Հանդիպում Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պետական քարտուղարի եւ մշակույթի նախարարի հետ

Հանդիպում Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պետական քարտուղարի եւ մշակույթի նախարարի հետ

Բժշկական բուհը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեցին ապրիլի 8-ին մեկնարկած «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոցին» մասնակցող Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պետական քարտուղար և մշակույթի նախարար Ռայներ Ռոբրային, Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսին և Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և Պֆեիֆֆերս հիմնադրամի Սրտաբանության կլինիկայի մասնագետ Նաիրա Երիցյանին:

Համալսարանական գործընկերների հետ ներկայացուցչական պատվիրակության անդամների քննարկման նյութն ընդգրկուն էր:

«Ուրախ եմ, որ այսօր ձեր ներկայությամբ վերահաստատեցիք բժշկական մայր բուհի հետ ջերմ  հարաբերությունները»,- ողջունելով հյուրերին՝  նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պետական քարտուղար և մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան ևս ուրախությամբ խոսեց Հայաստանում, բժշկական համալսարանում հյուրընկալվելու առթիվ` փաստելով, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ մեր երկրի գործակցությունը մեկնարկել է 1992 թվականից:  

«Մեր երկու երկրները նույն անցումային ժամանակաշրջանում են: Մեր համագործակցության հիմնական, առանցքային ուղղությունները կրթությունը, դաստիարակությունը և մշակույթն են: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք նախորդ տարիներին խորացնել այն նաև գիտության բնագավառում` հատկապես բժշկության մեջ», – ասաց Ռայներ Ռոբրան` հավելելով, որ քաջածանոթ է Երևանի պետական բժշկական համալսարանի և Մագդեբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջև համագործակցությանը: Նա շնորհակալություն հայտնեց առաջընթացի համար, որ կյանքի է կոչվում, մասնավորապես,  պրոֆեսորներ Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսի և Համայակ Սիսակյանի ջանքերով` ի նպաստ պացիենտների:

«Մենք ուշադիր հետևում ենք առողջապահական ցուցանիշներին։ Ուրախալի է, որ Արևմտյան Եվրոպայում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունը նվազում է։ Թեպետ դեռ մնում է առաջատար պատճառներից, սակայն շատ կարևոր է կյանքի տևողությունն ու որակը»,- շնորհակալություն հայտնելով նախարարին` ասաց ռեկտոր Արմեն Մուրադյանը` նաև նշելով, որ սիրտ-անոթային անբավարարությունը ոչ միայն բժշկական, այլև առողջապահական և սոցիալական խնդիր է: Առանձակի կարևորվեց նաև երկրների բնակչության շահագրգռվածությունը սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման հարցում: Սրտաբանության մեջ ամենակարևորը կանխարգելումն է` սպորտը, չծխելը, նաև մտածողության փոփոխությունը: Ռեկտորը փաստեց, որ առողջական խնդիրների առաջացմանը նպաստում են նաև սթրեսային լրահոսը, խաթարված քունը, անկանոն աշխատանքը: Նրա գնահատմամբ` առողջ ապրելակերպը պետք է պրոպագանդել փոքր տարիքից:

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսը ևս փաստեց, որ ուրախ է պրոֆեսոր Սիսակյանի հետ ներկայացնել երիտասարդ մասնագետներին, որոնց հետ տարիներ շարունակ համատեղ ծրագրեր են իրականացվում: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց կորոնավիրուսային համավարակի վնասներին, ծխելու դեմ պայքարին, ինչպես նաև ավագ և միջին բուժանձնակազմի վերապատրաստմանը:

Ամփոփելով՝ կողմերը հույս հայտնեցին, որ սկիզբ դրված ծրագրերը կխորանան` նաև նոր բուժաշխատողներին կատարելագործվելու հնարավորություն ընձեռելով: Նշենք, որ հյուրերը աշխատանքներն ամփոփող կոնֆերանսին զուգահեռ  Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի և Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանի ուղեկցությամբ շրջեցին բժշկական բուհում, ծանոթացան կրթագիտական հաստատության պատմությանն ու ավանդույթներին: