Արդեն հինգերորդ անգամ բժշկական գիտությունների դոկտոր, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ազատյանը մասնակցել է Լյարդի ուսումնասիրության ասիական-խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի (APASL-The Asian Pacific Association for the Study of the Liver) տարեկան 35-րդ գիտաժողովին, որն այս տարի անցկացվել է Չինաստանի Պեկին քաղաքում` համախմբելով շուրջ 6000 պատվիրակ աշխարհի տարբեր անկյուններից:
Ներկայացնելով բժշկական բուհն ու Հայաստանը` պրոֆեսոր Ազատյանը պոստերային և բանավոր զեկույցների տեսքով անդրադարձել է երկու թեմայի՝ «Բերանային հեղուկում ինտերլեյկինների որոշումը վիրուսային հեպատիտ C-ով պացիենտների մոտ» և «Ծխախոտի և տաքացվող ծխախոտի արտադրատեսակի համեմատական ազդեցությունը վիրուսային հեպատիտ C-ով պացիենտների բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա»:
Մասնագետը նշում է, որ մասնակից պատվիրակների` լյարդաբանների շարքում նա միակ ստոմատոլոգն է, սակայն այս հանգամանքը պատահական չէ, քանի որ իր գիտական հետաքրքրությունները տարիներ շարունակ ուղղված են մի շարք նեղ մասնագիտական թեմաների` վիրուսային հեպատիտ B, C և ՄԻԱՎ վարակ ունեցող պացիենտների բերանի խոռոչի լորձաթաղանթի և պարօդոնտի փոփոխությունների ուսումնասիրմանը:
Մեր համալսարանի պատվիրակի մասնակցությունը տպավորիչ էր և չի վրիպել անգամ ներկայացուցչական այս միջոցառման նախագահության ուշադրությունից:
Նա տեղական հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց է տվել` պատմելով Հայաստանի, ինչպես նաև ԵՊԲՀ-ի մասին:
Նշենք, որ APASL-ը տարածաշրջանի առաջատար լյարդաբանների (հեպատոլոգների)՝ տարին մեկ անգամ անցկացվող հեղինակավոր հանդիպում է, որի բոլոր զեկույցները, այդ թվում ներկայացված երկու զեկույցները, ինչպես նաև ևս երկու թեզիս աբստրակտի տեսքով տեղ են գտնում “Hepatology International” ազդեցության բարձր գործակից ունեցող միջազգային ամսագրում։