Գիտական խորհրդի հերթական նիստի մեկնարկին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գարնանային տոների առթիվ շնորհավորական խոսքեր հղեց համալսարանի կին աշխատակիցներին` շնորհակալություն հայտնելով նվիրման համար:
Օրակարգի համաձայն՝ Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը ներկայացրեց հաշվետվություն կատարած աշխատանքների մասին` շեշտադրելով զարգացման կոնցեպտուալ մոտեցումները:
«Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորի պաշտոնում անդրանիկ զեկույցում ձեր թույլտվությամբ հաշվետվողականության ընդունված ձևաչափից անցում կկատարեմ դեպի կոնցեպտուալ զարգացման ուղղություններ»,- նշեց Խաչատուր Մարգարյանը` շնորհակալություն հայտնելով այս պաշտոնում իրեն նախորդող Արա Ղազարյանին պրոռեկտորի գրասենյակի կայացման, ինչպես նաև այն աշխատանքների համար, որոնց մեկնարկն արդեն տրված է:
Նիստի հիմնական զեկուցողը ելույթը սկսեց ներկայումս իր համակարգմամբ գործող երկու ֆունկցիոնալ բաժինների` կառուցվածքային միավորումների, Կարիերայի զարգացան կենտրոնի, Զարգացման և մարքեթինգի բաժնի գործունեության թիրախներից:
Կարիերայի զարգացման կենտրոնում առանձնացնում են մի քանի կառուցամասեր: Մասնավորապես կարիերայի աջակցման հատվածը, որն իրականացվում է միջազգային, հետբուհական և կլինիկական գծով պրոռեկտորների հետ համագործակցության շրջանակում` կյանքի կոչելով մի շարք ծրագրեր:
Ռոտացիան կլինիկական պրակտիկային անդրադառնալով՝ նա տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում` վերջին մեկ տարում այս գծով աշխատանքները կենտրոնացել են գործնական հմտությունների դասավանդման կազմակերպման վրա:
Որակական փոփոխություններ են արձանագրվել գործնական հմտությունների դասավանդման մեջ, մասնավորապես «Բուժական գործ» և «Բուժական գործ զինված ուժերում» ծրագրերի պարագայում` հաշվի առնելով նաև միջազգային ծրագրային հավատարմագրումը, գործնական հմտություններ սկսեցին դասավանդվել ուսումնառության առաջին կուրսից` ապահովելով ուսանողների սահուն մուտքը կլինիկական դաշտ:
«Մեկ այլ ոչ պակաս կարևոր և խթանիչ փոփոխություն կատարվեց բյուջեի վերաբաշխումների շնորհիվ: Հաջողվեց բարձրացնել տվյալ դասավանդումը իրականացնող անձնակազմի աշխատավարձը: Իհարկե, հիմնականն այն փոփոխությունն է, որ գործնական հմտութունների դասավանդումը տեղի է ունենում բացառապես համալսարանական հիվանդանոցներում, ինչին մեծապես նպաստեց նաև «Միքայելյան» հիվանդանոցի առկայությունը»,- մանրամասնեց Խաչատուր Մարգարյանը:
Հաջորդիվ նա խոսեց բժշկության պատմության բուհական թանգարանի մասին, որը 2022 թվականին վերաբացվելուց հետո ընդունել է հազարավոր այցելուներ:
Իրականացվել է թանգարանի գույքագրում: Առաջիկայում բուհական այս ստորաբաժանումը հանրությանը կներկայանա նաև վիրտուալ տարածքում: Կձեռնարկվեն տարբեր նախաձեռնություններ՝ միտված թանգարանի միջոցով սերունդների միջև կապի ամրացմանը:
ISO9001 որակի կառավարման սերտիֆիկացիայի ուղղությամբ զգալի աշխատանքներ են արված:
Խաչատուր Մարգարյանի փոխանցմամբ՝ սկսվում է համապատասխան գործելակարգերի ներդրումը և նախաձեռնվել է Որակի կառավարման բաժին հիմնելու գործընթացը:
Արվածի մասին պրոռեկտորը խոսեց թվերով: Այսպիսով «FMGE» նախապատրաստման դասերին մասնակցել է շուրջ 350 ուսանող` ապահովելով 93% տոկոս առաջադիմություն: «Տրոպիկական հիվանդություններ» հավելյալ դասերի մասնակիցների թիվը 700 է, «Բժշկի ուղի» դասընթացի միջոցով բարեվարքության վերաբերյալ գիտելիքով է զինվել 720 ապագա բժիշկ, իսկ դպրոցական տարիքից կողմնորոշումը կարևորելով բուհի «Մասնագետ» մասնագիտական կողմնորոշման դասընթացներին մասնակցել է ավելի քան 1100 սովորող: «ԳլՕԲ Ուս»-ի հավելյալ անգլերեն և հայերեն դասերի նոր շրջափուլի մեկնարկը նախատեսվում է այս տարվա ապրիլին:
Զեկույցում ներկայացվեց նաև «Լանցետ» վիրաբուժական հմտությունների հարթակը, որի շրջանակում մասնակից ուսանողների կողմից երեք մեծ կոնֆերանս է նախաձեռնվել:
Առաջիկայում վիրաբուժական հմտությունները մասնակիցները թրծելու հնարավորություն կունենան նոր տեղակայում ունեցող հատվածում` համալսարանի Անատոմիական մասնաշենքի առաջին հարկում, որտեղ սկսել է համապատասխան շինարարությունը:
DR LEX (TERRAMEDICUM) արհեստական բանականությամբ օժտված համակարգը հավելված է, որը որպես արդյունավետ գործիք արդեն 4 տարի հաջողությամբ փորձարկվում է մոտ 10 ամբիոնում:
Նոր գրադարանի ստեղծման մասշտաբային ծրագրի մասին ԵՊԲՀ առցանց հարթակների և տպագիր էջերի միջոցով պարբերաբար տեղեկացվում է համալսարանականներին: Ռեկտորի հանձնարարությամբ նոր գրադարանի ստեղծման հանձնախումբը նույնպես ղեկավարում է Խաչատուր Մարգարյանը:
Արված աշխատանքներն ամփոփելով և առաջիկայի մասին խոսելով՝ Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտորը նշեց, որ միջազգային փորձի, համապատասխան վերլուծությունների վրա հիմնվելով ձևավորվել է անհրաժեշտ գործողությունների նախնական քարտեզ, որի իրականացման հարցում կարևոր են մի շարք գործոններ, այդ թվում՝ բուհի HR քաղաքականությունը, դասախոսների և ուսանողների առաջադիմությունը, վարկանիշավորումը:
Մարգարյանի գնահատմամբ` համալսարանի դեռ չռեալիզացված մարդկային, ֆինանսական, վարկանշային և հասարակական ներուժի իրացումը այն հիմնական անելիքներն են, որոնց ինքը թիմի հետ ուղղելու է ջանքերը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական պրոցեսին վերաբերող մի շարք թեմաներ, ռեկտորի և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հատկապես կարևորվեց երիտասարդների համար տեսական ամբիոնները գրավիչ դարձնելու, երիտասարդների ներուժը ճիշտ օգտագործելուն վերաբերող մի շարք հարցեր: