Վիրահատությունից առաջ պացիենտին հաճախ անհանգստացնում է ոչ այնքան բուն վիրահատական միջամտությունը, որքան անորոշությունը․ արդյո՞ք նա կարթնանա անզգայացումից հետո, ցավ կզգա՞, ինչպե՞ս կարձագանքի օրգանիզմը միջամտությանը։ Այդ պահին մարդն իր կյանքը վստահում է բժշկական թիմին, և առանձնահատուկ պատասխանատվություն է ստանձնում անեսթեզիոլոգը։ Հենց այս մասնագետն է կոչված ապահովելու պացիենտի անվտանգությունը նրա կյանքի ամենախոցելի ժամանակահատվածներից մեկում։
Հոկտեմբերի 16-ին նշվող Անեսթեզիոլոգիայի համաշխարհային օրը հիշեցնում է ժամանակակից բժշկության մեջ այս մասնագիտության կարևորության մասին։
Անեսթեզիոլոգիայի համաշխարհային օրվա 2026 թվականի թեման՝ «Անեսթեզիոլոգիան՝ պացիենտի ամբողջ ճանապարհին», արտացոլում է մասնագիտության ժամանակակից ընկալումը։
Այսօր անեսթեզիոլոգը ոչ միայն ապահովում է անզգայացումը և վերահսկում պացիենտի վիճակը վիրահատության ընթացքում, այլև մասնակցում է վիրահատական միջամտության նախապատրաստմանը, անհատական ռիսկերի գնահատմանը, անհետաձգելի օգնության ցուցաբերմանը, կրիտիկական վիճակների բուժմանը, հետվիրահատական վերականգնմանը և ցավի կառավարմանը։ Որոշ կլինիկական իրավիճակներում նրա աշխատանքը շարունակվում է նաև հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ քրոնիկ ցավի բուժման և պալիատիվ օգնության տրամադրման շրջանակում։
«Հերացի» վերլուծական կենտրոնի դիտարկմամբ` աշխարհում վիրաբուժական օգնության ծավալները նույնպես ընդգծում են այս աշխատանքի կարևորությունը։ Գիտական գրականության մեջ ներկայացված գնահատականների համաձայն՝ տարեկան իրականացվում է ավելի քան 310 միլիոն վիրահատական միջամտություն, իսկ մինչև 2030 թվականը մարդկանց կյանքը փրկելու և հաշմանդամությունը կանխելու նպատակով կարող է անհրաժեշտ լինել ևս 143 միլիոն վիրահատություն։ Յուրաքանչյուր նման միջամտության դեպքում անհրաժեշտ է ապահովել ոչ միայն վիրահատության տեխնիկական հաջողությունը, այլև հիվանդի անվտանգությունը բուժման բոլոր փուլերում։
Չնայած զգալի առաջընթացին՝ առողջապահության ոլորտում անցանկալի դեպքերի խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Ավելի վաղ կատարված հետազոտություններում անբարենպաստ դեպքերի հաճախականությունը գնահատվել է հոսպիտալացումների 2,9–3,7%-ի սահմաններում, մինչդեռ Global Trigger Tool գործիքի կիրառմամբ անցանկալի դեպքեր են հայտնաբերվել հոսպիտալացված պացիենտների 30–38%-ի մոտ։ Այս ցուցանիշները ստացվել են անցանկալի դեպքերի հայտնաբերման և սահմանման տարբեր մեթոդների կիրառմամբ, ուստի դրանք ուղղակիորեն համեմատելի չեն։ Գրանցված անցանկալի դեպքերի շուրջ 40,5%-ը բաժին է ընկնում վիրաբուժական և անեսթեզիոլոգիական բարդություններին, ընդ որում՝ որոշ գնահատականների համաձայն՝ նման բարդությունների 50–71%-ը պոտենցիալ կանխարգելելի է։
