Համաձայն Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալների՝ 2023թ. Եվրոպական միության վեց երկիր հաղորդել է կարմրուկի 9 հաստատված դեպքի մասին, այդ թվում՝ Ավստրիայում (1), Գերմանիայում (2), Ֆրանսիայում (3), Իտալիայում (1), Սլովակիայում (1) և Իսպանիայում (1):
Այս տարվա մարտի 7-ի դրությամբ կարմրուկի բռնկումներ են գրանցվել Ավստրիայում և Սլովակիայում:
Հատկանշական է, որ տարածաշրջանում 2022թ.-ից առ այսօր կարմրուկից մահացության դեպքեր չեն գրանցվել:
Կարմրուկի դեպքերը գրանցվում են նաև Եվրոպական տարածաշրջանից դուրս: Օրինակ՝ Հնդկաստանը 2023թ.-ի մարտ 10-ի դրությամբ հաղորդել է երկրի չորս շրջաններում կարմրուկի բռնկման և 143 դեպքի մասին:
Համաձայն ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի 2022թ. հունվար-դեկտեմբերի տվյալների՝ տարածաշրջանում գրանցվել է կարմրուկի ընդհանուր 902 դեպք, այդ թվում՝ Ադրբեջանում (1), Բոսնիա և Հերցեգովինայում (6), Վրաստանում (12), Ղազախստանում (10), Ղրղզստանում (20), Ռուսաստանում (102), Տաջիկստանում (451), Թուրքիայում (115), Ուկրաինայում (11), Միացյալ Թագավորությունում (50), Ուզբեկստանում (8) և այլն:
Մասնագետների գնահատմամբ` 2020թ. մարտից հետո Եվրոպական երկրների կողմից արձանագրված կարմրուկի դեպքերի զգալի անկումը, որը շարունակվել է մինչև 2023 թվականը, հակասում է կարմրուկի սովորական տարեկան և սեզոնային օրինաչափությանը, որը գագաթնակետին է հասնում գարնանը՝ բարեխառն կլիմայական պայմաններում:
Երևույթը կարող է բացատրվել թերի հաշվետվողականության, թերախտորոշման, ինչպես նաև COVID-19 հակահամաճարակային միջոցառումների հետ։
Միևնույն ժամանակ, հիվանդության դեպքերի ներկայի դինամիկան կարող է բացատրվել COVID-19 դեմ պայքարի ոչ դեղորայքային միջամտությունների չեղարկմամբ։
Կարմրուկի նկատմամբ ակտիվ հսկողությունը և հանրային առողջության միջոցառումները, ներառյալ պատվաստումների բարձր ցուցանիշները, հիմք են հանդիսանում դեպքերի թվի և բռնկումների հնարավոր աճին պատշաճ արձագանքելու համար:
Հայաստանում նույնպես 2023թ. մարտից արձանագրվել է կարմրուկի դեպքերի թվի աճ:
Ըստ ՀՀ ԱՆ մարտի 13-ին հրապարակած տվյալների՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի, որը 17-ով գերազանցում է 2015թ. արձանագրված ցուցանիշը։
Հարկ է նշել, որ պացինտներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չեն, իսկ 4-ը՝ պատվաստված են միայն 1 դեղաչափով:
Կարմրուկի դեմ պատվաստումների գործընթացի ակտիվացում է նկատվում նաև ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցների «Հերացի» և «Մուրացան» պոլիկլինիկաներում:
Մասնավորապես, մարտի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում պատվաստվել է 760 քաղաքացի՝ համապատասխանաբար 281 և 479:
Պատվաստվածներից 589-ը 0-18 տարեկան երեխաներ են, իսկ 40-ը՝ 18-ից բարձր տարիքի անձիք:
Պետք է առանձնահատուկ նշել, որ պատվաստված քաղաքացիներից 17%-ը նախկինում պատվաստումից հրաժարված անձիք են, որոնք հավանաբար մտափոխվել են հիվանդության դեպքերի թվի աճի արդյունքում:
Սիրելի՛ հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ կարմրուկի դեմ պայքարի և հիվանդությունը մեր երկրում վերացնելու միակ արդյունավետ միջոցը պատվաստումներն են: