Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի կողմից կազմակերպված դասընթացի նպատակն է բժիշկներին ծանոթացնել ստոմատոլոգիական իմպլանտացիայի պլանավորման և առաջադեմ վիրահատական մեթոդներին ու տեխնոլոգիաներին:
Բժշկական բուհը համախմբել է ոչ միայն հայաստանցի, այլև Իրանից, Սիրիայից, Հորդանանից, Գերմանիայից, Ռուսաստանից ժամանած մասնագետների։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսոր, Միացյալ Թագավորության Բիրմինգեմ քաղաքի Ալստերի համալսարանի բժշկության և ստոմատոլոգիայի քոլեջի պրոֆեսոր, Մանչեստերի Tipton Training դասընթացի ավագ դասախոս, Լիտվայի Կաունաս քաղաքի MED ակադեմիայի ավագ դասախոս, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող CleanImplant հիմնադրամի պատվավոր գործընկեր և դեսպան, Նիդերլանդների Mondcentrum Eyckholt Roosteren բժշկական կենտրոնի պարոդոնտոլոգ և իմպլանտոլոգ, իմպլանտոլոգիայի պրոֆեսոր Կուրդ Բոլլենի խոսքով՝ դասընթացի առանձնահատկությունը ոչ միայն տեսական, այլև գործնական հմտությունների զարգացումն է։
«Մենք այն կդարձնենք շարունակական և հետագայում պարբերաբար կանցկացնենք նման հանդիպումներ այստեղ՝ Երևանում։ Հաջորդ դասընթացը, գուցե, նվիրված կլինի պերիոդոնտոլոգիայի թեմային», – տեղեկացրեց հոլանդացի իմպլանտոլոգը։ Նրա փոխանցմամբ՝ տարածաշրջանից դուրս ևս մասնագետները ցանկություն են հայտնում մասնակցելու դասընթացներին։ «Օրինակ, Բելգիայի և Նիդերլանդների իմ շատ գործընկերներ նման ցանկություն են հայտնել։ Դասընթացը կարող է ընդլայնվել և միջազգային բնույթ ստանալ», – հավելեց Կուրդ Բոլլենը։
Մասնագիտական զեկույցի ընթացքում նա ներկայացրեց ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի վիրահատական տեխնիկաները և դրանց կիրառման առանձնահատկությունները՝ ուշադրություն հրավիրելով հատկապես կարեր տեղադրելու ճիշտ մեթոդիկայի վրա և խորհուրդ տալով անընդհատ փորձել ու հմտանալ։
Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանի զեկույցը վերաբերում էր իմպլանտների կառուցվածքին, տեսակներին և դասակարգմանը։ Նրա խոսքով՝ դասընթացը ներառում է իմպլանտոլոգիայի ամբողջ սեկտորը՝ ոչ միայն տեսական դասախոսություններ, այլև ձեռքի հմտությունների զարգացումը։
«Սիմուլյացիոն կենտրոնում մասնակիցներից յուրաքանչյուրը 8 իմպլանտ կտեղադրի խոզերի ծնոտների մոդելների վրա», – ավելացրեց նա։
Մասնակիցների շարքում էր Իրանից ժամանած ԵՊԲՀ շրջանավարտ Անի Անդրեասյանը, որն արդեն 14 տարի սեփական կլինիկան ունի Թեհրանում․ «Ուրախ եմ, որ այս դասընթացը Երևանում կազմակերպվեց, և ես հնարավորություն ունեցա մասնակցելու»։
Ստոմատոլոգիայի բնագավառի ներկայացուցիչների մասնակցությամբ այս միջոցառումը կշարունակվի ևս 4 օր՝ ամփոփելով արդյունքները հոկտեմբերի 12-ին։