ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող «Մասնագետ» ծրագրի շրջանակում Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները շրջայց կատարեցին բժշկական համալսարանում:
Նրանք սկզբում հյուրընկալվեցին բուհի թանգարանում, որտեղ ծանոթացան բժշկագիտության պատմությանը, ստացան տեղեկատվություն այս ոլորտում մեծ ավանդ ունեցող բժշկապետերի կյանքի և գործունեության մասին:
Ստոմատոլոգի մասնագիտությունն ընտրած ուսանողները, թանգարանի հարևանությամբ տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում մասնակցեցին տեսական և գործնական դասի:
Մարզաբնակ սովորողները ծանոթացան նաև առաջին բուժօգնության հմտություններին՝ պրակտիկ աշխատանքների միջոցով:
Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող նախագիծը շարունակվում է` մասնակիցներին առիթ ընձեռելով այցելել բժշկական մայր բուհ, ծանոթանալ բժշկական կրթության հնարավորություններին ու կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: