Յոթ մասնագիտությամբ 203 շրջանավարտ՝ ԵՊԲՀ քոլեջում

Յոթ մասնագիտությամբ 203 շրջանավարտ՝ ԵՊԲՀ քոլեջում

ԵՊԲՀ քոլեջն արդեն տարիներ շարունակ պատրաստում է առողջապահության ոլորտի պահանջներին համապատասխան մրցունակ միջին մասնագիտական կադրեր՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական պատրաստվածությունը։

Շրջանավարտները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական ուղին բուժհաստատություններում կամ կրթությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ամուր հիմք ունենալով հետագա զարգացման համար։

Յոթ մասնագիտությամբ 203 ուսանող, որից 6-ը՝ կարմիր դիպլոմով, ավարտեցին ուսումը ԵՊԲՀ քոլեջում։

Կարմիր դահլիճում, ծնողների և դասախոսական կազմի մասնակցությամբ կայացած միջոցառմանը դիպլոմները նորավարտներին հանձնում էր քոլեջի տնօրեն Վահե Այվազյանը։

Քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ծովինար Փիրումյանը, դիմելով ներկաներին, նշեց, որ եթե որևէ բան չի ստացվում, պետք չէ հիասթափվել, այլ պետք է պայքարել, քանի որ կյանքը պայքար է:

«Քոլեջը ձեզ ոչ միայն մասնագիտություն տվեց, այլև ձևավորեց որպես անհատներ, իսկ մեր նպատակն էր, որպեսզի ավարտողները լինեն ինքնավստահ և նպատակասլաց։ Դուք կանգնած եք նոր ճանապարհի սկզբում, որտեղ ձեզ սպասում են նոր հաղթանակներ, նոր նպատակներ և անսահման հնարավորություններ»,- ասաց նա:

Նշենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում գործող քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է,  ուր կարող են ընդունվել 9-րդ և 12-րդ դասարաններն ավարտած աշակերտները՝ առանց տարիքային սահմանափակման։ Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։