ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ռեկտորատի ապրիլի 7-ի նիստին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ժպիտներ բարեմաղթելով սկսեց իր խոսքը:
«Մեկամսյակը ոչ թե ավարտվեց, այլ այն ևս մեկ անգամ մեր խոնարհումն էր ձեր ամենակարևոր առաքելությանը՝ մայրությանը, գեղեցկությանը, կանացիությանը: Ես հպարտ եմ, որ մենք կարողացել ենք այս տարիներին այնպիսի մթնոլորտ ձևավորել, որ բոլորս շատ լավ գիտակցում ենք ձեր տեղը, դերը յուրաքանչյուր տղամարդու, հայ ժողովրդի կյանքում»,-ասաց նա` ավելացնելով, որ պատիվ ունի բոլորին հրավիրել Զինվորի տանը Մարիոն Դադիկյանի անվան նոր պուրակի բացմանը, որը գտնվում է շենքի ետնամասում:
Այսօր նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, և բուհի ղեկավարի խոսքով` բոլորի ներկայությունն այնտեղ ևս մեկ անգամ կվկայի, որ մենք պաշտում ենք մեր մայրերին, հարգում ենք մեր կանանց և, իհարկե, ամենն անելու ենք ապաքինվող տղաների համար:
Հանդիսավոր մասին հաջորդեց օրակարգային հարցերի զեկուցումը, որոնցից երեքը վերաբերում էին Անձնակազմի և մարդկային ռեսուրսների կառավարման վարչության կողմից համակարգվող ու կատարվող աշխատանքներին:
Շաբաթվա կտրվածքով արվածի ու ծրագրվածի մասին ներկայացրին համալսարանական երեք հիվանդանոցի ղեկավարները, մյուս ստորաբաժանումների պատասխանատուները, ուսանողները: Տրվեցին հանձնարարականներ: