Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կրկին կարմրուկի մասին

Կրկին կարմրուկի մասին

Անգլիայում արձանագրվել է կարմրուկից մահվան դեպք երեխայի մոտ: Երկրում 2024թ. հաստատվել է կարմրուկի ավելի քան 2465 դեպք, որից 78-ը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում, ինչը գնահատվել է որպես ամենամեծ բռնկումը վերջին տասնամյակում: Դեպքերի գրեթե 2/3-ը (1513) կազմել  են 10 տարեկանից ցածր երեխաները: Հետազոտությունից պարզվել է, որ Լոնդոնի որոշ շրջաններում պատվաստման ենթակա երեխաների միայն կեսն է ընդգրկվել  կարմրուկի, կարմրախտի, խոզուկի  (ԿԿԽ) երկու դեղաչափ պատվաստումներում: Պատվաստման նույնքան ցածր ցուցանիշներ են դիտարկվել նաև Լիվերպուլում, Մանչեսթերում և Բիրմինգհեմում։

Մեծ Բրիտանիայում վերջին տարիներին նկատվել է կարմրուկի դեպքերի ակտիվացում: Համաձայն առողջապահության անվտանգության գործակալության վերջին տվյալների՝ 2023թ. Անգլիայում և Ուելսում գրանցվել է կարմրուկի 1603 դեպք, որը ավելի քան երկու անգամ գերազանցել է 2022թ. դեպքերը՝ 735,  գրեթե 5 անգամ 2021թ. դեպքերը՝ 360։

Երկրում ձեռնարկվում են ակտիվ իրազեկման միջոցառումներ ծնողների շրջանում պատվաստումային ընդգրկվածությունը բարձրացնելու նպատակով: Մասնագետները զգուշացնում են, որ կարմրուկը կանխարգելելու համար  անհրաժեշտ է 2 դեղաչափ ԿԿԽ պատվաստում: Կարմրուկը սկսվում է բնորոշ ցանով և ջերմությամբ, սակայն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների՝ թոքաբորբ, էնցեֆալիտ, ընդհուպ՝ մինչև մահվան ելքով: Հետազոտությունները փաստում են, որ վարակված յուրաքանչյուր հինգերորդ երեխան հոսպիտալացվում է, իսկ յուրաքանչյուր 15-րդ երեխայի մոտ զարգանում են լուրջ բարդություններ:

Անգլիայում կարմրուկի շարունակական բռնկումները երեխաների շրջանում՝ բազմաթիվ հիվանդության և մեկ մահվան ելքով, վկայում են ժամանակին և լիարժեք պատվաստումների կարևորության մասին, քանի որ կարմրուկից լավագույն պաշտպանությունը պատվաստումներն են:

Մեծ Բրիտանիայում ԿԿԽ պատվաստանյութի վերաբերյալ բացասական վերաբերմունքը սկսել է տարածվել  2000-ականների սկզբից, երբ 1998թ. ներկայում վարկաբեկված Էնդրյու Ուեյքֆիլդը իր ուսումնասիրությունից հետո սխալմամբ պատվաստումը կապել էր աուտիզմ հիվանդության առաջացման հետ: Վերջինս հետագայում  բազմաթիվ փաստերով հերքվել է:

Հարկ է նշել, որ ԿԿԽ պատվաստանյութի երկու դեղաչափերը ապահովում են մինչև 99% պաշտպանություն երեք հիվանդություններից, որոնք կարող են հանգեցնել թոքաբորբի, մենինգիտի, լսողության կորստի, հղիության ընթացքում պտղի բնածին արատների և այլ խնդիրների: Բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է բնակչության առնվազն 95%-ի ընդգրկվածությունը ԿԿԽ պատվաստումներում: