Ցանկացած կարգապահական խախտում ենթադրում է պատասխանատվություն

Ցանկացած կարգապահական խախտում ենթադրում է պատասխանատվություն

Հարգելի սովորողներ, ուսանողների կողմից կատարված կարգապահական խախտումները և դրանց վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունները պարբերաբար հրապարակվում են ysmu.am կայքի «Իրավունք» դարանում՝ նպատակ ունենալով հիշեցնել, որ ցանկացած խախտում պատասխանատվություն է ենթադրում։

Կարգապահական հանձնաժողովն ուսումնական տարվա, կիսամյակի ընթացքում քննության է առնում տասնյակ գործեր։

Գրանցված դեպքերը հանգամանալից ուսումնասիրվում են անդամների կողմից, այնուհետև հրավիրվում է նիստ, որի արդյունքում խախտումների վերաբերյալ տույժ կիրառելու առաջարկություն է ներկայացվում ԵՊԲՀ ռեկտորին։
Հանձնաժողովի կարգապահական տույժ կիրառելու մասին առաջարկության հիման վրա ռեկտորն ընդունում է համապատասխան հրաման։

Վերլուծելով կարգապահական խախտումները՝ պետք է փաստենք, որ դրանք գրանցվում են բոլոր ֆակուլտետներում, ցավոք՝ ոչ միայն ուսանողների, այլև կլինիկական օրդինատորների շրջանում։

Քննությունների կամ բանավոր ստուգարքների ժամանակ հաղորդակցման միջոցների կիրառումից մինչև անպատասխանատու վարքագիծ, անհարգալից վերաբերմունք դասախոսի կամ կոլեգայի նկատմամբ՝ հանձնաժողովի կողմից ուսումնասիրված հարցերը բազմաթիվ են։ Պարբերաբար դրանց մասին տեղեկացնելու նպատակը մեկն է՝ նպաստել դրանց թվի կրճատմանը, իրազեկել ուսանողությանը զերծ մնալ վարքագծի կարգապահական խախտումներից, որոնց մասին ապագա բժիշկներին ոչ միայն բուհական կանոնակարգերով, այլև բազմիցս բանավոր տեղեկացվում է կրթության պատասխանատուների կողմից՝ ինչպես դեկանատներում, այնպես էլ էլեկտրոնային թեստային քննությունների մեկնարկից անմիջապես առաջ՝ համակարգչային քննասենյակներում։

Հիշեցնենք, որ շուրջ 10 անդամ ունեցող Կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը։

Կազմը ներկայացուցչական է՝ ձևավորված պրոֆեսորադասախոսական կազմից, իրավաբանից։

Կից կարող եք ծանոթանալ ուսանողների կողմից կատարված կարգապահական խախտումներին և դրանց վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացություններին՝ 2024 թվականից և 2025 թվականի հոկտեմբեր-մարտ ժամանակային կտրվածքով։