Աղիքային վարակների բռնկում ճանապարհորդների շրջանում եվրոպական երկրներում

Աղիքային վարակների բռնկում ճանապարհորդների շրջանում եվրոպական երկրներում

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների` ամբողջ Եվրոպայում շարունակվում են հաղորդումներ Կաբո Վերդեից (տեղակայված Ատլանտյան օվկիանոսի կղզիների վրա` Աֆրիկայի արևմտյան ափին մոտ) վերադարձաց ճանապարհորդների շրջանում շիգելոզի և աղիքային այլ վարակների բռնկումների վերաբերյալ:

«Հերացի» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` արձանագրվել է ավելի քան 1000 հաստատված և հավանական դեպք եվրոպական երկրներ, ինչպես նաև Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ վերադարձող ճանապարհորդների շրջանում: Աղիքային վարակների դեպքերի մեծ մասը կապված է եղել Սալ կղզու Սանտա Մարիա շրջան կատարած ուղևորությունների հետ, վարակվածների մեծ մասը օգտվել են միևնույն հյուրանոցային ցանցից: Լաբորատոր հաստատված դեպքերից գերակշռել են շիգելաների և սալմոնելաների հայտնաբերումը, որը վկայում է վարակի շարունակական ազդեցությունը կամ փոխանցման ընդհանուր գործոնը: Համաճարակաբանական դիտարկումները վկայում են, որ վարակի փոխանցման հավանական գործոնները կապված են սննդամթերքի կամ ջրրի օգտագործման հետ: Վարակված ճանապարհորդների վիճակը գնահատվում է չափավոր: Կարևոր է ընդգծել, որ ակընկալվում են լրացուցիչ նոր դեպքեր, քանի դեռ վարակի աղբյուրն և պատճառը չի հստակեցվել և հսկողության միջոցներ չեն ձեռնարկվել: Հաշվի առնելով նաև աղիքային վարակիչ հիվանդությունների ֆեկալ-օռալ փոխանցման մեխանիզմը` չի բացառվում վարակի հետագա տարածումը եվրոպական երկրներում:

Ոստի ճանապարհորդներին առաջարկվում է`

  • խստորեն պահպանել ձեռքերի հիգիենան` հաճախակի լվանալ ձեռքերը օճառով կամ ախտահանել,
  • օգտագործել անվտանգ ջուր` խմել միայն շշալցված ջուր,
  • մրգերը, բանջարեղենը, կանաչիները օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ շշալցված կամ եռացված ջրով,
  • օգտագործել միայն բավարար եփված սնունդ,
  • հետևել երեխաների անձնական հիգիենային:

Առողջապահության ոլորտի մասնագետներին խորհուրդ է տրվում բարձրացնել զգոնությունը վերադարձող ճանապարհորդների շրջանում աղիքային վարակների կասկածելի դեպքերի հայտնաբերման համար և ներկայացնել պատշաճ հաշվետություններ: