Բժշկական բուհի կազմում գործող քոլեջի 214 շրջանավարտ այսօր ստացել է ավարտական վկայականներ։
Քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը, շնորհավորելով և բարի երթ մաղթելով շրջանավարտներին, կարմիր դիպլոմով ավարտած շրջանավարտին ավարտական փաստաղթուղթը հանձնելու համար բեմ հրավիրեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։
Նա, ողջունելով ներկաներին, շրջանավարտներին շնորհավորեց ավարտական քննությունները բարեհաջող հանձնելու և սպիտակ բանակի կազմը համալրելու առթիվ. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ։ Դուք ավարտում եք մի համալսարանի քոլեջ, որը ոչ միայն կրթություն է տալիս, այլև առանցքային սոցիալական պատասխանատվություն է կրում ժողովրդի առջև իր դերակատարումով, սոցիալական կեցվածքով։ Տասնյակ տարիներ, արդեն շուրջ մեկ դար, ամուր կանգնած լինելով մեր ժողովրդի, մեր պետականության թիկունքին՝ այս համալսարանը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև շուրջ 40 երկրում, որտեղ աշխատում են մեր շրջանավարտները։
Այսօր մեր համալսարանում սովորում է 34 երկրից ավելի քան 2000 արտասահմանցի ուսանող, իսկ մեր քոլեջը համալսարանի վերջին տարիների ամենաակտիվ, ամենադինամիկ, արագ զարգացող կառույցներից մեկն է։ Թվային ցուցանիշներով, եթե վերցնենք վերջին 4-5 տարին, գրեթե 400 տոկոսանոց աճ է գրանցել այս կառույցը։ Այն այսօր ամենապահանջված կառույցներից է, ամենաբարձր մրցույթն է գրանցվում բոլոր քոլեջների և բժշկական հաստատությունների մեջ։ Սա փաստ է, և այդ տվյալների առանցքում դրված է սերունդների աշխատանքը։ Սա անհնար կլիներ անել միայն մեկ վարչակազմով»։
Ռեկտորը կարմիր դիպլոմը հանձնեց Ատամնատեխնիկական գործ ֆակուլտետի ուսանող Անի Ստեփանյանին։
Այնուհետև դիպլոմներ հանձնվեցին բոլոր ավարտողներին:
Նշենք, որ բժշկական համալսարանի քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է:
Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով։