Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում

Սեռավարակների անհանգստացնող աճ՝ եվրոպական տարածաշրջանում

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի հրապարակումների՝ ԵՄ երկրներում վերջին տարիներին նկատվել է սեռավարակների դեպքերի ահազանգող աճ: 2023թ.-ին շարունակվել է նախորդ տարվա հաղորդված բոլոր սեռավարակների դեպքերի զգալի աճի միտումը, հատկապես՝ սիֆիլիսի և գոնորեայի: Ինչը ընդգծում է անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը հետագա փոխանցումը կանխելու և հանրային առողջության համակարգում  սեռավարակների բեռը նվազեցնելու համար:

2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է գոնորեայի մոտ 100.000 հաստատված դեպք, ինչը  31%-ով ավելացել է  2022թ.-ի համեմատ և  ավելի քան 300%-ով՝ 2014թ.-ի համեմատ: Հատկանշական է, որ կանանց շրջանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները եղել են 20-24 տարեկան կանանց շրջանում, որը համահունչ է 2023թ.-ի դեպքերի բաշխման հետ,  նշված տարիքային խմբում դեպքերը կազմել են 46%։ Տղամարդկանց շրջանում ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 25-34 տարեկան տարիքային խմբում:

Սիֆիլիսի դեպքերը նույնպես շարունակում են աճել։ 2023թ.-ի ԵՄ 29 երկրներում գրանցվել է 41.051 հաստատված դեպք, ինչը 13%-ով աճել է 2022թ.-ի համեմատ, իսկ  2014թ.-ի՝ կրկնապատկվել: Սիֆիլիսի տարածվածությունը գերակշռել է տղամարդկանց շրջանում՝  յուրաքանչյուր կնոջ հաշվով 7 տղամարդ: Հիվանդացության բարձր ցուցանիշները արձանագրվել են 25-34 տարեկան տղամարդկանց շրջանում, դեպքերի զգալի մասը (72%)՝  համասեռամոլների մոտ: Հատկանշական է, որ կանանց շրջանում սիֆիլիսի դեպքերն աճել են բոլոր տարիքային խմբերում 2022թ.-ի համեմատ:

Հայաստանում նունպես վերջին տարիներին նկատվում է սիֆիլիսի դեպքերի աճ: 2023թ.-ին արձանագրվել է կյանքում առաջին անգամ հաստատված սուր և քրոնիկ սիֆիլիսի 710 դեպք (24/100.000), ինչը 1.2 անգամ գերազանցել է  2022թ.-ի դեպքերը՝ 604 դեպք (20.3/100.000), իսկ 1.6 անգամ՝ 2021թ.-ի դեպքերը՝ 493 (14.8/100.000): Առանձին տարիքային խբերի հիվանդացության վերլուծությունը վկայում է, որ  բարձր ցուցանիշները արձանագրվել է 18-24 (67.3/100.000) և  25-49 (33.1/100.000) տարեկանների տարիքային խմբերում:  Դեպքերի 2.2%-ը եղել են մինչև 18 տարեկանները: Հարկ է նշել, որ ընդհանուր դեպքերի 68%-ը   արձանագրվել է տղամարդկանց, իսկ   32%-ը կանանց շրջանում:

Կարևոր է նշել որ չբուժված սիֆիլիսը կարող է հանգեցնել սիրտանոթային և նյարդային համակարգի երկարատև բարդությունների,  իսկ  հղի կնոջ դեպքում՝ պտղի ախտահարումների և ծանր բարդությունների զարգացման:

Չնայած 2023թ.-ին հաղորդված քլամիդիոզի դեպքերի աճի դանդաղմանը՝  այն շարունակում է մնալ Եվրոպայում ամենահաճախ գրանցվող բակտերիալ սեռավարակը: 2023թ.-ին ԵՄ երկրներում գրանցվել է ավելի քան 230.000 դեպք, որը 2014թ.-ի համեմատ աճել է 13%-ով: Վարակը շարունակում է տարածվել երիտասարդների, առավելապես՝ 20-24 տարեկան կանանց շրջանում:

Բացի սեռավարակների դեպքերի տագնապալի աճը, առանձնահատուկ մտահոգություն է գոնորեայի հարուցչի (Neisseria gonorrhoeae) հակամանրէային կայունության հարաճուն սպառնալիքը: Դեղորայքակայուն շտամների առաջացումը նվազեցնում է ներկայիս բուժման արդյունավետությանը, ինչն ընդգծում է կանխարգելման և հակաբիոտիկների նպատակային օգտագործման կարևորությունը:

Հարկ է նշել, որ չբուժվելու դեպքում գոնորեան կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, ինչպիսիք են կոնքի խոռոչի բորբոքային հիվանդությունները և անպտղությունը` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Ուսումնասիրությունները վկայում են, որ սեռավարակների այս զգալի աճը պայմանավորված է սեռական վարքագծի ռիսկային փոփոխություններով:

Մասնագետներն ընդգծում են  սեռավարակների աճող տեմպերի դեմ պայքարի ակտիվ միջոցառումների կարևորությունը, այդ առումով առաջարկում է.

  • Պաշտպանիչ և անվտանգ սեռական հարաբերությունները՝ պահպանակների օգտագործումը:
  • Սեռական առողջության վերաբերյալ բաց և անկեղծ շփումը զուգընկերների հետ:
  • Խուսափել պատահական սեռական զուգընկերներից:
  • Սեռավարակներին բնորոշ կլինիկական ախտանիշների առկայության դեպքում դիմել մասնագետի խորհրդատվության:

Հարկ է նշել, որ հնարավոր է սեռավարակի անախտանշանային դրսևորում, ուստի խորհուրդ է տրվում հաճախակի զուգընկերներ փոխող մարդկանց պարբերաբար թեստավորում սեռավարակների նկատմամբ: Վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր է հետագա փոխանցումը և հնարավոր բարդությունները կանխելու համար: