Համալսարանականները, բժշկական համայնքը, նախկին ու ներկա ուսանողները, մտերիմներն ու ծանոթներն այսօր անվանի բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Միխայիլ Իոսիֆի Աղաջանովին վերջին հրաժեշտը տվեցին:
Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը բժշկագիտության իրական նվիրյալ էր, նահապետ, որի կայացման ուղին, կյանքի կարևոր շրջափուլերը մեկդարյա կրթագիտական հաստատությունում էին անցել:
Պրոֆեսորի մահվան փաստը բազմաթիվ բժիշկների, կրտսեր գործընկերների համար ցավ է, անդառնալի կորուստ:
Նրան ճիշտ խորհրդի, մասնագիտական ուղղորդման, առաջմղման համար այսօր շատերն են պարտական: Ասում են՝ անփոխարինելիներ չկան, բայց պետք է փաստենք, որ կան անգնահատելի մարդիկ:
Միխայիլ Աղաջանովը հենց այդպիսի անհատականություն էր, վառ ու հիշվող դասախոս, գիտակ գործընկեր, պրոգրեսիվ, եռանդուն ու սրտացավ աշխատակից, խիստ ղեկավար, հանրության հարգանքը վայելող գիտնական, օրինակելի քաղաքացի:
Կյանքի 85-րդ տարում հեռանալով՝ Դուք Ձեր բացառիկ ինտելիգենտությամբ, սթափ վերլուծելու ու խորհելու կարողությամբ, մեծ ավանդով խորհրդանշում եք մի ամբողջ դարաշրջան, որի այս էջը թերթելով` Ձեր անունը ոսկե տառերով է մնալու այն համալսարանի պատմության մեջ, որտեղ ավելի քան վեց տասնամյակ շտապել եք աշխատանքի` արարելու, սերունդներ կրթելու, սովորեցնելու, գիտելիք փոխանցելու: