Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի (ՇԴ) դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2026 թվականին այն անցկացվում է «Շաքարային դիաբետի դեմ ժամանակին ձեռնարկվող միջոցառումներ» կարգախոսով։
Թեմայի արդիականությունը պայմանավորված է հիվանդության գլոբալ բեռի շարունակական և մտահոգիչ աճով։ Շաքարային դիաբետի միջազգային ֆեդերացիայի /IDF/«Շաքարային դիաբետի ատլասի» համաձայն՝ 2024 թվականին աշխարհի 20–79 տարեկան չափահաս բնակչության 11․1%-ը (շուրջ 589 միլիոն մարդ) ապրել է ՇԴ-ով։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը հիվանդության տարածվածությունը կհասնի 13%-ի, իսկ հիվանդների բացարձակ թիվը կկազմի 853 միլիոն։
Հետազոտական NCD Risk Factor Collaboration կոնսորցիումի վերլուծության արդյունքները, որոնք հիմնված են 141 միլիոն մարդու ընդգրկած տվյալների վրա, վկայում են խնդրի առավել մեծ մասշտաբների մասին․ 2022 թվականին 18 տարեկանից բարձր ՇԴ ունեցող անձանց թիվը հասել է 828 միլիոնի։ Աշխարհում ՇԴ-ի բոլոր դեպքերի շուրջ 90–95%-ը բաժին է ընկնում 2-րդ տիպի ՇԴ-ին, որի ախտածագման հիմքում ընկած են ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների ֆունկցիայի աստիճանական խանգարումը և ինսուլինակայունությունը։
Հիվանդության համաճարակաբանական պատկերը բնութագրվում է ժողովրդագրական, սոցիալական և աշխարհագրական զգալի անհամաչափություններով։ Տարածվածության առավել բարձր ցուցանիշներ արձանագրվում են 75–79 տարեկանների տարիքային խմբում (24․8%), ինչպես նաև 65 տարեկանից բարձր անձանց շրջանում (23․7%)։ Ըստ տարիքի ստանդարտացված տարածվածությունն ավելի բարձր է տղամարդկանց, քան կանանց շրջանում (համապատասխանաբար՝ 11․6% և 10․7%), ինչպես նաև քաղաքային բնակչության շրջանում՝ գյուղական բնակչության համեմատ (12․3%՝ 9․2%-ի դիմաց)։ ՇԴ ունեցող անձանց ավելի քան 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Նույն երկրներին բաժին կհասնի նաև մինչև 2050 թվականը հիվանդության դեպքերի գլոբալ աճի 95․3%-ը։
Տարածաշրջանային կտրվածքով հիվանդության առավել բարձր տարածվածությունն արձանագրվում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում՝ 2024 թվականի 19․9%-ից մինչև 2050 թվականը 22․8% աճի կանխատեսմամբ։ Հիվանդների բացարձակ թվով առաջատար դիրքերում են Չինաստանը (148 միլիոն), Հնդկաստանը ( 90 միլիոն) և ԱՄՆ-ը (39 միլիոն)։
Նույնիսկ առողջապահական զարգացած համակարգեր և հիվանդությունների գրանցման կատարելագործված մեխանիզմներ ունեցող երկրներում խնդիրը շարունակում է խորանալ։ Այսպես, Դանիայում 1996–2025 թվականներին ՇԴ-ի տարածվածությունն աճել է ավելի քան երեք անգամ՝ հասնելով երկրի ընդհանուր բնակչության 6․1%-ին։
Գլոբալ և տարածաշրջանային այս միտումների համատեքստում Հայաստանի Հանրապետությունում ձևավորված համաճարակաբանական իրավիճակը նույնպես արտացոլում է ընդհանուր օրինաչափությունները։ IDF-ի գնահատականների համաձայն, որոնք հիմնված են 2016 թվականի WHO STEPS հետազոտության տվյալների վրա, Հայաստանում 20–79 տարեկան ՇԴ ունեցող չափահասների թիվը 2011 թվականին կազմել է 191,7 հազար, 2024 թվականին՝ 168,1 հազար, իսկ մինչև 2050 թվականը կանխատեսվում է դրա աճը մինչև 189,2 հազար։ Հայաստանում ՇԴ ունեցող անձանց 40.6%-ը դեռևս չունի հաստատված ախտորոշում։ Միևնույն ժամանակ, ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի 1995–2025 թվականների ազգային վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է ՇԴ2-ի տարածվածության արտահայտված աճի մասին (2010թ․-ին ցուցանիշը կազմել 1383․1/ 100 000, իսկ 2025 թվականին հասել է 4681․7-ի)։ Ընդ որում, 2025 թվականին չափահաս բնակչության շրջանում տարածվածության ցուցանիշը կազմել է 4908.1/100 000։ ՇԴ2-ի առաջնակի հիվանդացությունը նույնպես աճել է՝ 2010 թվականի 100 000 բնակչի հաշվով 180.1-ից հասնելով 285.4-ի՝ 2020 թվականին, և 437.5-ի՝ 2025 թվականին։ Չափահաս բնակչության շրջանում վերջին ցուցանիշը կազմել է 458.6՝ 100 000 բնակչի հաշվով։
Հիվանդության տարածքային բաշխվածության վերլուծությունը բացահայտում է զգալի ներքին անհամաչափություններ։ 2025 թվականին չափահաս բնակչության շրջանում ՇԴ2-ի առաջնակի հիվանդացության առավել բարձր ցուցանիշներն արձանագրվել են Արմավիրի (622.4/100 000), Վայոց ձորի (610.2), Տավուշի (607.5) և Արարատի (603.5) մարզերում։ Այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մայրաքաղաք Երևանում գրանցված ցուցանիշը՝ 333.3։ Ինչ վերաբերում է 1-ին տիպի շաքարային դիաբետին (ՇԴ1), ապա 2025 թվականին դրա տարածվածությունը կազմել է 267.4/100 000, իսկ չափահաս բնակչության շրջանում՝ 306.2։ Առաջնակի հիվանդացության համապատասխան ցուցանիշները կազմել են 22.2 և 23.9՝ 100 000 բնակչի հաշվով։
Հիվանդության արդյունավետ վերահսկման հիմնական խոչընդոտներից մեկը շարունակում է մնալ ախտորոշման լուրջ պակասը։ IDF-ի 2026 թվականի տվյալների համաձայն՝ աշխարհում ՇԴ ունեցող անձանց 42.8%-ը տեղյակ չէ իր հիվանդության մասին։ Չբացահայտված դեպքերի 81.8%-ը կենտրոնացած է միջին եկամուտ ունեցող երկրներում։
30 տարեկանից բարձր ՇԴ ունեցող հիվանդների 59%-ը չի ստանում դեղորայքային բուժում։
Հիվանդության ուշացած ախտորոշումը նպաստում է ծանր անոթային բարդությունների զարգացմանը և պայմանավորում տարեկան շուրջ 3,4 միլիոն մահ, որոնցից 2,4 միլիոնը վաղաժամ մահեր են՝ մինչև 70 տարեկան անձանց շրջանում։
IDF-ի՝ 2026 թ-ին վեց երկրում մեծահասակների շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների միայն 15%-ն է իրեն համարել 2-րդ տիպի ՇԴ-ի զարգացման ռիսկի ենթակա։ Միևնույն ժամանակ, հարցվածների 67%-ը սխալմամբ համոզված է եղել, որ նախադիաբետը և ՇԴ-ի վաղ փուլերը միշտ ուղեկցվում են արտահայտված ախտանշաններով, իսկ 43%-ը նշել է, որ բավարար տեղեկացվածություն չունի այն մասին, թե ինչպես և որտեղ կարելի է անցնել համապատասխան հետազոտություն։
Ժամանակին ձեռնարկվող միջոցառումների կլինիկական արդյունավետությունը համոզիչ կերպով հաստատվել է հիմնարար հետազոտություններով։ UKPDS կլինիկական փորձարկման արդյունքների համաձայն՝ ախտորոշումից անմիջապես հետո գլիկեմիայի ինտենսիվ վերահսկումը հանգեցրել է միկրոանոթային բարդությունների հաճախականության 25% նվազման, իսկ երկարաժամկետ դիտարկման ընթացքում արձանագրվել է նաև սրտամկանի ինֆարկտի ռիսկի 15% նվազում։ Գլյուկոզայի նկատմամբ խանգարված տանելիություն ունեցող անձանց շրջանում կենսակերպի փոփոխմանն ուղղված ծրագրերը նվազեցնում են ՇԴ2-ի զարգացման հավանականությունը 35–47%-ով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ մինչև 2030 թվականը ՇԴ ունեցող անձանց առնվազն 80%-ի ախտորոշումն ապահովելու գլոբալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է առաջնային բուժօգնության համակարգում կիրառվող ռազմավարությունների համակողմանի վերանայում։
Իրազեկվածության և ֆինանսական խոչընդոտների հաղթահարումը, ախտորոշիչ ծառայությունների հասանելիության ապահովումը մարդու առօրյա միջավայրին հնարավորինս մոտ, ինչպես նաև բժշկական օգնության շարունակական շղթայի ձևավորումը՝ առաջնային հայտնաբերումից մինչև օրգանները պաշտպանող բուժական միջամտություններ, ՇԴ-ի գլոբալ համաճարակի արդյունավետ վերահսկման վճռորոշ նախապայմաններն են։