«Վիրաբուժության արդիական խնդիրներ և լուծման ուղիներ» կոնֆերանս` նվիրված պրոֆեսոր Վիկտոր Ափոյանի 95-ամյա հոբելյանին

«Վիրաբուժության արդիական խնդիրներ և լուծման ուղիներ» կոնֆերանս` նվիրված պրոֆեսոր Վիկտոր Ափոյանի 95-ամյա հոբելյանին

Մայիսի 29-ը հայ վիրաբուժության հիմնասյուներից մեկի` պրոֆեսոր, Վիկտոր Թադևոսի Ափոյանի ծննդյան օրն է։ Ականավոր բժիշկ-գիտնականը, դասախոսը կդառնար 95 տարեկան։

Պրոֆեսոր Ափոյանի աշակերտների նախաձեռնությամբ և ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի առաջարկով է մայիսի 31-ին անցկացվում «Վիրաբուժության արդիական խնդիրներ և լուծման ուղիներ» կոնֆերանսը, որը, համալսարանական հարկի ներքո համախմբելով առաջատար վիրաբույժների, նվիրված է մեծանուն ուսուցչի հիշատակին և խորհրդանշում է մեծ հարգանք նրա գիտական և գործնական աշխատանքների, անցած ուղու նկատմամբ։

«Ուրախ եմ ողջունել ձեզ մայր բուհի տանիքի ներքո: Ինձ համար, անշուշտ, մեծ պատիվ է վիրաբուժական արդի խնդիրներին նվիրված կոնֆերանսին մասնակցելը, որն առանձնահատուկ կերպով նվիրել ենք մեծանուն վիրաբույժի ծննդյան 95-ամյակին: Վստահ եմ, որ կոնֆերանսը կանցնի շատ առարկայական քննարկումներով, կունենա արգսաբեր արդյունքներ: Մի քանի խոսքով կցանկանայի հիշատակել մի մարդու, ով դահլիճում ներկա շատերի ուսուցիչն էր, ով կերտել է ակադեմիական վիրաբույժին հարիր բացառիկ կերպար: Տարիներ շարունակ, անկախ բազմաթիվ առողջական խնդիրներից, անկախ իրավիճակներից, նա ծառայել է մեր ժողովրդին՝ որպես վիրաբույժ, որպես ուսուցիչ, որպես դպրոց կերտող անձնավորություն»,- ամբողջ կյանքը վիրաբուժությանը ծառայած մեծանուն բժշկապետի մասին խոսք հղեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ընդգծելով, որ ներկաներից շատերն են վայելել պրոֆեսորի խորհուրդները, նրա կողմից ձևավորված մոտեցումները: Ռեկտորի գնահատմամբ` դժվար է պատկերացնել ավելի լայնածավալ և ավելի մեծ հնարավորությունների տեր վիրաբույժ, քան Վիկտոր Ափոյանն էր:

«Անկախ իր բացառիկ ինտելեգենտ կեցվածքի, նա աչքի էր ընկնում իր բժշկական խիզախությամբ, բոլորդ քաջատեղյակ եք այդ առասպելական երևույթից, երբ նա կարող էր իր վրա վերցնել ոչ միայն իր, այլև իր գործընկերների հետ կապված բժշկական տարբեր իրավիճակներին առնչվող պատասխանատվությունը: Իմ հիշողություններում Վիկտոր Թադևոսին մնացել է որպես վիրաբույժի բացառիկ կերպար, որին ձգտելը շատերիս համար, կարծում եմ, դեռևս երկար աշխատանքի ճանապարհ է: Այս մարդիկ իր ժամանակների հերոսներն էին և ,ցավոք, չեմ կարող հպարտությամբ ասել, որ մենք այսօր կարողանում ենք կերտել այդպիսի սերունդ, որը կտա Ափոյան, Մալխասյան, Սարուխանյան: Այնուամենայնիվ, այսօրվա կոնֆերանսը, որն իր աշակերտները և, մասնավորապես, պրոֆեսոր Ստեփանյանն իր ջանքերով է կազմակերպել և նվիրել իր ուսուցչին, կարող է ևս մեկ ուղերձ հաղորդել մեր երիտասարդներին, որոնք իրենց ապագան տեսնում են  այդ վիրաբուժական կերպարի մեջ»,-նկատեց Արմեն Մուրադյանը` հիշելով, որ 83 տարեկանում, ավարտելով երկրային կյանքը, պրոֆեսոր Ափոյանը հիվանդանոցում դեռևս իրեն սպասող պացիենտներ ուներ:

«Երբեք չեմ մոռանում իր բացառիկ դերակատարումը իմ՝ որպես կլինիցիստ, ձևավորման մեջ, բացառիկ մոտեցումները, համեստությունը և միևնույն ժամանակ, լայնախոհ և խիզախ վիրաբույժի կեցվածքը: Հիշատակը վառ մնա, հիշատակի լավագույն ձևաչափը աշակերտների կողմից ձևավորված նոր դպրոցներն են»,- ասաց բուհի ղեկավարը` ընդգծելով, որ բժիշկների կերտման գործում կարևորագույնը հարգանքի ընկալման ամրապնդումն է:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը հայտնեց, որ ամբիոնի առաջարկով և ռեկտորի համաձայնությամբ բուհում Գիտական խորհրդի հաստատմամբ սահմանվել է Վիկտոր Ափոյանի անվան կրթաթոշակը:

«Այսօրվա միջոցառումն անցկացվեց ամբիոնի առաջարկով և ռեկտորի, վարչակազմի ջանքերով: Մենք երկար մտածում էինք, թե ինչպես թողնել մեր ուսուցչի անունը սերունդների հիշողության մեջ, որպեսզի նա չմոռացվի, իր մասին հիշեն, և որոշեցինք նախաձեռնել այս ուսանողական կրթաթոշակը: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հետ պարբերաբար անցկացվող միջոցառումները թույլ կտան այդ քայլը կատարել և հիշողության մեջ պահել մեր նշանավոր վիրաբույժների, ուսուցիչների անունները, որպեսզի կոնֆերանսի յուրաքանչյուր մասնակից իմանա նրանց մասին»,- շեշտեց պրոֆեսոր Ստեփանյանը` հակիրճ, բայց բովանդակալից ներկայացնելով հոբելյարի կենսագրությունը, անցած աշխատանքային ու գիտական ուղին:

Ցուցադրվեց մոտ երկու րոպե տևողությամբ տեսանյութ, որը 1990-ականներին վիրահատարանում, հիվանցանոցային միջավայրում նկարահանել է հենց Ստեփանյանը, Վիկտոր Ափոյանի կողքին բազմաթիվ այլ անվանի վիրաբույժներ են, նրան աշակերտողներ: Այդ եզակի տեսանյութը, ինչպես նաև արխիվային հարուստ լուսանկարները ներկաներին հնարավորություն տվեցին ևս մեկ անգամ հիշել արժանի մարդուն, վիրաբուժության մեջ իր մեծ հետքը թողած գիտնականին: 

«Նա ապրեց շրջապատված իր աշակերտներով` հարգանքի մեջ, մինչև կյանքի վերջին օրը»,- մեջբերեց Սուրեն Ստեփանյանը:

Վիկտոր Ափոյանը բժշկական կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: Մոսկվայում իրականացրած գիտահետազոտական աշխատանքից հետո 1963թ. նրա բժշկական, գիտական, մանկավարժական գործունեությունն ամուր կապված է եղել վիրաբուժության հետ: 1963-1979թթ. աշխատել է Բժիշկների կատարելագործման ինստիտուտում` հասնելով պրոֆեսորի կոչման: Իսկ այնուհետև՝ 1979-1998թթ. , ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության N2 ամբիոնը, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան։ 1998թ.-ից մինչև մահը եղել է այդ ամբիոնի պրոֆեսորը: 1973-1974թթ. Վիկտոր Ափոյանը Երևանի գլխավոր վիրաբույժն էր, և 1982-1984թթ.` Հայաստանի Հանրապետության գլխավոր վիրաբույժը: Հեղինակել է ավելի քան 200 գիտական աշխատանք: Նրա կատարած մի շարք վիրահատություններ եղել են առաջինը մեր երկրում: Կոչումով բժիշկը մահացել է 2013 թվականի փետրվարի 18-ին՝ 83 տարեկանում:

Հիշատակի խոսքեր հղեցին Վիկտոր Ափոյանի կրտսեր կոլեգաները` բժշկագիտության անվանի ներկայացուցիչներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արիստ Ղազարյանը, ԵՊԲՀ անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Մելքոնյանը, Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Կուրղինյանը:

Ելույթներն արտացոլում էին ջերմ հիշողություններ նրա կլինիկական գործունեությունից, կյանքից: Պատմություններ, դրվագներ, որոնք կարմիր թելով ընդգծում էին Վիկտոր Ափոյանի մարդկային ու մասնագիտական հատկանիշները, հարգանքը իր ուսուցիչների հանդեպ, նվիրումը, սերը վիրաբուժության հանդեպ:

Կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարկավագյանի՝ «Պնևմոնէկտոմիայից հետո աջ գլխավոր բրոնխի ծայրատի տրանսստերնալ տրանսպերիկարդիալ օկլյուզիան բրոնխոպլևրալ խուղակի կապակցությամբ» թեմայով զեկույցով մեկնարկեց հավաստագրված կոնֆերանսի երկրորդ մասը:

Մոտ երկու տասնյակ գիտապրակտիկ թեմաներն ընդգրկում են այնպիսի վիրաբուժական ուղղություններ, որոնցով աշխատել, վիրահատել է Վիկտոր Ափոյանը:

Հաջորդիվ, ներկայացվելու են վիրաբուժության տարբեր ուղղություններին վերաբերող զեկուցումներ հանրապետության առաջավոր կլինիկաների փորձառու մասնագետների կողմից, նաև կհնչեն զեկուցումներ Հայաստանի վիրաբուժության նորությունների, առաջին անգամ կատարված միջամտությունների մասին: