Ապագա բժիշկը վստահ է՝ ուսումնառությունը ինքնակերտման գործընթաց է

Ապագա բժիշկը վստահ է՝ ուսումնառությունը ինքնակերտման գործընթաց է

Բժշկի մասնագիտությունը բոլոր ժամանակների ամենապատասխանատու մասնագիտությունն է, ամեն օր նա հնարավորություն ունի փոխելու ճակատագրեր, պարգևելու կյանք։

Այս համոզմանն է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Ալլա Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ բարձր առաջադիմություն ունենալը կարևոր է, քանի որ բժշկությունը պահանջում է մեծ գիտելիք, հմտություն և շարունակական ուսուցում։ Այն օգնում է ուսանողին հասկանալու և կիրառելու բարդ կոնցեպտներ, ինչը հիմք է դառնում փորձառու բժիշկ դառնալու համար։

Ալլան փոքր տարիքից է երազել դառնալ բժիշկ՝ հոր օրինակով. «Համալսարանի հարցում ընտրությունը բարդ չի եղել, ընտրեցի Հայաստանում գործող բժշկական ոլորտի առաջատար բուհը, որից ստացած գիտելիքն առավելագույնս կկարողանամ կիրառել ապագայում։ Ուսումնական գործընթացը բավականին հետաքրքիր է, դրա մեջ մեծ դեր է խաղացել նաև մոդուլային ուսուցման անցնելը, որն ավելի հեշտացրեց և հետաքրքրացրեց առարկաները տարբեր անկյուններից ուսումնասիրելը։ Բուհում, բացի դասերից, փորձում եմ առօրյաս լցնել նաև արտաուսումնական խմբակներով, որոնք էլ ավելի են կատարելագործում գիտելիքս, և կարծում եմ դա ապագայի լավագույն մասնագետ լինելու գրավականներից է»,-նշում է նա՝ ընդգծելով՝ եթե ուսանողն իրոք հետաքրքրված է իր մասնագիտությամբ, ապա բուհում շատ հնարավորություններ կգտնի կատարելագործվելու և ապագայում մրցունակ լինելու համար։

Ալլան նաև «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի կոնֆերանսների կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում, ինչպես նաև օգնում է գործնական դասերում: Նա գիտական ընկերության անդամ է և 2021 թ. կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզակիր:

Ուսումնառության ընթացքում ամեն դժվարության բախվելուց հիշում է, թե ինչպես է յուրաքանչյուր հաղթահարված արգելք մոտեցնում իր նպատակին. «Կարծում եմ դժվարություններն այն աստիճաններն են որոնց վրա կանգնելով ենք կերտում մեր լավագույն տարբերակը, եթե դժվարություն չկա ուրեմն ինչ-որ բան ճիշտ չէ։ Ուսումնառությունը միայն գիտելիք ձեռք բերելը չէ, այլև ինքնակերտման գործընթաց, որտեղ ամեն փորձություն դառնում է հիմք՝ ավելի վստահ և կայացած անհատ լինելու համար»։

Խոսելով դասախոս-ուսանող փոխհարաբերության մասին, ապագա բժիշկը ընդգծում է՝ լավ ուսուցիչը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև կրթում է մարդկային հատկանիշներ. «Ինձ այդ հարցում հաջողակ եմ համարում, քանզի իմ դասախոսները կարողացել են արդարացնել իմ պատկերացումները, նրանք միշտ պատրաստ են աջակցել յուաքանչյուր հարցում և դեր ունեն արժեհամակարգի ձևավորման համար: Եթե չընտրեի այս ուղին՝ կփորձեի ինձ այնպիսի ոլորտում, որը կապված կլիներ մարդկանց առողջության և բարեկեցության հետ՝ համատեղելով նորարարական տեխնոլոգիաների հետ»։

Հերացիականը նեղ մասնագիտության ընտրության հարցում դեռ չի կողմորոշվել: Այժմ փորձում է ուսումնասիրել տարբեր ոլորտներ, և ապագայում կընտրի այնպիսի մասնագիրություն, որը կհամատեղի անձնական ցանկությունն ու մարդկության կարիքները։
«Բժշկական կրթությունը պահանջում է ոչ միայն անդադար սովորել, այլ նաև ցուցաբերել նվիրվածություն ընտրած ուղու նկատմամբ։ Պետք է չվախենալ հարցեր տալուց, նորն ուսումնասիրելուց և սխալներ թույլ տալուց՝ քանի դեռ հնարավոր է»,-ամփոփելով խոսքը նշում է ԵՊԲՀ սովորողը։