Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վերջին 2 տարիներին Հայաստանում կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է

Վերջին 2 տարիներին Հայաստանում կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է

Կապույտ հազը բարձր հպավարակելիությամբ շնչառական վարակիչ հիվանդություն է: Վարակն ունի մի շարք համաճարակաբանական առանձնահատկություններ: Վարակի աղբյուրը կապույտ հազով հիվանդն է, ինչպես նաև  վարակային գործընթացի ատիպիկ կամ անախտանշանային ձևով  անձինք: Վարակելիության շրջանը հիվանդության 4-6 շաբաթներն են, սակայն հիվանդն առավել վարակիչ է առաջին շաբաթվա ընթացքում: Կապույտ հազի հարուցիչները (Bordetella pertussis) հեշտությամբ փոխանցվում են մարդուց մարդուն օդակաթիլային մեխանիզմով՝ արտազատվելով խոշոր կաթիլներով և տարածվելով 2-2.5 մ շառավղով: Կարևոր է նշել, որ հարուցիչի բազային վերարտադրողականության ցուցանիշը՝ R0=12-17, այսինքն՝ մեկ հիվանդը կարող է միաժամանակ վարակել միջինում 14 ընկալ անձանց: Հիվանդությունն ընթանում է շնչառական ուղու հանկարծակի կատառալ բորբոքումով՝ գրգռիչ հազ, որը հիվանդության զարգացման հետ (1-2 շաբաթից) աստիճանաբար ձեռք է բերում նոպայաձև կրկնվող բնույթ: Կապույտ հազ վարակն ունի հստակ պարբերականություն՝ 3-5 տարի ինտերվալով:

Բարձր հիվանդացությունը սովորաբար դիտվում է մինչև 5 տարեկանների շրջանում,  առավել խոցելի տարիքային խումբը մինչև 1 տարեկաններն են: Այս  խմբում արձանագրվում է մահվան դեպքերի 90%-ը:

Վերջին տարիներին նկատվում են կապույտ հազի համաճարակաբանական օրինաչափությունների որոշակի փոփոխություններ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների համաձայն՝ որոշ եվրոպական երկրներում կապույտ հազի դեպքերի աճ է արձանագրվել նաև դեռահասների և մեծահասակների շրջանում, ովքեր էլ դառնում են հիմնական վարակի աղբյուր երեխաների համար: 2023թ. վեց եվրոպական երկրում ամենաբարձր հիվանդացությունը գրանցվել է 10-19 տարեկան դեռահասների շրջանում:

Հարկ է նշել, որ կապույտ հազով հիվանդությունից կամ պատվաստումից  հետո ձևավորված անընկալությունը 5-10 տարվա ընթացքում նվազում է, ինչը հանգեցնում է ընկալ բնակչության կուտակմանը և բռնկումների զարգացմանը:

2023թ. կապույտ հազի համաճարակային իրավիճակը բավականին լարված էր աշխարհում, հատկապես՝ եվրոպական տարածաշրջանում, ինչը շարունակվում է 2024թ-ին, այսպես՝ 2021թ. արձանագրվել է 1761 դեպք , 2022թ.՝ 4151 դեպք,  2023թ.՝ 25 000 դեպք,  2024թ.  առաջին եռամսյակում արդեն՝ 38000 դեպք: Դեպքերի զգալի աճ դիտարկվել է նաև 2016թ. (41 026 դեպք) և 2019թ. (34 468 դեպք):

Հայաստանում նույնպես կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է վերջին 2 տարիներին․ 2023թ. արձանագրվել է 50 դեպք (2/100 000), իսկ 2024թ. հունվար – հուլիս ամիսներին՝ 98 (3.3/100 000) դեպք: Դեպքերի գերակշռող մասը դիտվել է մինչև 5 տարեկանների շրջանում: Հայաստանում դեպքերի զգալի աճ է դիտարկվել նաև 2014թ.` 85 դեպք (2.8/100 000), և 2018թ.` 174 դեպք (5.9/100 000), ինչը վկայում է միջինում 5 տարի ինտերվալով հստակ պարբերականության մասին:

Վերջին տարիներին  կապույտ հազի հիվանդացության զգալի բարձացումը պայմանավորված է նաև COVID-19 համավարակի ժամանակ պատվաստումների բացթողումներով․ 2021թ. 24.5 մլն երեխա բաց է թողել դիֆթերիա, փայտացում, կապույտ հազի դեմ պլանային պատվաստումների 3-րդ դեղաչափը (ԱԿԴՓ3), իսկ 2022թ.՝ 20.5 միլիոն երեխա:

Այսպիսով՝ համաճարակաբանական դիտարկումները և կանխատեսումները վկայում են, որ կապույտ հազի իրավիճակը բավականին լարված է եվրոպական տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, և դեռևս առաջիկա ամիսներին կա բարձրացման միտում: Վարակի տարածման ռիսկերը կարող են բարձրանալ դպրոցական և նախադպրոցական կազմակերպությունների գործունեության վերսկսման ժամանակ:

Կարևոր է նշել, որ կապույտ հազը պատվաստումներով կանխարգելվող վարակ է: ՀՀ կանխարգելիչ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն՝ կապույտ հազի  պլանային պատվաստումներն իրականացվում են՝

  • 6, 12, 18 շաբաթականում՝ ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ պատվաստանյութով,
  • 18 ամսականում և 6 տարեկանում ԱԿԴՓ/ԻՊՊ պատվաստանյութով,
  • 15-16 տարեկանում ՝ ԱԿԴՓ պատվաստանյութով։

Կարևոր է իմանալ, որ Հայաստանում սկսած 2023թ-ից՝ կապույտ հազի պատվաստումներն իրականացվում են նաև հղիների շրջանում՝  27-36 շաբաթականում, ԱԿԴՓ համակցված պատվաստանյութով; Ապացուցված է, որ այս պատվաստանյութը (ոչ բջջային կապույտ հազի բաղադրիչ պարունակող պատվաստանյութ) անվտանգ է հղիների համար, ինչպես նաև համարվում է նորածինների ու վաղ մանկական տարիքի երեխաների մոտ կապույտ հազի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը: Այն  85%-ով նվազեցնում է կապույտ հազով հիվանդանալու, իսկ 90%-ով՝ հոսպիտալացման ռիսկը: Հղիների պատվաստումն առաջարկվում է յուրաքանչյուր հղիության ընթացքում: Եթե ընտանիքում հղիություն է պլանավորվում, երեխայի հետ սերտ շփվող ընտանիքի մյուս անդամները նույնպես պետք է պատվաստվեն: 2023թ. դրությամբ եվրոպական 17 երկրում իրականացվում են կապույտ հազի պատվաստումները հղիների շրջանում:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ առաջարկվում է.

  • հետևողական լինել պլանային պատվաստումների ժամանակին ստանալու առումով,
  • հղիության ընթացքում չխուսափել կապույտ հազի պատվաստումից,
  • կապույտ հազի կասկածելի ախտանշանների առկայության դեպքում (7 օր և ավելի կրկնվող, նոպայաձև հազ) ապահովել մեկուսացումը շրջակա մարդկանցից, պահպանել շնչառական հիգիենան (կրել դիմակ) և դիմել բժշկի խորհրդատվության: