Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դերենիկ Հրանտի Դումանյան

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ. Դումանյանը ծնվել է Երևանում, նա արմատներով Շամշադինի Արծվաբերդ գյուղից է։

1960-1970 թվականներին սովորել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցում:

1970-1971 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ որպես ցրիչ:

1971-1972 թվականներին աշխատել էԵրևանի թիվ 2 տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես բանվոր:

1972 թվականին ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1978-1979 ուսումնական տարում:

1982-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում, եղել է ասպիրանտուրայի հայցորդ և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1979-1984 թվականներին աշխատել է որպես Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ:

1984-1985 թվականներին եղել է Երևանի թիվ 19 պոլիկինիկայի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1985-1986 թվականներին՝ Երքաղգործկոմի առողջապահության բաժնի բժիշկ-տեսուչ, 1986-1992 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի, առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար:

1992-1997 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի առաջին տեղակալ:

1997-2011 թվականներին եղել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ:

2009 թվականին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։

2009-2012 թվականներին ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ էր, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։

Եղել է «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ։

2011 թվականի մարտին ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար,իսկ 2011 թվականի ապրիլին՝ ռեկտոր։

Նրա ղեկավարությամբ համալսարանում իրականացվեցին կրթական կառուցվածքային և ֆինանսատնտեսական բարեփոխումներ, որոնց արդյունքում կատարվեցին մի շարք վերակազմավորումներ: Մինչ այդ գործող ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներին ավելացան հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետները:

Ռուսերեն և անգլերեն լեզուներով օտարեկրացիների ուսուցման բաժինների վերակազմավորումը հանգեցրեց օտարերկրացիների ուսուցման դեկանատի կազմավորմանը: Տարանջատվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև նախադիպլոմային և հետբուհական կլինիկական ամբիոնները: Համալսարանում ստեղծվեց կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններով:

Մշակվեց կենտրոնի ռազմավարությունը, ձևավորվեցին կենտրոնական և ֆակուլտետային հանձնաժողովներ:

Նրա նախաձեռնությամբ՝ համաձայն 2011 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության որոշման՝ ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվեց ԵՊԲՀ-ին: Այդ առիթով համալսարանում ստեղծվեցին հետբուհական և շարունակական կրթություն իրականացնող 30 ամբիոններ, որոնք տեղակայված էին Երևանի բոլոր առաջատար կլինիկաներում:

2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Դ. Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։

Դ. Դումանյանը ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է։ 2006 թվականին պարգևատրվել է ՌԴ

Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով, 2009 թվականին` «Ծովակալ Իսակովի» անվան մեդալով,

1998 թվականին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թվականի երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»:

2002 թվականին արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրի,

2003 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի,

2004 թվականին՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալի,

2005 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրի:

2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,

2010 թվականին` ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով,

2011 թվականին` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

Ունի լեյտենանտի կոչում։