Եվրոպայում իրականացված EuSOS հետազոտության տվյալներով՝ վիրահատական միջամտություններից հետո հիվանդանոցային մահաբերության միջին ցուցանիշը կազմել է 4%։ Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական բարդությունները կապված են եղել հիվանդների՝ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ չպլանավորված տեղափոխությունների 19–52%-ի հետ։ Այս տվյալները չի կարելի մեկնաբանել որպես վիրահատության ընթացքում մահվան անհատական հավանականություն, քանի որ ցուցանիշները պայմանավորված են հիվանդների վիճակի ծանրությամբ, միջամտությունների բնույթով և բժշկական օգնության կազմակերպմամբ։ Այնուամենայնիվ, դրանք համոզիչ կերպով ցույց են տալիս, թե ինչու պետք է անվտանգությունը մնա ժամանակակից անեսթեզիոլոգիայի առաջնահերթություններից մեկը։
Այսօր անզգայացման անմիջական հետևանքով առաջացող բարդությունների ռիսկը զգալիորեն նվազել է ֆարմակոլոգիայի, մոնիթորինգի և շնչուղիների անցանելիության ապահովման մեթոդների զարգացման շնորհիվ։ Գիտական գրականության մեջ ներկայացվում է անեսթեզիոլոգիական մահվան մոտավորապես մեկ դեպք՝ յուրաքանչյուր 100.000 անզգայացման հաշվով։
Հրապարակված հետազոտություններում մահացու անեսթեզիոլոգիական բարդությունների շուրջ 40%-ը կապվում է շնչուղիների անցանելիության ապահովման դժվարությունների հետ։ Մեծ Բրիտանիայում իրականացված աուդիտի տվյալներով՝ ընդհանուր անզգայացումների մեկ միլիոն դեպքի հաշվով արձանագրվել է հիպօքսիկ բարդությունների հետևանքով մահվան 5–20 դեպք, իսկ ուսումնասիրված կրիտիկական միջադեպերի 75%-ում շնչուղիների անցանելիության ապահովման որակը գնահատվել է որպես անբավարար։
Առանձին հետազոտություններում մնացորդային նյարդամկանային բլոկադա է հայտնաբերվել ռիսկի խմբի հիվանդների 30%-ի մոտ: Այն կապված է եղել հետվիրահատական շնչառական բարդությունների հետ, որոնք արձանագրվել են հիվանդների 20%-ի շրջանում։ Այս տվյալներն ընդգծում են շարունակական մոնիթորինգի և հիվանդին հետարթնացման հիվանդասենյակ տեղափոխելուց առաջ մկանային ուժի վերականգնման օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունը։
Անվտանգության ապահովումը սկսվում է վիրահատական սեղանին պացիենտի հայտնվելուց շատ ավելի վաղ։ Ավանդական մոտեցման դեպքում անեսթեզիոլոգի խորհրդատվությունը կարող էր իրականացվել վիրահատությունից 2–14 օր առաջ, իսկ վիրահատական միջամտությանը սպասելու ժամանակահատվածը կարող էր հասնել 50 օրվա։ Նման ժամանակահատվածը միշտ չէ, որ հնարավորություն էր տալիս ժամանակին հայտնաբերել և շտկել ուղեկցող հիվանդությունները։
Միջին և բարձր ռիսկ ունեցող պացիենտների համար կարող են կազմակերպվել վիրահատությանը նախապատրաստման հատուկ ծրագրեր, որոնք ներառում են ֆիզիկական վարժություններ, սնուցման աջակցություն, ծխախոտից և ալկոհոլից հրաժարում, հոգեբանական նախապատրաստում և քրոնիկ հիվանդությունների շտկում։
Ոչ պակաս կարևոր է բժշկի և պացիենտի համատեղ որոշումների կայացումը։ Պացիենտը պետք է հասկանա վիրահատության ակնկալվող օգուտը, հնարավոր բարդությունները և բուժման այլընտրանքային տարբերակները։
Վիրահատության ընթացքում անեսթեզիոլոգը շարունակաբար վերահսկում է օրգանիզմի կենսական կարևոր գործառույթները։ Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ միջին զարկերակային ճնշման նույնիսկ 55 մմ ս.ս.-ից ցածր կարճատև՝ մեկից հինգ րոպե տևողությամբ նվազումը կապվել է երիկամների սուր վնասման, սրտամկանի ինֆարկտի և հետվիրահատական ինսուլտի բարձր ռիսկի հետ։ Սա չի նշանակում, որ նման յուրաքանչյուր դրվագ անպայման կհանգեցնի բարդության, սակայն ընդգծում է արյան շրջանառության խանգարումների ժամանակին հայտնաբերման և շտկման կարևորությունը։
Ժամանակակից դեղամիջոցներն ու տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ կառավարելու անզգայացումը և նվազեցնելու բուժման անցանկալի հետևանքները։ Զարգանում են դեղամիջոցների թիրախային կոնցենտրացիայով ներմուծման մեթոդները, ռեգիոնար անզգայացման ընթացքում ուլտրաձայնային նավիգացիան և անզգայացման կառավարման ավտոմատացված համակարգերը։ Միևնույն ժամանակ, տեխնոլոգիաները չեն փոխարինում կլինիկական մտածողությանը․ սարքավորումները օգնում են հայտնաբերել փոփոխությունները, սակայն դրանց պատճառը պարզելը և ճիշտ որոշում կայացնելը բժշկի խնդիրն է։ Անեսթեզիոլոգներն ավելի ու ավելի հաճախ են ապահովում հիվանդների անվտանգությունը նաև ավանդական վիրահատարանից դուրս՝ էնդոսկոպիկ, ինտերվենցիոն սրտաբանական, նեյրոռադիոլոգիական միջամտությունների և ամբուլատոր կենտրոններում իրականացվող միջամտությունների ժամանակ։
Վիրահատության ավարտով պացիենտի նկատմամբ պատասխանատվությունը չի դադարում։ Հետարթնացման հիվանդասենյակում և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անհրաժեշտ է ժամանակին հայտնաբերել շնչառական խանգարումները, արյան շրջանառության անկայունությունը, արյունահոսությունը և այլ բարդություններ։
Որակյալ բժշկական օգնությունը միայն մոնիթորների ցուցանիշները, հոսպիտալացման տևողությունը և բարդությունների հաճախականությունը չեն։ Կարևոր է նաև հենց պացիենտի փորձառությունը։ Journal of Advanced Nursing ամսագրում 2024 թվականին հրապարակված ակնարկում, որն ընդգրկել էր 11 երկրում իրականացված 22 հետազոտություն, առանձնացվել են երեք հիմնական գործոններ, որոնք պայմանավորում են պացիենտների գնահատականը վիրահատական բուժօգնության վերաբերյալ՝ մատչելի և ամբողջական տեղեկատվությունը, բուժաշխատողների հետ հարգալից հարաբերությունները և առողջապահական համակարգի գործողությունների համաձայնեցվածությունը։ Հետևաբար, բացատրելու, լսելու և աջակցելու կարողությունը ոչ թե անեսթեզիոլոգի մասնագիտական հմտությունների հավելում է, այլ նրա մասնագիտական կարողունակության կարևոր բաղադրիչ։
Անեսթեզիոլոգի աշխատանքը կարող է շարունակվել նաև հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ վերականգնման ընթացքի հսկողության, քրոնիկ ցավի բուժման և պալիատիվ օգնության տրամադրման շրջանակում։ Այս իրավիճակներում հիմնական նպատակը ոչ միայն ախտանշանների վերահսկումն է, այլև մարդու կյանքի որակի պահպանումը։
Անեսթեզիոլոգիայի համաշխարհային օրը հիշեցնում է, որ անեսթեզիոլոգը պարզապես այն բժիշկը չէ, որն ազատում է պացիենտին վիրահատության ընթացքում ցավից։ Նա մասնագետ է, որը գնահատում է ռիսկերը, կանխում բարդությունները, պահպանում կենսական կարևոր գործառույթները, օգնում վերահսկելու ցավը և մասնակցում հիվանդի վերականգնմանը։ Նրա աշխատանքը հաճախ աննկատ է մնում պացիենտի համար, սակայն հենց այդ աշխատանքն է հնարավորություն տալիս բուժման ամենաբարդ փուլերից մի քանիսն անցնելու առավել անվտանգ պայմաններում։