Աշխարհում Covid-19 համավարակի գրեթե 2,8 միլիոն նոր դեպք և ավելի քան 13 000 մահ է գրանցվել 2023 թվականի հունվարի 9-ից 15-ն ընկած շաբաթվա ընթացքում, որը նախորդ շաբաթ (հունվարի 2-8) արձանագրված դեպքերին գերազանցում է համապատասխանաբար 3% և 15%-ով: 2023 թվականի հունվարի 15-ի դրությամբ աշխարհում գրանցվել է ավելի քան 672 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 6,7 միլիոն մահ:
Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, շաբաթական նոր հաղորդվող դեպքերի թիվը նվազել է 35%-ով, իսկ շաբաթական մահացությունների թիվը՝ 40%-ով:
Երկրների մակարդակով՝ նոր շաբաթական ամենաշատ դեպքերի առաջին եռյակում են Ճապոնիան (1 025 321 նոր դեպք), ԱՄՆ-ն (415 864 նոր դեպք) և Կորեան (291 նոր դեպք):
Շաբաթական նոր մահերի ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում (3922 ), Ճապոնիայում (2849), Չինաստանում (802):
Հարկ է նշել, որ SARS-CoV-2-ը՝ COVID-19-ի պատճառ հանդիսացող վիրուսը, ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվում է՝ ենթարկվելով մուտացիաների։ Այժմ մեծ հետաքրքրություն է ներկայացնում XBB.1.5 տեսակը, կամ, ինչպես նրան այլ կերպ անվանում են, «կրակեն»-ը, որը SARS-CoV-2-ի տարատեսակն է: Գնահատվում է, որ ներկայումս այն ունի զգալի աճի առավելություն Հյուսիսային Ամերիկայում:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի վերջին տեկեկատվության համաձայն՝ SARS-CoV-2-ի «կրակեն» տարբերակով հարուցված հիվանդության ռիսկը ընդհանուր բնակչության համար բարձր չէ, այն միջին և բարձր է խոցելի խմբերի համար, ինչպիսիք են 65 և բարձր տարիքի մարդիկ, չպատվաստվածները և իմունային համակարգի խնդիրներ ունեցող անձիք: Սակայն նոր տեղեկատվության հասանելիությանը զուգահեռ՝ այս գնահատականը կարող է նաև փոփոխվել:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ XBB1.5-ը կարող է գերիշխող դառնալ ԵՄ-ում մեկ-երկու ամիս հետո՝ հաշվի առնելով ԵՄ-ում առկա ցածր համամասնությունները և գնահատված աճի տեմպերը: Ներկայումս ազդանշաններ չկան, որ XBB.1.5-ի վարակի ծանրությունը չի տարբերվում առկա տեսակներից:
COVID-19-ի այս և այլ տեսակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է մշտապես պահպանել հակահամաճարակաբանական կանոնները՝ հատկապես սեզոնային գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ակտիվ շրջանում: