Ինչպե՞ս է գործում Moderna-ի՝ քաղցկեղի դեմ նոր mRNA պատվաստանյութը

Ինչպե՞ս է գործում Moderna-ի՝ քաղցկեղի դեմ նոր mRNA պատվաստանյութը

Անհատականացված բժշկությունը և նոր սերնդի պատվաստանյութերը հեղաշրջում են կատարում ժամանակակից առողջապահության մեջ՝ ավանդական «մեկ մոտեցում բոլորի համար» սկզբունքից անցում կատարելով դեպի առավել թիրախային և ճշգրիտ բուժում։ Շնորհիվ գենոմիկայի, բիոտեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացման՝ այսօր հնարավոր է դառնում ստեղծել բժշկական լուծումներ, որոնք հարմարեցված են յուրաքանչյուր պացիենտի գենետիկական կոդին, կենսակերպին և օրգանիզմի առանձնահատկություններին:

Այս համատեքստում առանձնակի կարևորություն են ստանում անհատականացված պատվաստանյութերը, որոնք արդեն իսկ կիրառվում են ոչ միայն վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այլև քաղցկեղի և քրոնիկական այլ ախտահարումների բուժման նպատակով։ Իմունային համակարգը «մարզելով» կոնկրետ հիվանդի ուռուցքային մուտացիաների դեմ՝ այս պատվաստանյութերը բացում են բժշկության մի նոր դարաշրջան, որտեղ հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը դառնում են առավել անվտանգ, արդյունավետ և անհատականացված:

Պարզվել է, որ դեղամիջոցի հետ համակցված անհատականացված պատվաստանյութը կանխում է մաշկի քաղցկեղով պացիենտների մոտ ուռուցքների կրկնվելը։

«Ինտիսմերան» (intismeran) կոչվող՝ քաղցկեղի դեմ փորձարարական mRNA-պատվաստանյութը, որն անհատականացված է յուրաքանչյուր պացիենտի համար, մշակվել է Merck և Moderna դեղագործական ընկերությունների կողմից։

Այն կիրառվել է բարձր ռիսկայնության մելանոմա ունեցող պացիենտների շրջանում. այն մաշկի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է, որը Միացյալ Թագավորությունում տարեկան մոտ 2600 մահվան պատճառ է դառնում։

Նախնական արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութը կարող է երկարաձգել ռեմիսիան, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակով։

Սովորաբար, հիվանդության ամենածանր ձևն ունեցող պացիենտների միայն մեկ երրորդի մոտ  է ախտորոշումից հետո ապրելիության ցուցանիշը գերազանցում հինգ տարին։

Երրորդ փուլի այս կլինիկական փորձարկմանը մասնակցել են ավելի քան 1000 պացիենտներ, որոնք ունեցել են զարգացած փուլի մելանոմա. նրանց մի մասի մոտ առկա են եղել մեծ չափսերի ուռուցքներ մարմնի որոշակի հատվածում, իսկ մյուսների մոտ քաղցկեղը տարածված է եղել մարմնի այլ մասերում։

Ինչպե՞ս է գործում mRNA պատվաստանյութը։

Այս պատվաստանյութը ստեղծվում է կոնկրետ անձի համար՝ վերլուծելով ուռուցքը և մշակելով պատվաստանյութ, որը իմունային համակարգին ցույց է տալիս, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել։

«Քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութերը քաղցկեղի բուժման հիմնովին տարբերվող մոտեցում են։ Փոխանակ բոլոր պացիենտներին նույն դեղամիջոցը տալու՝ բուժումը մշակվում է հատուկ տվյալ պացիենտի և նրա մոտ առկա քաղցկեղի գենետիկական յուրահատուկ «ձեռագրի» հիման վրա», — նշել է Օքսֆորդի համալսարանի բժիշկ-ուռուցքաբան, խորհրդատու Լենարդ Լին։

Բժիշկները նախ հեռացնում են յուրաքանչյուր պացիենտի ուռուցքը։ Այնուհետև կատարվում է բիոպսիայի նմուշի ԴՆԹ-ի հետազոտություն՝ ուռուցքի բջիջներում մուտացիաներ հայտնաբերելու նպատակով։

«Այդ մուտացիաները կարող են առաջացնել անոմալ սպիտակուցներ՝ այսպես կոչված նեոանտիգեններ, որոնք ճանաչելի են իմունային համակարգի համար», – պարզաբանել է դոկտոր Լին։

«Պատվաստանյութն օգտագործում է mRNA՝ ընտրված նեոանտիգեններին համապատասխանող հրահանգներ տրամադրելու նպատակով, որպեսզի վարժեցնի պացիենտի իմունային համակարգը՝ հատկապես T-բջիջները, ճանաչելու և հարձակվելու դրանք կրող քաղցկեղային բջիջների վրա», – հավելել է նա։

Պատվաստանյութը ներարկվում է ինը չափաբաժնով՝ երեք շաբաթը մեկ պարբերականությամբ, ընդ որում՝ նույն պարբերականությամբ կիրառվում է նաև իմունոթերապևտիկ դեղամիջոց «Քեյտրուդա»-ի (Keytruda) մեկ կուրս։

Բժիշկ Լին հավելել է, որ այս փորձարկման շրջանակում անհատականացված բուժման յուրաքանչյուր տարբերակ կոդավորում է մինչև 34 նեոանտիգեն և կիրառվում է պեմբրոլիզումաբի՝ արդեն իսկ հաստատված իմունոթերապևտիկ դեղամիջոցի հետ համատեղ։ Պարզ ասած՝ բուժման մի տեսակն օգնում է իմունային համակարգին հասկանալ, թե ինչ պետք է փնտրել, իսկ մյուսը նպաստում է իմունային պատասխանի «արգելակների» բացթողմանը։

Արդյո՞ք այն կարող է արդյունավետ լինել քաղցկեղի այլ տեսակների դեպքում։ Merck-ը և Moderna-ն փորձարկում են նմանատիպ այլ անհատականացված պատվաստանյութեր՝ նախատեսված թոքերի, միզապարկի և երիկամների քաղցկեղի համար։ Թոքերի քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները հասել են վերջնական՝ երրորդ փուլին, մինչդեռ երիկամների և միզապարկի քաղցկեղի դեմ պատվաստանյութերի փորձարկումները դեռևս երկրորդ փուլում են։

Սակայն հույս կա, որ այս տեսակի պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել ուռուցքների բազմաթիվ տարբեր տեսակների դեպքում։