Կարևորելով կանխարգելելի վնասվածքների կրճատումը

Կարևորելով կանխարգելելի վնասվածքների կրճատումը

Ամեն տարի մայիսի 20-ին ամբողջ աշխարհի բժիշկները, ովքեր մասնագիտացված են վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում, նշում են իրենց մասնագիտական տոնը:

Անդրադառնալով թեմային`  «Հերացի» վերլուծականը փաստում է, որ վնասվածքաբանությունը բժշկության հնագույն ոլորտներից է։

Հնագետները մինչ օրս գտնում են տարբեր հարմարանքներ և գործիքներ, որոնք օգտագործվել են հին ժամանակներում` կոտրվածքների և տեղաշարժերի բուժման համար:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեռևս հին արձանագրություններում, մասնավորապես Հիպոկրատի «վնասվածքների մասին» և «հոդերի մասին» աշխատություններում: Իհարկե, այդ օրերի և մեր օրերի մեթոդներն ու հնարավորություններն անհամեմատելի են, բայց բժիշկների առաքելությունը նույնն է`  օգնել մարդկանց չվնասելով նրանց:

Հին Հունաստանում առաջին անգամ օգտագործվել է նաև «վնասվածքաբանություն» տերմինը, որը բառացիորեն նշանակում է «խեղման վարդապետություն»։  Այսպես էր կոչվում բժշկության այն ճյուղը, որն ուսումնասիրում էր հյուսվածքների և օրգանների տրավմատիկ վնասվածքները։

Բժշկության մեջ բոլոր մասնագիտությունները կարևոր են, բայց վնասվածքաբանությունն այն ոլորտն է, որտեղ բժիշկները երբեք անգործ չեն լինում: Մեր օրերի կյանքի արագընթաց ռիթմը` տարբեր վնասվածքների ռիսկով, բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներով և կենցաղային վնասվածքներով, յուրաքանչյուրին վտանգի տակ է դնում:

 Եվ առաջինը օգնության են հասնում բժիշկ-վնասվածքաբանները, ովքեր օր ու գիշեր կատարում են իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքը:

Ի վերջո, նրանք անընդհատ բախվում են բազմաթիվ և բազմապիսի վնասվածքների, երբեմն շատ ծանր, բայց միշտ փորձում են հաղթող են դուրս գալ վնասվածքների դեմ պայքարում:

Վնասվածքաբան-օրթոպեդի մասնագիտական օրը կարևոր առիթ է նշելու վնասվածքաբանների նվիրվածությունն ու փորձը, ովքեր անխոնջ աշխատում են կյանքեր փրկելու ուղղությամբ:

Սա նաև լավ առիթ է կրթելու, քարոզելու և հասարակությանը ներգրավելու կանխարգելելի վնասվածքների կրճատման և ամբողջ աշխարհում վնասվածքների խնամքի համակարգերի բարելավման գործում:

Անհատների, համայնքների և կազմակերպությունների մասնակցությունը երաշխավորում է այս մեծ օրվա հաջողությունը:

Շնորհավորում ենք բոլոր վնասվածքաբան-օրթոպեդներին մասնագիտական օրվա առթիվ: