Բժշկական բուհի վարչական մասնաշենքի նախասրահը մարտի 21-ին տոնական էր․ իրանցի ապագա բժիշկները ջանք չէին խնայել իրենց ամանորը՝ Նորուզը, հիշարժան դարձնելու համար։
Գեղեցիկ զարդարված ավանդական սեղանն անտարբեր չթողեց համալսարանականներին․ դրա վրա կարելի էր նկատել պարսկերեն «սին» տառով սկսվող 7 ուտելիք՝ սիբ (խնձոր, որը գեղեցկության և առողջության խորհրդանիշն է), սիր (սխտոր, որը նույնպես խորհրդանշում է առողջություն), սաբզե (կանաչեղեն. խորհրդանշում է բնության զարթոնքը), սենջեդ (փշատ՝ սիրո և համբերատարության խորհրդանիշ), սամանու (ցորենից պատրաստվող քաղցրավենիք․ խորհրդանշում է առատությունը և քրտնաջան աշխատանքը), սեքե (մետաղադրամ, որը խորհրդանշում է բարեկեցություն), և սումախ (համեմունք. արևածագի և կյանքի վերածննդի խորհրդանիշը)։
Տոնական սեղանին դրվում են նաև հայելի և մոմեր, որոնք խորհրդանշում են լուսավորություն, փոքրիկ ակվարիում՝ կարմիր ձկներով, որը կյանքի և բարության խորհրդանիշն է, ձու, որը նույնպես կյանքի խորհրդանիշն է, ցորեն՝ բերք ու բարիքի նշանակությամբ, և իրենց սուրբ գիրքը։
Նորուզը նշվում է 12 օր՝ սկսած մարտի 20-ից, որը պարսկական տոմարով գարնան առաջին օրն է։
Իրանցի ապագա բժիշկներին, նրանց ընտանիքներին և հարազատներին շնորհավորեց ռեկտոր Արմեն Մուրադյանը․ «Գարնան առաջին օրը, որը դուք նշում եք՝ որպես Նոր տարի, մեզ համար ևս շատ կարևոր է։ Ցանկանում եմ, որ այս նոր տարվա ընթացքում դուք լի լինեք առողջությամբ, հաջողությամբ, այս 7 խորհրդանիշներով, և ձեր հարազատները, որոնք հեռու են այս պահին, իմանան, որ դուք կարևորագույն խնդիր եք լուծում ձեր կյանքում․ դուք կրթություն եք ստանում Հայաստանում՝ Երևանում, ինչի արդյունքում երկար տարիներ պետք է պիտանի լինեք ձեր ժողովրդին, այն մարդկանց, որտեղ դուք ապրելու և արարելու եք»։
Նորուզի տոնական արարողությանը մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները։
Ուսանողական խորհրդարանի հետազոտությունների բաժնի ղեկավար, դիմածնոտային վիրաբուժության կլինիկական օրդինատոր Ալիռեզա Սանջարը, որի հայրը ևս ներկա էր տոնական միջոցառմանը, նույնպես շնորհավորեց իր հայրենակից սովորողներին՝ մաղթելով նրանց առողջություն, հաջողություն և բարեկեցություն։
Հետազոտությունների բաժնի խորհրդական, Ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի իրանահայ ուսանողուհի Մելանի Խաչատրյանի խոսքով՝ ուսանողները հեռու էին իրենց ընտանիքներից այս տոնական օրը, բայց համալսարանում միջավայրն այնքան ջերմ էր, որ այդ բացը լրացվեց։
Բժշկական բուհում այժմ ուսանում է 153 իրանցի ուսանող։