարան»,- շեշտեց պրոֆեսոր Մուրադյանը:

Նրա փոխանցմամբ` այսօրվանից մեկնարկում է ոչ միայն ուսումնառության, այլև ընկերանալու ճանապարհը` օրինակ բերելով իր ուսանողական ընկերներին, որոնց հետ կարճ ժամանակ առաջ՝ 35 տարի անց, հանդիպելու հնարավորություն ունեցավ հենց համալսարանում:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը փաստեց, որ չկա շաբաթ առանց տարատեսակ միջոցառումների ու համաժողովների: Կրթագիտական հաստատության ակտիվությունն ու եռուզեռն իր բաբախող սիրտն է:

«Լինել բժշկական համալսարանի սանը, լինել հերացիական, վստահեցնում եմ` մեծագույն պատիվ է: Դուք այսօր սովորում եք մեկդարյա բուհում, որն ունի ավանդույթներ և այդ ավանդույթները կրողները՝ որպես բժիշկ, լինելու եք դուք: Հպարտորեն մուտք գործեք բժշկական համալսարան, եղեք հպարտ, որովհետև ներկայացնում եք ազգի սերուցքը: Բժիշկն այն մասնագիտությունն է, որն անհրաժեշտ է բոլորին»,-ասաց Կարինե Բարոյանը` հավելելով, որ այսուհետև բուհի հետ կապը երբեք չի ավարտվելու:

«Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ, դուք ընտրել եք ճիշտ մասնագիտություն և ճիշտ վայր սովորելու համար, սակայն պետք է նշեմ, որ ընտրելը դեռ շատ քիչ է, պետք է աշխատել, որպեսզի կարողանաք ավարտել՝ հետագայում ճիշտ մասնագետ դառնալով: Բժշկական համալսարանը ոչ միայն պատրաստում է մասնագետներ, այլ դաստիարակում է մարդ տեսակը: Մարդ, որը ցանկացած վայրում, ցանկացած բնագավառում կարողանում է իրեն դրսևորել: Դուք այն մարդիկ եք, որ կարողացել են հաղթահարել ընդունելության փուլը, հուսով եմ հուսախաբ չեք անի, միասին շատ հեշտ կաշխատենք: Դուք ընդունվել եք բուհ, որը մեկդարյա պատմություն ունի, և որն այս տարի անցավ այն բուհերի շարքը, որն ունի միջազգային հավատարմագրում, ինչը մեծ առաջընթաց է բուհի համար»,- նշեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը:

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը շնորհավորեց ներկաներին համալսարանի ուսանողի կարգավիճակ ստանալու համար։

«Մեր բուհն ավելի քան 100 տարվա պատմություն ունի, և հաջողություններն ուղեկցում են համալսարանին կրթության և գիտության բնագավառում տարեցտարի։ Մասնավորապես՝ անցած տարի մեր համալսարանի «Բուժական գործ» կրթական երեք ծրագրերը 7 տարով միջազգային հավատարմագրում ստացան։ Նույն ուղու վրա են Դեղագիտական և Ստոմատոլոգիական ֆակուլտետները․ սեպտեմբերից սկսվում է այդ գործընթացը։ Դա նշանակում է, որ մեր բուհն ունի միջազգային հեղինակություն, որը և՛ մեծ պատիվ , և՛ մեծ պատասխանատվություն է ձեզ համար», – ընդգծեց դեկանը։
Բագրատ Ենոքյանը ներկայացրեց ֆակուլտետի ստեղծման և կայացման պատմությունը։ Դեղագիտական ֆակուլտետը հիմնադրվել է 1972 թվականին։ Այդ գործում մեծ ավանդ է ունեցել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը և խորհրդանշական է, որ առաջին կուրսեցիների հետ առաջին հանդիպումն անցկացվում է հենց նրա անվան լսարանում։

Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 20 առաջին կուրսի կուրսանտ այսօր ստանձնում է պատասխանատվություն՝ սովորել ծառայել հայրենիքին և մարդկանց առողջությանը:
ՌԲՖ պետ Վարդան Ծատուրյանի գլխավորությամբ՝ պրոֆեսորադասխոսական կազմը հանդիսավոր կերպով ընդունեց առաջին կուրսեցիներին:

Բժշկական մայր բուհը շուրջ 30 տարի է Հայաստանին տվել է փորձառու, իրենց գործում հմուտ, պատասխանատու և հայրենիքին նվիրված ռազմական բժիշկներ, որոնք հարկ եղած դեպքում փրկելով զոհել են իրենց կյանքը:
Այսօր ՌԲՖ առաջին կուրսի կուրսանտները, ոտք են դրել բժշկական համալսարան` իմանալով, որ ձեռք են բերում պատիվ ու պատասխանատվություն պահանջող երկու կարևորագույն մասնագիտություն՝ զինվորականի և բժշկի:

Ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով ՌԲՖ հոբելյանական տարում ընդունված ապագա ռազմական բժիշկներին, շեշտեց, որ յուրքանչյուրը պետք է գիտակցի՝ միայն գիտելիքի և կարգապահության արդյունքում է մեզնից յուրաքանչյուրն ավելի պաշտպանված ու արժանապատիվ ապրելու, քանի որ ռազմական բժշկի գիտելիքն ու սրտացավությունն են վերականգնում մեր հայրենիքի պաշտպանների առողջությունը, զինվորին վերադարձնում շարք, և հենց ռազմական բժիշկներն են ճգնաժամային իրավիճակում իրական փրկիչները:

ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը քոլեջ ընդունված ուսանողներին ներկայացնելով բժշկական բուհում սովորելու կարևորությունը՝ նշեց, որ պետք է գնահատել այստեղ սովորելու դերն ու կարևորությունը՝ հետագայում ներդրում ունենալով դրա զարգացման գործում:

Առաջին կուրսեցիների հետ ղեկավարության, դեկանների հետ հանդիպումները ավանդական են` ուսումնական գործընթացին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությամբ լեցուն:

Բարի երթ` գիտելիքի ձեռքբերման և բժշկի ուղին ընտրելու երկար ու բովանդակալից գործում: