Բժշկական բարձրագույն կրթության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, անվանի վիրաբույժ Ս. Գալստյանը ծնվել է Թիֆլիսում:
Միջնակարգ կրթությունը ստացել է Ներսիսյան դպրոցում, որի լուծարումից հետո ուսումը շարունակել է աշխատանքային դպրոցում, որն ավարտել է 1926 թվականին: 1927 թվականին գալով Հայաստան՝ ընդունվում է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որտեղ սովորելու տարիներին կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ստիպված էր աշխատել նորմալ անատոմիայի ամբիոնում՝ որպես պրեպարատր:
1931 թվականին ավարտելով ինստիտուտը՝ գործուղվում է Կապան:
1933 թվականին, երբ նա արդեն բժշկական ինստիտուտի վիրաբուժական կլինիկայի ասպիրանտ էր, գործուղվում է Մոսկվա, որտեղ 2-րդ բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում անցկացնում է ասպիրանտական ուսումնառությունը: Ասպիրանտուրան ավարտելուց հետո վերադառնալով Երևան՝ նա նշանակվում է բժշկական ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի ասիստենտ, որով սկսվում է նրա գիտամանկավարժական գործունեությունը:
1938 թվականին զորակոչվելով բանակ՝ նա ստիպված է լինում ժամանակավորապես թողնել գիտամանկավարժական գործունեությունը: Մեկ տարի անց հիվանդության պատճառով ազատվելով զինծառայությունից՝ վերադառնում է Երևան՝ շարունակելով աշխատանքը բժշկական ինստիտուտում՝ որպես ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1940 թվականին գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ համատեղ կատարում է նաև 3-րդ կլինիկական հիվանդանոցի տնօրենի պարտականությունները: 1941 թվականին սկսված պատերազմը պատճառ է դառնում բազմաթիվ էվակոհոսպիտալների կազմակերպմանը, և Սուրեն Գալստյանը զորակոչվելով՝ նշանակվում է Ծաղկաձորում գործող էվակոհոսպիտալի գլխավոր վիրաբույժ, ապա՝ Ալավերդու և Ախթալայի էվակոհոսպիտալների պետ:
1944 թվականին, ամփոփելով փորձարարական աշխատանքների արդյունքները, պաշտպանում է թեկնածուական թեզ՝ արժանանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճանի: Պատերազմի ավարտից հետո Ս. Գալստյանը շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնում, իսկ 1947-1950թթ. համատեղությամբ աշխատում է որպես արյան փոխներարկման և արյունաբանության գիտահետազոտական ինստիտուտի բաժանմունքի վարիչ և գիտական քարտուղար:
1955 թվականին ընդունվելով ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժական ինստիտուտի դոկտորանտուրան՝ մեկնում է Մոսկվա: 1959 թվականին, ամփոփելով իր փորձարարական աշխատանքների արդյունքները, պաշտպանում է դոկտորական ատենախոսություն: Մոսկվայից վերադառնալուց հետո նա զբաղեցնում է ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը՝ միաժամանակ ղեկավարելով բժիշկների կատարելագործման ֆակուլտետի գործունեությունը:
1960 թվականին Ս. Գալստյանը նշանակվում է բժշկական ինստիտուտի ռեկտոր և այդ պաշտոնում մնում մինչև 1962 թվականը: 1963 թվականին անվանի վիրաբույժը հիմնադրում է մանկաբուժական, սանիտարահիգիենիկ և ստոմատոլոգիական ֆակուլտետների ընդհանուր վիրաբուժության ամբիոնը և այն ղեկավարում մինչև վերջինիս միավորվելը համաինստիտուտային ընդհանուր վիրաբուժության ամբիոնին:
1969 թվականին Ս. Գալստյանը երկրորդ անգամ է նշանակվում ինստիտուտի ռեկտոր և ղեկավարում նրա գործունեությունը մինչև 1971 թվականը: Որպես սկզբունքային, անաչառ և գիտակ ղեկավար՝ նրան անհանգստացնում էին բժշկական կադրերի պատրաստման և կադրային քաղաքականության մեջ տեղ գտած թերությունները և սխալները:
Լուծված համարելով հանրապետությունում բժիշկների քանակի պրոբլեմը՝ նա կարևորում էր որակյալ մասնագետներ, շրջանավարտներ պատրաստելու գործընթացը, որը ենթադրում էր ցածր առաջադիմություն ունեցող ուսանողին ոչ թե մի կերպ փոխադրել կուրսից կուրս, այլ հեռացնել ինստիտուտից՝ հնարավորություն տալով 1-2 տարի աշխատել արտադրությունում և բժիշկ դառնալու հաստատ որոշմամբ և աշխատավայրից դրական բնութագրի դեպքում վերականգնել: Այլ կերպ ասած՝ նա չէր ընդունում միջակ ընդունակություններով ուսանողի ներկայությունը բժշկական բարձրագույն հաստատությունում:
Որպես ռեկտոր՝ Սուրեն Գալստյանին մտահոգում էր նաև դասախոսական կադրերին փոխարինողների պատրաստման հարցը: Նույն հնչեղությամբ նրան անհանգստացնում էր նաև ուսումնական գործընթացում հարմարավետ լաբորատորիաների, տեխնիկական միջոցների բացակայությունը, որից դուրս գալու միակ ելքը ռեկտորը համարում էր նոր մասնաշենքի կառուցումն արագացնելը և միջոցներ չէր խնայում լաբորատոր մասնաշենքի կառուցումն արագացնելու ուղղությամբ: Նշված հարցերից բացի՝ նրան հետաքրքրում էր դասախոսի ծանրաբեռնվածության հարցը: Նա գտնում էր, որ որքան շատ են խմբում ուսանողները, այնքան բարձր է դասախոսի ծանրաբեռնվածությունը, հետևաբար՝ ցածր է արդյունավետությունը, և կողմնակից էր խմբերում ընդգրկված ուսանողների թվի նվազեցմանը: Իր ռեկտորական գործունեության ընթացքում նա զգալի տեղ էր հատկացնում դասախոսություններին ուսանողների պարտադիր հաճախելուն, ուսանողների ինքնուրույն աշխատանքին և նրանց գիտական գործունեությանը:
Սուրեն Գալստյանի գիտահետազոտական աշխատանքների արդյունքները զգալի ավանդ են հայրենական և համաշխարհային բժշկագիտության մեջ, նա մշակել և առաջարկել է բուժման նոր, յուրահատուկ վիրահատության եղանակ, որը ընդունվել է միջազգային առաջնակարգ մասնագետների կողմից:
Ս. Գալստյանը լայն պրոֆիլի առաջնակարգ վիրաբույժ էր, ով ոչ միայն անցել է վիրաբուժական լավ դպրոց, այլև ստեղծել է սեփականը: Անվանի գիտնականը նաև հասարակական ակտիվ գործիչ էր: Նա մի քանի անգամ ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, կուսկազմակերպության Երևանի քաղկոմի անդամ, Հայաստանի կոմկուսի համագումարի պատգամավոր: Իր ծառայությունների համար Ս. Գալստյանը բազմիցս խրախուսվել է՝ պարգևատրվելով «Աշխատանքային Կարմիր դրոշի»՝ 2, «Պատվո նշան»՝ 2 շքանշաններով,բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով: Նա իր մահկանացուն կնքել է 90 տարեկան հասակում:
Հ․Գ․ Բժշկական ինստիտուտի պատմության մեջ առաջինը նրան են կոչել ռեկտոր։