ESOT-ը մշտապես համախմբում է օրգանների փոխպատվաստման ոլորտի առաջատար մասնագետներին ողջ Եվրոպայից և աշխարհից։
2025 թվականի հունիսի 29-ից հուլիսի 2-ը Լոնդոնում կայացավ ESOT 2025 (European Society for Organ Transplantation) միջազգային կոնգրեսը։
ESOT կոնգրեսին Հայաստանից մասնակցել է ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, տրանսպլանտ վիրաբույժ, լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատոր Հայկ Վաչագանի Հարությունյանը։
Նա հանդես է եկել գիտական զեկուցմամբ՝ էլեկտրոնային պոստերի ձևաչափով, ինչպես նաև մասնակցել է կոնգրեսի շրջանակում անցկացված լյարդի բիոպսիայի մաստեր-կլասին։ Մասնագիտական դասընթացը ներառված էր կոնգրեսի կրթական ծրագրում և ուղղված էր լյարդի փոխպատվաստումից առաջ և հետո կատարվող բիոպսիոն հետազոտությունների կատարելագործմանը։
Դասընթացի ընթացքում քննարկվել են լյարդի բիոպսիայի ժամանակակից ցուցումները, տեխնիկական նրբությունները, բարդությունների կանխարգելումը, ինչպես նաև հյուսվածքաբանական գնահատման առանձնահատկությունները։
ESOT 2025 կոնգրեսին մասնակցությունը կարևոր նշանակություն ունի օրգանների փոխպատվաստման միջազգային փորձի փոխանակման, գիտական համագործակցության խորացման և Հայաստանի փորձի ներկայացման գործում։
Ի դեպ, ESOT կազմակերպության խորհրդի առաջիկա ընտրություններում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանը ներկայացնելու համար առաջադրվել է բժիշկ Հայկ Հարությունյանի թեկնածությունը, ինչը, անշուշտ, կարևոր քայլ է՝ եվրոպական օրգանների փոխպատվաստման բարձրագույն հարթակներում Հայաստանը ներկայացնելու համար։