Ամեն տարի նոյեմբերի 20-ին նշվում են Երեխայի համաշխարհային և Մանկաբույժի միջազգային օրերը։
Այս ամսաթիվը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ 1959 թվականի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Երեխայի իրավունքների հռչակագիրը, իսկ 1989 թվականի նույն օրը՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան։
2026 թվականին Երեխայի համաշխարհային օրն անցնում է «Իմ օրը. իմ իրավունքները. իմ ապագան» կարգախոսով, որը կոչ է անում մեծահասակներին լսել աճող սերնդի ձայնը և հոգ տանել նրա բարեկեցության մասին։
Բժշկական հանրության համար այս ուղերձն արտահայտում է ժամանակակից մանկաբուժության հիմնարար սկզբունքը՝ «Առողջ մանկությունը առողջ ապագայի հիմքն է»։
Երեխայի առողջության իրավունքը ենթադրում է ոչ միայն բժշկական օգնության մատչելիություն, այլև լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Հենց այս համալիր մոտեցումն է սահմանում ժամանակակից մանկաբուժության առաքելությունը՝ մարդու առողջության պահպանումը կյանքի առաջին իսկ օրերից։
Համաշխարհային մանկաբուժության ձեռքբերումները հստակ արտացոլվում են մանկական մահացության ցուցանիշների դրական դինամիկայում։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ վերջին տասնամյակների ընթացքում մանկական մահացությունը նվազել է գրեթե 60%-ով։ Այս առաջընթացում նշանակալի դեր է ունեցել զանգվածային պատվաստումը։ Վերջին 50 տարիների ընթացքում պատվաստումների շնորհիվ կանխվել է շուրջ 154 միլիոն մահ։ Պատվաստումները նպաստել են աշխարհում մանկական մահացության նվազման շուրջ 40%-ին։ Այնուամենայնիվ, երեխաների մահվան դեպքերի կեսից ավելին շարունակում է պայմանավորված լինել այնպիսի վիճակներով, որոնք հնարավոր է կանխել կամ բուժել բժշկական օգնության ժամանակին տրամադրման դեպքում։
Սակայն ժամանակակից մանկաբուժության նպատակը միայն երեխայի կյանքը փրկելը չէ․ այն ներառում է նաև նրա լիարժեք զարգացումն ապահովելու խնդիրը։
Երեխայի առողջությունը պայմանավորված է ոչ միայն բժշկական օգնության որակով, այլև ընտանիքի սոցիալ-տնտեսական բարեկեցությամբ, սննդակարգով, ծնողների կրթական մակարդակով, բնակարանային պայմաններով, շրջակա միջավայրի անվտանգությամբ և սոցիալական աջակցությամբ։ Հետևաբար, մանկության և երեխաների առողջության արդյունավետ պահպանությունը պահանջում է համալիր մոտեցում, որը բժշկական ծառայությունների զարգացումը համադրում է աղքատության հաղթահարման և ընտանիքներին ուղղված սոցիալական աջակցության հետ։
Մանկաբույժների թիվը ՀՀ-ում 1995 թվականի 1839-ից 2024 թվականին նվազել է մինչև 1057, թեև նրանց ապահովվածության ցուցանիշը համեմատաբար կայուն է՝ մինչև 14 տարեկան յուրաքանչյուր 1000 երեխայի հաշվով 1,81 բժիշկ։
Հայաստանի առողջապահական համակարգի նշանակալի ձեռքբերումներից է մանկական մահացության նվազումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ մինչև հինգ տարեկան երեխաների մահացությունը 1990 թվականի 1000 կենդանի ծնվածի հաշվով 48,7-ից 2024 թվականին նվազել է մինչև 9,6՝ ավելի քան հինգ անգամ։ Նույն ժամանակահատվածում մանկական մահացությունը նվազել է 27,8-ից մինչև 8,5, իսկ նորածնային մահացությունը՝ 16,0-ից մինչև 5,1՝ 1000 կենդանի ծնվածի հաշվով։ Ազգային վիճակագրությամբ արձանագրվում են բացարձակ թվերով ավելի ցածր ցուցանիշներ, սակայն հաստատվում է նույն դրական միտումը։
Մանկական մահացության դեպքերի գրեթե 90%-ը կապված է պերինատալ շրջանում առաջացող վիճակների և բնածին արատների հետ։ Սա ընդգծում է նախածննդյան ախտորոշման, հղիության և ծննդաբերության վարման կատարելագործման, ինչպես նաև մասնագիտացված պերինատալ և նեոնատալ բուժօգնության զարգացման անհրաժեշտությունը։
Երեխայի մեծանալուն զուգընթաց ընդլայնվում են նաև առողջության պահպանման առաջնահերթությունները․ վարակիչ հիվանդությունների բուժմանն ու կանխարգելմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն են ստանում առողջ ապրելակերպը և քրոնիկ հիվանդությունների կանխարգելումը։ Այս ուղղությամբ Հայաստանի կարևորագույն ձեռքբերումներից է պատվաստումների ազգային ծրագիրը։ 2002 թվականին Հայաստանը ստացել է ԱՀԿ-ի հավաստագիրը՝ որպես պոլիոմիելիտից ազատ տարածք։
Դպրոցական և դեռահասության տարիքում մանկաբուժության խնդիրների շրջանակը զգալիորեն ընդլայնվում է։ Առաջնային նշանակություն են ստանում ռացիոնալ սնուցումը, ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի շեղումների կանխարգելումը, սոցիալական միջավայրի անվտանգությունը և հոգեկան առողջության պահպանումը։ Հենց այս շրջանում են ձևավորվում վարքագծային այն մոդելները, որոնք մեծապես պայմանավորում են մարդու առողջությունը հասուն տարիքում։
Դպրոցականների առողջության և կենսակերպի վերաբերյալ առավել մանրամասն պատկեր է ներկայացնում «Առողջապահական վարքագիծը դպրոցահասակ երեխաների շրջանում» (HBSC) ազգային հետազոտությունը, որն իրականացվել է 2021–2022 թվականներին՝ «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից՝ 11, 13 և 15 տարեկան դպրոցականների շրջանում։
Հետազոտության արդյունքները բացահայտել են մի շարք էական խնդիրներ:
Դպրոցականների սնուցման հետ կապված խնդիրները բազմակողմանի են․ ավելցուկային քաշի հետ մեկտեղ շարունակում է առկա մնալ նաև թերսնուցումը։ Հետևաբար, կանխարգելիչ միջոցառումները պետք է ուղղված լինեն ոչ միայն ճարպակալման կանխմանը, այլև հավասարակշռված սննդակարգի ձևավորմանը, ֆիզիկական ակտիվության բարձրացմանը և առողջ սովորությունների ձևավորման գործում ընտանիքի ու դպրոցի ակտիվ ներգրավմանը։
Ռիսկի այլ կարևոր գործոններից է ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը։ Ծխախոտի օգտագործման վերաբերյալ դպրոցականների գլոբալ հետազոտության (GYTS)՝ վերջին հասանելի ազգային տվյալներով՝ դպրոցականների 70,6%-ը տանը ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը։ Այս տվյալներն ընդգծում են դեռահասների շրջանում կանխարգելիչ աշխատանքների և ընտանիքներում ու հանրային տարածքներում ծխախոտի ծխից զերծ միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը։
Ժամանակակից մանկաբուժության ոչ պակաս կարևոր ուղղություններից է հոգեկան առողջության պահպանումը։ Հուզական խանգարումները հաճախ մնում են չբացահայտված՝ դրսևորվելով տրամադրության փոփոխություններով, քնի խանգարումներով, առաջադիմության անկմամբ, սոցիալական մեկուսացմամբ և մարմնական գանգատներով։
HBSC 2021–2022 հետազոտության տվյալներով՝ հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ գանգատներ շաբաթական մեկից ավելի անգամ նշել է 15 տարեկան աղջիկների 50%-ը և տղաների 36%-ը։ Նույն հաճախականությամբ անհուսության զգացում է արձանագրվել աղջիկների 41%-ի և տղաների 22%-ի շրջանում։ Դեռահասների շուրջ 20%-ի մոտ հայտնաբերվել են դեպրեսիայի նշաններ, իսկ մինչև 8%-ը հայտնել է ինքնասպանության մտքերի առկայության մասին։
Մտահոգիչ է նաև պաշտոնական վիճակագրությունը․ վերջին 7 տարիների ընթացքում 15–17 տարեկան դեռահասների շրջանում ախտորոշված հոգեկան խանգարումների թիվն աճել է գրեթե երեք անգամ, իսկ մինչև 17 տարեկան երեխաների շրջանում գրանցված ինքնասպանության փորձերի թիվը 2024 թվականի 19 դեպքից 2025 թվականին հասել է 43-ի։ Այստեղ կարևորագույն դեր ունի մանկաբույժների, հոգեբանների, հոգեբույժների, մանկավարժների և սոցիալական աշխատողների միջմասնագիտական համագործակցությունը, ինչպես նաև վստահության մթնոլորտի ձևավորումը, որը դեռահասներին հնարավորություն կտա բացահայտորեն խոսել իրենց խնդիրների մասին՝ առանց դատապարտման կամ խարանավորման վախի։
Հայաստանում երեխաների առողջության պահպանման ժամանակակից մարտահրավերներն արտացոլում են ռիսկերի կառուցվածքի համաշխարհային փոփոխությունները։ Եթե ավանդաբար մանկաբուժության հիմնական խնդիրներն առնչվում էին վարակիչ հիվանդություններին, թերսնուցմանը և մանկական բարձր մահացությանը, ապա այսօր ավելի մեծ նշանակություն են ստանում քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները, սննդային վարքագծի խանգարումները, ֆիզիկական թերակտիվությունը, նիկոտինի օգտագործումը և հոգեկան խանգարումները։ Այս իրավիճակը պահանջում է կատարելագործել կանխարգելիչ միջոցառումները և ապահովել երեխաների առողջության շարունակական բժշկական հսկողությունը նրանց զարգացման բոլոր տարիքային փուլերում:
Վիճակագրական ցուցանիշների, պետական ծրագրերի և բժշկական տեխնոլոգիաների հիմքում մեկ գլխավոր արժեք է՝ յուրաքանչյուր երեխայի առողջությունն ու բարեկեցությունը։
Չնայած թվային տեխնոլոգիաների, ախտորոշիչ ալգորիթմների և կենսատեխնոլոգիաների արագ զարգացմանը՝ երեխայի առողջության իրավունքի իրացման կարևորագույն երաշխավորը շարունակում է մնալ գիտակ, հոգատար և մասնագիտական էթիկայի բարձր գիտակցում ունեցող բժիշկը։