Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վերակառուցված «Հերացի» ավագ դպրոցը դիմավորեց աշակերտներին

Վերակառուցված «Հերացի» ավագ դպրոցը դիմավորեց աշակերտներին

2024-2025 ուսումնական տարին ԵՊԲՀ-ում նշանավորվում է «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությամբ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին:

Դպրոցի բացման միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացավ 520 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցի հնարավորություններին ու պայմաններին:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցի բացման առիթով: Նա իր խոսքում ընդգծել է դպրոցը՝ որպես տուն ընկալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, այն չկոթողացնելու տրամաբանությունը, որը մեզանում շատ է տարածված: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող դպոցաշինության այս ծրագիրը պետք է նպաստի ոչ թե դպրոցների, գիտելիքի կոթողացմանը, այլ դրանց մարդկայնացմանը, առօրեականացմանը, որպեսզի ավելի հասանելի լինեն մարդկանց:

Վարչապետը գիտելիքի և դպրոցի առօրեականացումը կարևորել է նաև երեխաներին լավ ու բարեկեցիկ ապրել սովորեցնելու համատեքստում: Ըստ նրա՝ պետք է օգնել երեխաներին, որ նրանք լավ ապրելը դարձնեն իրենց խնդիրը՝ և՛ անձնական, և՛ հանրային, և՛ պետական առումով:

Դպրոցի բացմանը բժշկական բուհում երկար են սպասել: Հանրապետության լավագույն ավագ դպրոցների շարքում կարևոր դեր ունեցող համալսարանական հանրակրթական հաստատության հաջողությունները տարիներ շարունակ ակնառու են ու տեսանելի հանրության համար:  

2012-2024 թթ. դպրոցն ունեցել է 6 ոսկե մեդալակիր, 2023-2024 ուստարում 12 շրջանավարտ ստացել է գերազանցության ատեստատ:

2012-2024թթ․ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան են ընդունվել այս դպրոցի 1357 շրջանավարտից 597-ը /44%/, որը կազմում է կենսաքիմիական ենթահոսքի սովորողների 83%-ը:

2014 թվականից սկսած «Հերացի» ավագ դպրոցն ակտիվորեն մասնակցել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին, «Պատանի քիմիկոսների» միջազգային բաց մրցաշարին, ինչպես նաև «Մեգապոլիսների», «Մենդելեևյան», «AESA» միջազգային գիտական ամենամյա օլիմպիադաներին՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

Արդյունքում աշակերտները նվաճել են՝ 15 ոսկե, 11 արծաթե և 19 բրոնզե մեդալ, 23 գովասանագիր, 31 աշակերտ ստացել է անվանական կրթաթոշակ:

Դպրոցը զգալի հաջողություններ է գրանցել սովորողների հետազոտական աշխատանքների կազմակերպման գործում՝ արժանանալով ՀՀ ԳԱԱ 1-ին մրցանակի, ինչպես նաև «AESA» միջազգային կազմակերպության հատուկ մրցանակների, մասնակցել միջազգային գիտաժողովների՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Լեհաստանում, Միլանում:

Մի քանի տարի ընթացող շինարարության արդյունքում այսօր ունենք միջազգային, ժամանակակից չափանիշներին համապատասխան կրթագիտական հաստատություն, որտեղ ապահովված են արդյունավետ կրթական գործընթացի իրականացման բոլոր հնարավորությունները:

Նշենք, որ դպրոցն ունի 82 աշխատակից, որից 10-ը՝ վարչական, 62-ը՝ մանկավարժական և ուսուցչական, իսկ 10-ը՝ ուսումնաօժանդակ: Ուսուցիչների 92%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝ նրանց 90%-ը ստանում է հավելավճար: 4 ուսուցիչ ունի գիտությունների թեկնածուի կոչում, 2 ուսուցիչ արժանացել է «Տարվա լավագույն ուսուցիչ» կոչմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով դպրոցը 2023 թվականից հանդիսանում է մենթոր դպրոց:

Նշենք, որ շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականի նոյեմբերին, ավարտվել` 2024 թվականի հունիսի սկզբին:   Շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով: