«BBC Science Focus Magazine» ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, գիտական տվյալները վկայում են, որ որովայնի հատվածի ճարպից ազատվելու միայն մեկ եղանակ կա։
Չնայած անվերջ գովազդներին, որոնք պնդում են, թե հինգրոպեանոց մարզումները կամ սննդակարգի հատուկ հնարքները կարող են ընտրողաբար «հալեցնել» որովայնի ճարպը, կենսաբանությունն այլ իրողություն է մատնանշում։
Նախ այն, թե մեր օրգանիզմը որտեղ է կուտակում և որտեղից է կորցնում ճարպը, մեծ մասամբ դուրս է մեր վերահսկողությունից և պայմանավորված է կենսաբանական սեռով, հորմոններով, ինչպես նաև գենետիկական ավելի քան 300 տարբերություններով, որոնք կապված են գոտկատեղ-կոնք հարաբերակցության գործակցի հետ։
Պետք է նշել, որ մաշկի տակ գտնվող ենթամաշկային ճարպը ծառայում է որպես առողջարար մեկուսիչ շերտ, իսկ կենսական նշանակություն ունեցող օրգանները շրջապատող որովայնային «խորքային» ավելցուկային վիսցերալ ճարպի առկայությունը առողջության համար լուրջ վտանգներ է պարունակում։ Այս խորը ընդերային ճարպը սերտորեն կապված է բորբոքման, ինսուլինառեզիստենտության և նյութափոխանակության հիվանդությունների բարձր ռիսկի հետ, ինչն ընդհանուր քաշի կառավարումը դարձնում է կենսականորեն կարևոր առողջապահական առաջնահերթություն։
Ուստի այս հատվածում ճարպից ազատվելը չափազանց կարևոր է։ Բայց ինչպե՞ս անել դա։
Քանի որ մարմնի որևէ կոնկրետ հատվածից ճարպի տեղային հեռացումը ֆիզիկապես անհնար է, ցանկացած միջոց կամ մարզումային ծրագիր, որը խոստանում է թիրախավորել որովայնի հատվածը, պարզապես շահարկում է ընդհանուր նիհարելու գործընթացը։ Եվ ահա թե որն է էականը. երբ ավելի շատ կալորիա եք ծախսում, քան ստանում, օրգանիզմը ճարպից ազատվում է համընդհանուր կերպով՝ այլ ոչ թե միայն մեկ կոնկրետ հատվածից, ուստի ամբողջ մարմնի քաշի նվազեցումը միակ ճիշտ ուղին է։
Ինչպե՞ս դա իրականացնել։
Ստեղծել կալորիաների դեֆիցիտ. հետևողականորեն ավելի շատ կալորիա սպառեք, քան ընդունում եք (մարդկանց մեծ մասի համար դա նշանակում է օրական մոտ 1500 կալորիա, սակայն խորհրդակցեք սննդաբանի հետ, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատուկ է)։
Ընտրեք սննդակարգի կայուն մոտեցում. ընդմիջվող քաղցը կամ սննդի ընդունման սահմանափակ ժամանակահատվածով սննդակարգը կարող են օգնել նվազեցնել կալորիաների ընդհանուր ընդունումը։
Պարբերաբար զբաղվեք ֆիզիկական վարժություններով: Կարդիո և ուժային մարզումները կարող են մեծացնել կալորիաների ծախսը և օգնել նվազեցնել մարմնի ճարպի ընդհանուր քանակը։
Սնվեք ավելի առողջարար: Խուսափեք խիստ վերամշակված մթերքներից և տրանս-ճարպերից։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տալիս, որ «Սնվեք առողջ, ոչ չափազանց շատ, հիմնականում՝ բուսական ծագման» սկզբունքը ողջամիտ խորհուրդ է. խուսափեք նորաձև, բայց անարդյունավետ սննդակարգերից, որոնք միայն կեղծ խոստումներ են տալիս։
Ելնելով վերոնշյալից կարող ենք եզրակացնել՝ իրանի հատվածն ավելի առողջ դարձնելու համար անհրաժեշտ է շարժել ամբողջ մարմինը, որդեգրել սննդակարգի կայուն սովորություններ և հրաժարվել ճարպի տեղային այրման մասին առասպելից։