«Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի շրջանակում արդեն երկրորդ տարին է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Թոխունցի ղեկավարմամբ մասնակիցները հնարավորություն ունեն կատարելագործել գիտելիքն ու փորձառությունը:
«Կուրսի շրջանակում կազմակերպվում է երկու տեսակի ուսուցում: Առաջինը` որպես երկրորդ մասնագիտություն վեց ամսյա մասնագիտացման կուրս է մանկաբարձ-գինեկոլոգների համար: Երկրորդ ուղղությունը կարճ ցիկլերի տեսքով է: Երկու շաբաթ կամ մեկ ամիս ժամկետով` բժիշկների կատարելագործման դասընթացները բժիշկներին իմացության թարմացման հնարավորություն են տալիս»,- ասում է կուրսի վարիչ Կարինե Թոխունցը` ընդգծելով, որ նպատակահարմար է առանձնացնել այս ցիկլերն ընդհանուր ռադիոլոգիայից, համընթաց ամբողջ աշխարհում կիրառվող մոտեցումներին, հաշվի առնելով, որ գիտելիքը և սարքավորումների հնարավորությունները զարգանում են չափազանց արագ:
«Մեր մասնագիտության մեջ ամեն երեք տարին գիտելքի ծավալը կրկնապատկվում է և այդ առումով աշխարհի նորագույն տենդենցներին համընթաց շարժվելը շատ կարևոր է»,- նկատում է պրոֆեսորը:
Այս պահին «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի հերթական վեցամսյակում հավաքագրված է 11 մանկաբարձ-գինեկոլոգ, որոնք ուսումնառության ավարտին հանձնելու են քննություն` ստանալով համապատասխան հավաստագիր:
Կարինե Թոխունցի գնահատմամբ` երկու ծրագրերն էլ պահանջված են, վեցամսյա կուրսի մասնակիցները հիմնականում մանկաբարձ-գինեկոլոգներ են, իսկ կատարելագործման դասընթացներին կարող են մասնակցել նաև ռադիոլոգները:
Ուլտրաձայնային հետազոտության հմտություններ ունենալու ցանկությունն է մանկաբարձ-գինեկոլոգ Լիլյա Գինոսյանին բերել դեպի այս հետբուհական կրթական ծրագիր:
«Շարունակական կրթությունը, իսկապես, կարևոր է: Յուրաքանչյուր բժիշկ ցանկանում է ավելի պրոֆեսիոնալ լինել և զինվել գիտելիքով: Կարծում եմ, սխալ չի եղել ընտրությունս և հետագայում, կկարողանամ տարբեր, այդ թվում՝ շտապ իրավիճակներում կիրառել այստեղ սովորածը»,-ասում է ԵՊԲՀ շրջանավարտը:
Եվա Չիչոյանը բժշկական բուհն ավարտել է 2018 թվականին, սկսել է մասնագիտական ուղին որպես մանկաբարձ-գինեկոլոգ, իսկ հաջորդիվ որպես ռեպրոդուկտոլոգ: Նա փաստում է՝ այս դասընթացն ավելի քան պետքական կլինի իր համար:
Անդրադառնալով գերձայնային ախտորոշմանը մանկաբարձությունում` 1995 թվականից սկսած ավելի քան 80.000 ուլտրաձայնային հետազոտություն կատարած բժիշկը` Կարինե Թոխունցը, անկախ փորձառությունից շարունակում է ոչ միայն սովորեցնել, այլև սովորել` զեկույցներ ու ելույթներ ունենանալով միջազգային կոնֆերանսներում:
2023 թվականին նա ընտրվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միության (International Society of Ultrasound In Obstetrics and Gynecology – ISUOG) դեսպան (ISUOG AMBASSADOR)։
Միջազգային մասնագիտական այս ասոցիացիան համախմբում է ավելի քան 18.000 բժիշկ:
Կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ ISUOG դեսպանն ընտրվել է Հարավկովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջանից։
«Այս պաշտոնը ռոտացիոն հիմունքներով է, երեք տարվա համար: Ես արդեն մեկ ու կես տարի է զբաղեցնում եմ այն և ընդգրկված եմ այս կառույցի գիտական կոմիտեների գործունեության մեջ: Պետք է արձանագրեմ, որ ISUOG-ը մեծ կրթական աշխատանք է իրականացնում: Մշակված է 20-ից ավելի ուղեցույց, գործելակարգեր, որոնք ինչպես այս կրթական ծրագրի մասնակիցների, այնպես էլ առհասարակ բոլոր գործող մանկաբարձ-գինեկոլոգների համար են կիրառական»,- նշում է բժիշկ-գիտնականը` հավելելով, որ նկատելի է և ոգևորիչ, որ երիտասարդ բժիշկները լրջորեն են վերաբերվում շարունակական կրթությանը և նոր իմացության պահանջարկ միշտ կա:
Բացի այդ, պրոֆեսոր Թոխունցը տասը տարի առաջ մեր երկրում հիմնել է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման ասոցիացիան, որի ղեկավարն է:
Նրա կատարած առաջին սոնոգրաֆիայից անցել է շուրջ 3 տասնամյակ, և այս ընթացքում գերձայնային հետազոտությունն աշխարհում և Հայաստանում հսկայական էվոլյուցիա է ապրել:
Պրոֆեսորի մեծագույն ցանկությունն է, որ հետագայում ընդլայնվեն ժամանակակից ուսուցման մեթոդները, պրակտիկ գործնական հմտությունները:
«Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչն ամփոփելով՝ նշում է, որ դասընթացներն անցնում են ինտերակտիվ ձևաչափում` հագեցած անվանի բժիշկների դասախոսություններով և մշտապես նորացվող ուսումնական նյութով:
Բացի տեսական գիտելիքից սովորողները բժշկական բուհի կլինիկական բազաներում չորս հրավիրված դասախոսի համակարգմամբ թրծում են գիտելիքը վեց ամիս, յուրաքանչյուր օր: