Ուղեղի ճանաչմանը նվիրված հնգօրյա միջոցառումը եզրափակվեց

Ուղեղի ճանաչմանը նվիրված հնգօրյա միջոցառումը եզրափակվեց

Բժշկական մայր բուհում անցկացվող «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքն ամփոփեց աշխատանքը:

Ամբողջ շաբաթվա ընթացքում ոչ միայն հնչեցին մասնագիտական բովանդակալից, արդիական և հետաքրքիր զեկուցումներ մասնագետների և ուսանողների կողմից, այնպես էլ եղավ լուսավորչական այց Արմավիրի և Գյումրու դպրոցներ, որտեղ աշակերտներին ներկայացվեցին այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է աուտիզմը, պարկինսոնի հիվանդությունը՝ մեծացնելով իրազեկվածության մակարդակը:

«Բացի այն հաղթանակից, որն իրականացրել եք արդեն երրորդ անգամ անընդմեջ դրամաշնորհ շահելով, որի համար ես և շնորհակալություն եմ հայտնում ձեզ, իմ երախտիքի խոսքն եմ ասում բժշկական համալսարանին այսպիսի համբավ բերելու համար: Դուք ունեք այնպիսի ներուժ, հարթակներ, ուսուցիչներ, ովքեր կարող են իրենց վրա այդ պատասխանատվությունը վերցնել ուղեղի հետազոտության վերաբերյալ:

Գիտության մեջ, եթե մեկ անգամ զուգադիպություն եք տեսնում դա զուգադիպություն է, երկրորդ անգամ դա օրինաչափություն է, երրորդ անգամ՝ հաղթանակ, որը պետք է ոգևորի ավելի մեծ հնարավորություններ ձևավորելու համար, կարողանաք ձեր նկրտումները, աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնել սրընթաց զարգացող աշխարհում»,-ողջույնի խոսքով հանդես գալով նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս սերունդը կարողանալու է աշխատացնել արհեստական բանականությունն ի շահ մարդկության:

«Ցանկանում եմ՝ շարունակեք այս բարի ավանդույթը, որը ձևավորել եք “Alma mater”-ում և այն դառնա ձեզ համար տրամպլին՝ համալսարանը ներկայացնելու միջազգային ասպարեզում, հեղինակավոր ֆորումներում, կոնֆերանսներում»,-իր խոսքն ամփոփեց բուհի ղեկավարը:

Այնուհետև բժիշկ, նյարդաբան ցրված սկլերոզով հիվանդների կլինիկական հետազոտության կոորդինատոր Սյուզաննա Սիմոնյանը հանդես եկավ «Ցրված սկլեռոզ» թեմայով զեկույցով, իսկ Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Արտեմ Գրիգորյան՝ «Պրոկրաստինացիայի նյարդակենսաբանական ասպեկտները» թեմայով զեկույցով:

Մասնագիտական կարևոր թեմաներից հետո, ամփոփելով միջոցառումների շարքը, անցկացվեց պոստեր-պրեզենտացիաների ներկայացում, ինտերակտիվ հարցուպատասխան, քննարկումներ: